Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ կսատարի Գյումրու քաղաքապետը ԱԺ ընտրություններում․ Սամվել Բալասանյանի պարզաբանումը

Մայիս 12,2021 11:33

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն երեկ հարցազրույց էր տվել Aravot.am-ին՝ խոսելով Գյումրու զարգացման ծրագրերից՝ փողոցաշինությունից, բնակարանաշինությունից, նոր ներդրումներից, զբոսաշրջության ոլորտում նկատվող ակտիվությունից։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ քաղաքապետը պատասխանել է նաև շատերին հետաքրքրող քաղաքական հարցի։

Aravot.am-ը Սամվել Բալասանյանից, որն անկուսակցական է և այս պահին զբաղված է Գյումրու հոգսերով, հետաքրքրվեց, թե սատարելո՞ւ է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող որևէ քաղաքական ուժի, ունի՞ նման մտադրություն, դիրքորոշում։

«Հստակ հրամանագրով հունիսի 20-ին լինելու են ընտրություններ, և ես՝ որպես քաղաքապետ, պարզ է, որ պետք է կարողանամ հավուր պատշաճի կազմակերպել ընտրությունները, որովհետև դա մեր պարտականությունն է։

Իսկ ինչ վերաբերում է ձեր հարցին, թե ինչ դիրքորոշում ունեմ, դուք արդեն ասացիք, որ ես ապաքաղաքական քաղաքապետ եմ, որևէ կուսակցության հետ կապ չունեմ։ Ես որպես քաղաքապետ՝ մեկ ձայն ունեմ, և այդ մեկ ձայնով իմ դիրքորոշումը կարտահայտեմ հունիսի 20-ին։

Սա կլինի իմ դիրքորոշումը, իհարկե, եթե մի օր առաջ ինձ տայիք այս հարցը, ես կպատասխանեի՝ դեռ ընտրություններ չկան, որ ես ասեմ իմ դիրքորոշումը, բայց քանի որ արդեն հստակ է, հունիսի 20-ին ընտրություններ են լինելու, խոսեցի այդ մասին։

Իմ պարտականությունը կլինի այդ ընտրությունները կազմակերպել՝ նորմալ և իհարկե, բնակչությանը հորդորել, որպեսզի ակտիվ մասնակցություն ունենան երկրի համար կարևորագույն համապետական ընտրություններին»,-ասաց Սամվել Բալասանյանը։

Իսկ Ձեր աշխատակիցների մասով ի՞նչ կասեք, ի՞նչ դիրքորոշում ունեն նրանք՝ հարցին ի պատասխան էլ ասաց. «Իմ աշխատակիցներն ազատ են իրենց ընտրության հարցում։ Իհարկե, եթե կլինեն մարդիկ, որոնք կաշխատեն ընտրատեղամասերում, թեկուզ իմ անձնակազմից, բնականաբար, նրանք պետք է այնպես աշխատեն, որ քաղաքապետարանի աշխատանքը չտուժի, խնդիրներ չլինեն, որովհետև ինձ համար հիմա շատ կարևոր է Գյումրի քաղաքի ծրագրերն իրականացնել ճիշտ ժամկետում, քանի դեռ լավ եղանակ է։ Ընտրություններ կլինեն, կանցնեն, բայց մենք քաղաքը պարտավոր են կառուցել, իմ խնդիրը հենց դա է՝ քաղաքը կառուցելը»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Գյումրու համայնքապետարանի ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31