Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում կկառուցվի էկո-քաղաք․ ներդրողն ԱՄՆ-ից է

Մայիս 11,2021 21:21

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր Aravot.am-ին տված հարցազրույցում տեղեկացրեց, որ Գյումրիում կկառուցվի էկո-քաղաք, ներդրողը Նյու Յորքից է՝ Թոդդ Ֆաբաքերն է, որը ներկայացնում է «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերությունը։

«Շատ հետաքրքիր ծրագիր ենք անելու, առաջիկայում ավագանու քննարկման ենք ներկայացնելու, չեմ ուզում փակագծերը շատ բացել, բայց Նյու Յորքից եկած Թոդդ Ֆաբաքերը ուզում է էկո-քաղաք սարքել։ Բնականաբար, մենք ամեն ինչ պիտի անենք, որ այդ մարդը գա, քաղաքը սարքի։ Մի լավ տարածք ունենք, որը ավագանու հաստատելու դեպքում նախնական կտրամադրենք նրան, մինչև իր էսքիզային նախագծերը բերի, կարողանանք հուշագիր ստորագրել։

«Ուռի գունդ»-ի տարածքն է՝ 21 հեկտար է, ինքը դիմում է գրել, տարածք է ցանկացել, մենք մտածել ենք այդ տարածքը տալ։

Իհարկե, ավագանու նիստին Թոդդ Ֆաբաքերը կգա ու կներկայացնի իր ծրագիրը, ավելի ճիշտ կլինի իրենց լսել մանրամասները, բայց ասեմ, որ հիմնադրամ կա, 17 կազմակերպություններ կան։ Աշխատատեղեր, անխոս, կստեղծվեն, այնտեղ կլինեն բնակելի տարածքներ, արհեստներ, արվեստներ, որը համահունչ կլինի մեր քաղաքի մշակույթին։

Հրաշք ծրագիր է, որը քանի տարի է՝ քննարկում ենք, վերջապես կարողացանք գալ ընդհանուր հայտարարի»-ասաց քաղաքապետը։

Գյումրու «Ուռի գունդ» կոչվող տարածքը գտնվում է քաղաքի ծայրամասային թաղամասերից մեկում՝ «Բուլվարային»-ում։ Այնտեղ գտնվել է «Ուռի գունդ» զորամասը, մոտ 12 տարի առաջ հանձնվել է Գյումրու համայնքին։ Այն հատուկ պահպանվող տարածք է՝ ծառապատ, լճերով,այստեղ նախատեսված է կառուցել հանգստի գոտի, վերջին շրջանում ներդրողների հետաքրքրությունը բավական մեծ է։

Հայաստանում Հանրապետությունում առաջին անգամ է կանաչ քաղաքի ծրագիր իրականացվում։ Մեզ հետ զրույցում այսպես ասաց Գյումրի քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։

«էկո քաղաքը պիտի ունենա բոլոր բաղադրիչները՝ և՛ բնակելի, և՛ հասարակական կառույցներ, և՛ լանդշտաֆային ճարտարապետություն պիտի լինի, և՛ արտադրություն, և՛ բիզնես, կարող է լինել նաև գյուղատնտեսություն։ Այս ամենը պիտի կենտրոնացվի, կարող է աղբի վերամշակման ծրագիր իրագործվել, հագեցած լինի արևային վահանակներով։ Հիմնականում պիտի օգտագործվի բնական լանդշաֆտը, որովհետև «Ուռի գնդի» տարածքում աղբյուրներ կան, լճային տարածքներ կան։Ավագանու համաձայնությունը ստանալուց հետո ծրագիրն ավելի կմանրամասնենք»,-ասաց Հենրիկ Գասպարյանը։

Նշենք, որ աշխարհում էկո քաղաքների մեծ մասը կառուցում է Չինաստանը, դրանք համարվում են այսպես ասած ապագայի քաղաքներ, որտեղ ստեղծվում են կյանքի հարմարավետ պայմաններ՝ նորարարական տեխնոլոգիաների ներդրմամբ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Էկո քաղաքի լուսանկարը՝ msk.kprf.ru կայքի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31