Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրովի այցի արձագանքը Սյունիքում

Մայիս 14,2021 23:57

Նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության հովանավորող երկրի՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցից մեկ օր անց իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին թեւակոխեց նոր լարվածության փուլ։ Համենայնդեպս, այդ մասին է վկայում որոշ պաշտոնյաների եւ որոշ լրատվականների տարածած տեղեկատվական-ապատեղեկատվական հոսքը։ Համենայնդեպս, եւս մեկ անգամ հեռախոսային խոսակցության անհրաժեշտություն առաջացավ, որպեսզի «երաշխավոր» ռուսական կողմին ԱԳՆ եւ ՊՆ խողովակներով լրացուցիչ տեղեկացվի, թե ինչ է տեղի ունենում։

Իսկ տեղի է ունեցել այն, որ ինչպես Անվտանգության խորհրդի նիստին հայտարարեց վարչապետ Փաշինյանը, մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սեւ լճի տեղանքում «հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը եւ խորացել մինչեւ 3,5 կիլոմետր, ըստ էության, փորձ են անում պարփակել Սեւ լիճը»: Իրավիճակը վարչապետի կողմից գնահատվեց որպես «առնվազն մերձճգնաժամային, եթե չասենք ճգնաժամային»:

Եվ ուրեմն, ՀԱՊԿ լիիրավ անդամ-երկրի նկատմամբ թշնամական վերաբերմունք ունեցող հարեւան երկրի ուսադիրներ կրող զինված հրոսակների մի խումբ 3,5 կիլոմետր խորությամբ ներթափանցել է, ըստ էության, ՀԱՊԿ պատասխանատվության տարածք։

Անշուշտ, ծիծաղելի կլինի սպասել, թե այդ ՀԱՊԿ-ն որեւէ թթու խոսք կասի Ադրբեջանի հասցեին, գուցեեւ ոչ թթու խոսք էլ չասի, եւ դա «նորմալ» է. չէ՞ որ «Ռուսաստանը մեր դաշնակիցն է, բայց Ադրբեջանը եւ Թուրքիան՝ Ռուսաստանի թշնամիները չեն»։ Առավելեւս, Ադրբեջանը եւ Թուրքիան նաեւ ՀԱՊԿ-ում մեր մնացյալ «դաշնակիցների» թշնամիները չեն, հետեւաբար վաղուց է ուրվագծված մի աննորմալ իրողություն, երբ մենք անդամակցում ենք մի «դաշինքի», որտեղ մենք մեր դիմակայության մեջ ոչ միայն չունենք դաշնակից, այլեւ, ըստ էության, ունենք «դարավոր բարեկամ», որը նույնիսկ կարող է օգտվել մեր դիմակայությունից եւ մեզ «փրկել»։

Համենայնդեպս, ադրբեջանական բեսպրեդելն առնվազն ժամանակագրական առումով հաջորդեց Լավրովի այցին Բաքու։ Այսինքն, այն, որ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության «երաշխավորը» հայ ռազմագերիների հարցում «այնքան էլ» երաշխավոր չէ՝ պարզ էր շատ ավելի վաղ, եւ ՌԴ ԱԳ նախարարի այցի արդյունքներն ընդամենը դա վկայեցին լրացուցիչ։ Սակայն պարզվում է, որ Ադրբեջանի ռեժիմի նկատմամբ նույնիսկ զգաստացնող ազդեցությունն է կորցրել Մոսկվան։ Այդ դեպքում ի՞նչ «երաշխավորի» մասին կարող է գնալ խոսքը։ Եվ ընդհանրապես, ինչի՞ մասին են զառանցում «Ռուսաստանի հետ ավելի խորացված միության» ջատագովները Հայաստանում։

Այս պահին, մայիսի 12-ի ԱԽ նիստի մասին հաղորդագրությունը կարդալուց հետո, իհարկե, առավել հավանական է թվում, որ ռուսական կողմը պատվի հարց կհամարի արդեն ի՛ր համար, որպեսզի «համոզի» Ալիեւի ռեժիմին իրեն հասու միջոցներով վերադարձնել սեփական բաշիբոզուկներին, սակայն ռազմավարական առումով սպառնալիքը չեզոքացված համարելու հիմքեր չկան, եւ չկա ու չի կարող նման դասավորության պարագայում որեւէ երաշխիք, որ նման ցինիկ ոտնձգությունները չեն կրկնվի։ Ավելին, կա համոզվածություն, որ կկրկնվեն, քանզի ուղղակիորեն դրանում շահագրգռվածներ կան, իսկ դրանց դեմն առնելը մնում է չլուծված խնդիր։ Բնականաբար, առաջին հերթին, դա մարդասպան Ալիեւի ռեժիմն է, որը դեռ չի «սթափվել» իր «հաղթանակից», եւ հիմա էլ սիրտը «Զանգեզուրի միջանցք» է ուզում։ Երկրորդն, անշուշտ, նույն ինքը՝ Ռուսաստանն է, որը ձգտում է «փրկել» ողջ տարածաշրջանը, եւ նախընտրական, վատ պետական կառավարման մեքենա ունեցող Հայաստանում մշտական լարվածություն պահելն ուղղակի երազանք է։ Իսկ օրվա ընթացքում մեկ կենտրոնից ուղղորդված ապատեղեկատվության «անատոմիան» վեր է հանում նաեւ երրորդ շահառուին. դա ռեւանշի ձգտողների եւ որոշ, ըստ Լենինի՝ օգտակար ապուշների շարասյուներն են, որոնք չեն խորշում իրենց «հավաքականության» մեջ դիրքավորվել որպես Ռուսաստանի նեոկայսերական շահերի հինգերորդ շարասյուն։

Անկասկած, այս մի «մերձճգնաժամն» էլ կհաղթահարվի, սակայն հարցերը կմնան։ Կմնա նաեւ հարցերի հարցը. ովքե՞ր են մեր «դաշնակիցները» մեր այս դիմակայության մեջ, եւ ո՞ւմ ենք մենք ուզում «խաբել» մեզանից բացի, ի՞նչ է մեզ տալիս այս մեռելածին «դաշինքին» անդամակցելը, որտեղից լավագույն դեպքում մի Լեոպոլդ կատվի մլավոց պիտի ստանանք, մինչդեռ գոյաբանական խնդիր լուծելու հրամայականի առջեւ ենք կանգնած։ Իսկ «դարավոր բարեկամի» հետ երկկողմ հարաբերությունների, այս «պերմանենտ փրկելու» զավեշտի մասին՝ այլ առիթով։

Մյուս կողմից, նման որակի պետական մեքենայի պարագայում լուրջ հարց է, թե որքան հեռու մենք դրանով կգնանք։

Նախ, պետությունը որերորդ անգամ է, որ դրսեւորում է իր անկարողությունը դիմագրավելու թունավոր ապատեղեկատվությանը։ Նաեւ, պետությունը, մասնավորապես, պաշտպանական գերատեսչությունն այդպես էլ չի սովորում, թե պատշաճ կերպով հասարակությանը տեղեկացնելու ձեւը որն է, դրանով իսկ ստեղծելով վակուում, որն արագորեն լցոնվում է ապատեղեկատվական աղբով։ Հասարակությունն էլ, իր կողմից, այդպես էլ չի սովորել զանազանել տեղեկատվության եւ ապատեղեկատվության աղբյուրները մեկը մյուսից, չի պահպանում «մեդիահիգիենան», զոհը դառնալով ամեն մի պարզունակ տեղեկատվական դիվերսիայի։

Այս ամենը եւս մեկ անգամ շեշտում է օրվա հրամայականը. Հայաստանը պետք է կամք եւ ինտելեկտ գտնի իր մեջ եւ դուրս գա այս բարոյաքաղաքական արատավոր շրջանից։ Իսկ դրա համար անհրաժեշտ են պետական կառավարման համակարգի արմատական բարեփոխումներ, անվտանգության եւ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիա եւ ամենօրյա քրտնաջան, պրոֆեսիոնալ աշխատանք բոլոր նրանց կողմից, ովքեր ոչ թե «բանակի հետ են» կամ «Հայրենիքի կողքին են», այլ իրական ազգային շահերի վրա հիմնված անվտանգության մասին պատկերացում ունեն, քանզի աշխարհին նայում են Հայաստանից, ում համար ժողովրդավարությունը եւ մեր պետության ինքնիշխանությունը բացարձակ եւ անքննարկելի արժեք է։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31