Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Ո՞րն է լավ, իմ անվնաս խուճապը, թե՞ իրենց մահաբեր պաշտոնական հաղորդագրությունը»

Մայիս 17,2021 23:03

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Ազատության հրապարակում աշխարհազոր գրվելու կոչով ստորագրահավաք է նախաձեռնել: Այդ առիթով պատասխանելով լրատվամիջոցների հարցերին՝ Հրանտ Բագրատյանն ասաց. «Թշնամին անընդհատ խորանում է մեր սահմաններից ներս: Պայմանական թվեր ասեմ. խորանում են 7 կմ, հետո սկսում բանակցությունները, մի 2 կմ հետ են գնում, արդյունքում մոտ 5 կմ իրենց է մնում: Փաշինյանն էլ ասում է՝ վերջապես համաձայնվեցինք, 2  կմ հետ են գնացել: Աշխարհազոր ձեւավորելով դիմելու ենք պետությանը, ասենք՝ եղբայր, եթե դու չես կռվում, մեզ զենք տուր, գնանք, կռվենք:

Պետությունը չի պաշտպանում մեր հայրենիքը: Մեր բանակը չի կրակում: Մենք հստակ գիտենք, թե ինչ է եղել Սիսիանում: Նրանք բարձունքներին նստել են, ասել՝ Սեւ լճին կարող եք մոտենալ: Ընդամենը սա: Մենք հաստատապես գիտենք, որ երբ Մուրադովը բանակցում էր, ադրբեջանցիները մի քանի դրդապատճառ են բերել: Ասել են, որ եկել կանգնել են այստեղ, որովհետեւ միջանցք են ուզում բացել, ասել են՝ թող Հայաստանը մեզ հետ տա Տավուշի ութ եւ Արարատի մեկ գյուղը՝ Քյարքին, որը հիմա Տիգրանաշենն է: Ընդ որում, խոսք չկա, որ ադրբեջանցիները 90-ականների պատերազմի սկզբին մեզանից վերցրել են Արծվաշենը եւ Նախիջեւանի հատվածում՝ Նոր Զնաբերդը: Նրանք  չեն թաքցնում, թե ինչ են ուզում»:

Հրանտ Բագրատյանը դժվարացավ ասել, թե Աշխարհազորը որքան ժամանակում կարող է կազմավորվել: «Շնորհակալ եմ, մարդիկ գալիս անդամագրվում են: Ամեն օր՝ մի 7, 10, 12 օր, գալու ենք ցուցակագրենք: Հետո գնալու եմ կառավարություն: Եթե ընդունեն, ասելու եմ զենք տվեք:Ես ուրիշ ի՞նչ կարող եմ անել: Վարչապետը Փաշինյանն է, նախագահը՝ Արմեն Սարգսյանը, պաշտպանության նախարարը ինչ-որ անուն-ազգանունով մարդ է: 90-ականների սկզբին եղել եմ շարժման անդամ, հետո՝ վարչապետ: Գնացել՝ կռվել ենք, ու հաղթել ենք: Ես բաներ ասում եմ, ասում են՝ սուտ է, հետո պարզվում է՝ ճիշտ է: Հիմա ես պետություն էլ չունեմ, սահմանապահ զորքերը իմը չեն, որ ասեմ, թե մետր առ մետր ինչքան խորացան: Մեր ժողովրդին դարձրել են վախկոտ, թուրքերից վախենալու սինդրոմ ենք ստացել: Էն թուրքերից, որոնց սատկացնում էինք: Թուրքը մեր անունը լսում՝ փախչում էր:

Ինչ ասացին, սուտ դուրս եկավ: Ասաց՝ մի թուղթ եմ ստորագրել, պարզվեց երկու հայտարարություն է, չորս պրոտոկոլ: Ընդդիմությանն էլ ասում են՝ խուճապ եք տարածում: Եղբայր, ավելի լավ չի՞ ես խուճապ տարածեմ, քան իրենք պաշտոնական սուտ ասեն: Ո՞րն է ավելի լավ, իմ անվնաս խուճապը՞, թե՞ իրենց մահաբեր հաղորդագրությունը, որը ի վերջո վերածվում է կորուստների»,-ասաց Հրանտ Բագրատյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31