Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմակայության հայկական պատ-2: Ինչո՞ւ 1998-ին Կարեն Դեմիրճյանը դաշինք չկազմեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ

Մայիս 22,2021 14:30

Սկիզբը՝ «Առավոտի» 14.05. 2021 համարում

«Առավոտի» զրուցակիցն է ԳԽ եւ ԱԺ նախկին պատգամավոր, 2003-2007 թթ. ՀՀ նախագահի խորհրդական Սեյրան Ավագյանը

– Պարոն Ավագյան, սակայն 98-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականով քաղաքական պայքարը Հայաստանում չթուլացավ:

– Իհարկե, չթուլացավ եւ չի էլ կարող թուլանալ բազմակուսակցական քաղաքական համակարգի պայմաններում: Տեղի ունեցավ շատ ավելի կարեւոր բան` փոխվեց քաղաքական պայքարի օրակարգը: Քաղաքական դաշտը միշտ պետք է ունենա բանավեճի թեմա: Հրաժարականով Հայաստանում սկսվեց փաթեթային լուծման կուրսի մեկնարկման շրջան` նախագահի եւ նրա հետ համախոհ քաղաքական թիմի հրաժարականից հետո սկսվեց նոր իշխանության ձեւավորման փուլ: 1998թ.-ին անցկացվեցին նախագահական ընտրություններ, որին բնականաբար չէր մասնակցում առաջին նախագահը, ինչպես նաեւ նրա քաղաքական թիմից որեւէ մեկը: Իշխանության կողմից առաջադրված էր նախագահի պաշտոնակատար Ռոբերտ Քոչարյանը: Իշխանության կողմից ընտրությունների կազմակերպման բեռը իր վրա էր վերցրել Վազգեն Սարգսյանը: Ընտրությունների արդյունքում ՀՀ նախագահ ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը եւ դրանով փաթեթայինը ձեւակերպվեց` որպես պետության պաշտոնական կուրս:

Ընտրության արդյունքներով ո՛չ երկրորդ տեղ զբաղեցրած նախագահի թեկնածու Կարեն Դեմիրճյանը, ո՛չ երրորդ տեղ զբաղեցրած նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը եւ ոչ էլ մյուսները Լեւոն Տեր-Պետրոսյանի կուրսի պաշտպանությամբ հանդես չեն եկել: Ավելին, մինչեւ 2008 թվականը հանրապետության ընտրություններում կամ անցկացված այլ քաղաքական ակցիաներում նախկին կուրսի պաշտպանության դիրքերից որեւէ այլ շատ թե քիչ ճանաչված քաղաքական կառույց հանդես չի եկել: Քաղաքական պայքարի օրակարգը փոխվել էր:

Ընդդիմության կողմից ամենամեծ ձայներ հավաքած թեկնածուն` Կարեն Դեմիրճյանը ոչ միայն ճանաչեց ընտրությունների արդյունքները, այլ այդ ընտրությունների անցկացման իշխանության թեւի կազմակերպիչ եւ պատասխանատու Վազգեն Սարգսյանի ղեկավարած «Հանրապետական» կուսակցության հետ իր ղեկավարած Հայաստանի ժողովրդական կուսակցությունով դաշինք կազմելով մասնակցեց 1999թ. ԱԺ ընտրություններին եւ տարան անվիճարկելի հաղթանակ: ՀԺԿ-ն դարձավ իշխանության լիակատար եւ լիարժեք անդամ:

– Դեմիրճյանի հաղթանակն այդ ընտրություններում կարո՞ղ էր նշանակել Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական գծի ընտրություն ժողովրդի մակարդակում:

– Կարող էր, եթե Դեմիրճյանը դաշինք կազմեր Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ եւ համատեղ ձեւավորեին գործադիր իշխանություն: Սակայն այդպիսի դաշինքը բացառվում էր, քանի որ Դեմիրճյանը քաջ տիրապետում էր այն տեղեկություններին, թե ինչպես թուրք-ադրբեջանական տանդեմին հաջողվել էր սովետական իշխանության օրոք հայաթափել Նախիջեւանի Հանրապետությունը, ինչպես նաեւ ակտիվ իրականացվում էր այն ԼՂԻՄ-ում: Նա, լինելով փորձառու, հասուն պետական այր, շատ լավ էր հասկանում, որ Ղարաբաղը որեւէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում թողնելը նրա համար կնշանակեր մասնակից դառնալ Ղարաբաղի հայաթափմանը: Նրա ընտրությունը աներկբա էր` իր ղեկավարած քաղաքական թիմով միանալ պետության որդեգրած բազում մարտահրավերներով եւ բարձր ռիսկայնության նոր կուրսի իրականացման ծանր ու դժվարին գործին: Այդ քայլով նա ավելի ամրապնդեց հավատը կուրսի անշրջելիության եւ հետապնդած նպատակների իրականացման հանդեպ: Հայության այս համախմբումը, ուժերի այս մոբիլիզացիան հայկական դիմակայության պատը դարձրեց էլ ավելի ամուր ու անխորտակելի:

– Այսինքն, այլեւս բացառվե՞ց կոմունիկացիաների ապաշրջափակումը եւ հայ-թուրքական հաշտեցումը:

– Ո՛չ, բացառվեց Ղարաբաղը` Ադրբեջանի կազմում որեւէ կարգավիճակով թողնելը: Ինչպես ձեզ հայտնի է՝ հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը տարիներ հետո նախաձեռնեց հայ-թուրքական հաշտեցման մի փորձ: Չնայած այն առանձնացված էր հայ-ադրբեջանական հարաբերությունների կոնտեքստից եւ ղարաբաղյան հարցի կարգավորման հետ ուղղակի կապ չուներ, բայց միեւնույն է՝ հայ ժողովրդի լայն աջակցությանն այն չարժանացավ: Չնայած Հայաստանի եւ Թուրքիայի անուններից հաշտեցման արձանագրությունները երկու երկրների արտաքին գործերի նախարարները ստորագրեցին` Թուրքիայի պառլամենտը այն չվավերացրեց: Չվավերացումը մեկնաբանվեց Ղարաբաղի հարցի չկարգավորված լինելը: Այսինքն, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար Թուրքիան որպես նախապայման է առաջ քաշում Ղարաբաղի հարցի կարգավորումը: Փաստորեն, հայ-թուրքական միջպետական հարաբերությունների կարգավորման հարցում խոշոր տերությունների ներդրած ջանքերը ի չիք դարձնելու համար կիրառվեց հայտնի հնարք` գործադիր իշխանությունը ստորագրում է, եւ օրենսդիրը չի վավերացնում: Այստեղ ուրեմն տողատակեր կան: Սխալված չենք լինի կարծել, որ Թուրքիան հայ-թուրքական հարաբերություններում տեսնում է խնդիրներ, որոնք վավերացման ներկայացված արձանագրերում իրենց տեղը չեն գտել:

Սակայն քաղաքական այն կոնտեքստում, որում ձեւավորվել է փաստաթուղթը, որպես չվավերացման պատճառ Թուրքիան նպատակահարմար է տեսել շեշտել միայն Ղարաբաղի հարցը: Այն մոտեցումները, այն դիրքորոշումները, այն բացահայտ նկրտումները, որ դրսեւորում է Թուրքիան արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում եւ դրանից հետո, պետք է որ հիասթափեցրած լինի բոլոր այն գործիչներին, որոնք համոզմունք են ունեցել, թե Ղարաբաղի հարցի չկարգավորումը միակ խոչընդոտն է հայ-թուրքական բարձր մակարդակի հարաբերությունների կարգավորման համար:

Ինչ վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը, ապա այն պետք է դիտարկել՝ որպես միջպետական հարաբերությունների մի բաղադրիչ: Ապաշրջափակումը կտրել միջպետական հարաբերությունների ընդհանուր կոնտեքստից եւ առանձին փորձել գնահատել այն, թե արդյոք օգուտ կբերի, թե կվնասի պետությանը, հնարավոր չէ: Շատ բան կախված է նրանից, թե կողմերը ունեցած կամ ստեղծվելիք կոմունիկացիաները ի՞նչ գլխավոր նպատակի են ուզում ծառայեցնել: Պետություններից մեկը կարող է հետապնդել մի նպատակ եւ մյուսը բոլորովին այլ: Հետեւաբար, որեւէ երկրի հետ բացելով ճանապարհները, կառուցելով լայնամասշտաբ կոմունիկացիաներ, պետք է հաշվարկել ոչ միայն ձեռք բերվելիք հնարավորություններն ու ակնկալվելիք օգուտները, այլ նաեւ այն սպառնալիքները, որոնք ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ կտրվածքներով կարող են ծանր հետեւանքներ ունենալ, ինչու չէ, նաեւ անդառնալի կորուստներ պատճառել պետությանը:

Հայ-թուրքական հարաբերություններում կա՞ն այնպիսի կնճիռներ, որոնք կարող են վերածվել նման սպառնալիքների: Թվարկենք մի քանիսը`
Ապաշրջափակումով թուրքական եւ ադրբեջանական կապիտալի համար բացվում են լայն հնարավորություններ ազատ մուտք գործել Հայաստանի տնտեսական կյանք եւ դառնալ տնտեսական լծակներ տիրապետող վճռորոշ ուժ: Չէ՞ որ ապաշրջափակման հիմնական հիմնավորումը դա արտասահմանյան ինվեստիցիաներն են: Ինվեստիցիան նաեւ տնտեսական լծակների վաճառք է նշանակում: Թուրքիայի քաղաքական վերնախավը դեռեւս սուլթան Համիդի ժամանակներից վարել եւ առայսօր վարում է հակահայ քաղաքականություն` իր պետական շահը ընկալում է որպես հակադիր Հայաստանի զարգացմանը, հայության համար հայրենիքում բարեկեցիկ կյանքի կառուցմանը: Բոլոր այն հույսերը, որ Թուրքիան բարեփոխվել է, այլեւս առաջվանը չէ` ի դեռեւս եղան, երբ արցախյան 2-րդ պատերազմում նա ցույց տվեց իր իրական դեմքը: Ճիշտ է, Դինքի սպանությանը հաջորդած օրերին Թուրքիայի քաղաքացիների մի հատված դուրս եկան փողոց` «Բոլորս Դինք ենք, բոլորս հայ ենք» լոզունգներով, սակայն դրանից հեռու գնացող եզրակացություններ անողները իրադարձություններից շատ առաջ են ընկել: Փառք ու պատիվ այն լոզունգներով փողոց դուրս եկածներին` նրանք փորձում էին փրկել Թուրքիայի դեմքը, սակայն այդպիսիները Թուրքիայում դեռ շատ քիչ են: Նրանք չեն որոշում քաղաքական իշխանության խնդիրը Թուրքիայում, քանի որ Թուրքիան այսօր Էրդողան է ընտրում:

Ինչ դաժանությամբ էր ադրբեջանա-թուրքական տանդեմը ռմբակոծում քաղաքացիական օբյեկտները, ավերում քաղաքներն ու գյուղերը, կիրառելով արգելված կասետային եւ ֆոսֆորային ռումբեր եւ չխնայելով ծեր ու մանուկ, մշակութային բարձրարժեք օբյեկտներ, թե սրբատեղիներ, ինչ սադիզմով էր վերաբերվում հայ գերիների հետ: Նույն ձեռագիրը, ինչ տեսել ենք 100 տարի առաջ եւ անցած դարավերջին Սումգայիթում, թե այլ հայաշատ բնակավայրերում: Ադրբեջանում այսօր հայատյացությունը պետական ծրագրերով ներարկվում է մատաղ սերնդի եւ երիտասարդության մեջ, որովհետեւ նրանց նպատակները հեռահար են եւ չեն սահմանափակվում Ղարաբաղով: Մեր նպատակը չէ վերլուծել բոլոր այն իրադարձությունները, որոնք մեզ աներկբա բերում են այն կարծիքին, որ Թուրքիայից եւ Ադրբեջանից Հայաստանն ունի լուրջ սպառնալիքներ եւ դրանք երկարաժամկետ բնույթ ունեն եւ նպատակները չեն սահմանափակվում միայն Ղարաբաղով:

– Ուրեմն պետք է սպասել, որ Թուրքիան ու Ադրբեջանը բարեփոխվե՞ն:

– Կբարեփոխվեն, թե չեն բարեփոխվի մեր այս հարեւանները, դա իրենց, իրենց հասարակությունների խնդիրներն են: Այս հարցում մենք մեր անելիքներն ունենք: Իհարկե, Հայաստանը շահագրգիռ է, իր շահերից է բխում հարեւանների հետ բարիդրացիական հարաբերությունների կառուցումը եւ այդ թվում նաեւ զարգացած կոմունիկացիաներ ունենալը: Բայց, որպեսզի այդ ամբողջը ծառայի պետության զարգացմանը, մեր քաղաքացիների համար բարեկեցիկ եւ ապահով կյանքի կառուցմանը, անհրաժեշտ է լուծել մի խումբ խնդիրներ, որով կերաշխավորվի սպառնալիքների չեզոքացումը:

Թվարկենք մի քանի ներքին խնդիրներ, որոնք պարզ ձեւակերպում ունեն, սակայն իրագործումը այդքան էլ հեշտ չէ`

  • Հայաստանի քաղաքական վերնախավում պետական շահին անմնացորդ նվիրված պետական գործիչների խիստ պակաս կա:
  • Հայ չինովնիկական դասը դեռ հեռու է կայացվածության բավարար մակարդակից: Նրա բարոյական կոդեքսը արմատացած չէ:
  •  Փառք ու պատիվ ազգին ու երկրին, անմնացորդ նվիրված հայ ֆիդայից մինչեւ երկրապահ: Դա մեր պատմությունն է, մեր անցյալը: Այսօրվա հայկական գեներալիտետը, բարձր սպայակազմը պետք է համապատասխանեն արդիական չափանիշներին` կրթական եւ մշակութային, դաստիարակվածության ու մարդկային հատկանիշների, կիրթ վարվեցողության եւ այլն: Սպայի պատիվը բարձր ու բարձրարժեք պիտի լինի հասարակության մեջ:
  • Հասարակության լայն շերտերը պետական շահի գիտակցման ցածր մակարդակում են, չկան պետության քաղաքական կյանքին մասնակցության եւ ներգրավվածության ավանդույթներ, քաղաքացիական հասարակությունը դեռ ձեւավորման սկզբնական փուլում է:
  • Հայաստանի աշխատանքի, կապիտալի, հողի շուկաները կայունացած չեն, անվտանգությունն ապահովող սահմանափակումների համակարգերը բալանսավորված չեն:Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
21.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31