Լրահոս
Օրվա լրահոսը

Արտասահմանում գտնվողները կարող են երեխային առաջին դասարան հայտագրել նաեւ «դրսից». ԿՏԱԿ-ի տնօրեն

Մայիս 24,2021 15:48

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանը «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում խոսելով ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելության գործընթացից, նշեց, որ արդեն երրորդ տարին է՝ Հայաստանի Հանրապետությունում կիրառվում է էլեկտրոնային հայտագրման համակարգը, որն առաջին տարին փորձնական եղանակով կիրառվեց միայն Երեւան քաղաքում, իսկ նախորդ տարի արդեն կրում էր համապետական բնույթ:

Նա հիշեցրեց, որ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել, որ հայտագրման համար նախ պետք է ստուգել երեխաների տվյալները stugum.emis.am կայքի միջոցով, որպեսզի հայտագրման ժամանակ ծնողներն ավելորդ խոչընդոտների չհանդիպեն:

«Խոչընդոտները կարող են լինել այսպիսին, որ ծնողի կամ երեխայի փաստաթուղթը կարող է թվայնացված չլինել, ու այդ պարագայում համակարգը չի կարողանա գտնել ծնող-երեխա կապը, եւ թույլ չի տա հայտագրել երեխային առաջին դասարան: Սա արված է մի նպատակով, որպեսզի չարաշահումներից զերծ մնանք»,-նշեց ԿՏԱԿ-ի տնօրենը:

Նրա խոսքով, հունիսի 1-ից կբացվի hayt.emis.am համակարգը, որի միջոցով կկատարվի հայտագրման բուն գործընթացը: Իսկ այն ծնողները, որոնք որեւէ դպրոցի աշխատակից են, կունենան որոշ առավելություն. նրանց երեխաները մինչև հունիսի 10-ը երեկոյան 12-ը կկարողանան հայտագրվել: Նույնը վերաբերում է նաեւ այն երեխաներին, որոնք տվյալ դպրոցում սովորող քույր կամ եղբայր ունեն: Արտակ Պողոսյանն ընդգծեց, որ նման գործընթացին գնալու նպատակը եղել է տարիներով ուսումնասիրված խնդրի լուծման անհրաժեշտությունը:

«Չկա միջանձնային հարաբերությունների պատճառով որեւէ ծնողի մերժելու կամ խրախուսելու գաղափարը, այս դեպքում բոլորը հավասարապես հնարավորություն ունեն փորձելու հայտագրել իրենց երեխաներին այն դպրոց, որտեղ իրենք ցանկանում են: Այստեղ նաեւ լուծվում է լիցենզիաների հետ կապված խնդիրը, որովհետեւ եթե ժամանակին դպրոցները կարող էին չհետեւել լիցենզիայով սահմանված քանակի աշակերտ ընդունելուն, ընդունել շատ երեխաներ եւ հետո ստուգման արդյունքում պարզվեր, որ խախտվել է այդ կարգը, իսկ նախարարությունը կամ տեսչությունը որեւէ կերպ չէր կարողանում լուծել այդ խնդիրը, որովհետեւ ո՞ր երեխային կարող ես ասել, որ քեզ ավել ենք ընդունել, պետք է դուրս գաս դպրոցից, ապա այժմ այս համակարգով ընդունվում են լիցենզիայով սահմանված կարգով աշակերտներ»,-ասաց ԿՏԱԿ-ի տնօրենը:

Նաեւ հավելեց, որ ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելության գործընթացը հնարավոր է կազմակերպել նաև արտասահմանից: Այսինքն, եթե ծնողները բացակայում են երկրից, բայց պետք է իրենց երեխաներին գրանցեն, ապա այդ հնարավորությունը նրանց տրվում է:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31