«Այս տարվա առաջին դասարանցիների հայտագրման խնդիրները սերվերների ծանրաբեռնվածության հետ կապված չեն եղել։ Ցավոք, մենք հաշվի չէինք առել վարքաբանական խնդիրը։ Համակարգի առաջին էջում տեղադրված էր մի հղում, որը հնարավորություն էր տալիս ծնողներին տեսնել դպրոցների ցանկն ու ազատ տեղերը։ Քանի որ նախորդ տարիներին ծնողները հայտագրումը սկսում էին դպրոցի ընտրությունից, այս տարի նույնպես առաջնորդվել են նույն տրամաբանությամբ։ Սակայն այս տարի գործընթացը փոխվել էր․ ծնողը նախ պետք է մուտք գործեր իր անձնական էջ, որտեղ երեխայի անվան տակ հայտնվում էր «Սկսել հայտագրումը» կոճակը, և միայն դրանից հետո կատարեր հայտագրումը։ Փոխարենը շատերը փորձել են հայտագրումն իրականացնել դպրոցների ցանկից, ինչի արդյունքում այնտեղ «Հայտագրել» կոճակը չէր հայտնվում»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը՝ անդրադառնալով առաջին դասարանցիների հայտագրման ընթացքում առաջացած դժգոհություններին, ինչպես նաև այս տարի ներդրված խիստ նույնականացման և նոր գործիքակազմի կիրառմանը։
Նրա խոսքով՝ թեև ուղեցույցներում և վիդեոուղեցույցներում բազմիցս նշվել էր, որ նախ անհրաժեշտ է մուտք գործել անձնական հաշիվ, ապա միայն սկսել հայտագրումը, ծնողները հիմնականում առաջնորդվել են նախորդ տարիների փորձով. «Չնայած նրան, որ ուղեցույցներում և վիդեոուղեցույցներում անընդհատ նշված էր, որ պետք է նախ մուտք գործել համակարգ, այսինքն՝ անձնական հաշիվ, և միայն հետո սկսել հայտագրումը, սովորույթի ուժը շատ ավելի մեծ էր, և ծնողները փորձել են հայտագրումն իրականացնել այդ ցանկի միջոցով։ Այդ ընթացքում մենք մշտապես մոնիտորինգ էինք իրականացնում՝ հասկանալու համար, թե որտեղից է գալիս ծանրաբեռնվածությունը։ Պարզեցինք, որ այն առաջանում էր հենց այդ ցանկի էջի անընդհատ թարմացումից՝ ամեն վայրկյանում գրանցվելով շուրջ 17 հազար թարմացում։ Երբ առաջին էջից հեռացրինք այդ հղումը, համակարգի ծանրաբեռնվածությունը վերացավ, և այժմ այն աշխատում է առանց խափանումների»։
Անդրադառնալով այն դժգոհություններին, թե որոշ դպրոցներում տեղերը սպառվել են ընդամենը վայրկյանների ընթացքում, ԿՏԱԿ-ի տնօրենը նշեց. «Այո՛, եթե ծանրաբեռնվածություն չլիներ, այդ դպրոցներում հայտագրման գործընթացը կտևեր մոտ 30 վայրկյան, որովհետև ծնողն անձնական հաշվից մուտք գործելով այլևս որևէ տվյալ չի լրացնում։ Եթե նախկինում անհրաժեշտ էր մուտքագրել անունը, ազգանունը, հայրանունը և հանրային ծառայության համարանիշը, ապա այժմ այդ քայլերն այլևս պահանջված չեն»։
Մանրամասները՝ տեսանյութում՝ քիչ անց։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

















































