Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլոր քաղաքացիական անձինք եւ ռազմագերիները, որոնք այս պահին գտնվում են Ադրբեջանում, մի քանի պատճառներով պետք է վերադարձվեն

Հունիս 02,2021 21:45

Բաքվում այսօր մեկնարկած երկու հայ ռազմագերիների դատավարության թեմայով առցանց քննարկման ժամանակ հարցին՝ կա՞ տեղեկություն, թե ինչում են մեղադրվում, ինչ ապացույցներ են դրվել հայ ռազմագերիների մեղադրանքի հիմքում եւ քրեական գործում ինչ փաստեր եւ հիմնավորումներ կան, վարչապետի աշխատակազմի մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ՄԻԵԴ-ում ՀՀ շահերի պաշտպանության վարչության պետի պաշտոնակատար Լիանա Քարազյանը պատասխանեց, որ Ադրբեջանի կողմից, համենայն դեպս, եվրոպական դատարանի միջոցով նշված երկու անձերի վերաբերյալ իրենք  հստակ տեղեկություն չեն ստացել:

«Ավելի շատ իրենց կողմից տարվող ընդհանուր քաղաքականությունն է, որով ընդհանրական ձեւակերպումներ են տրվում: Ապօրինի սահմանահատում են հաճախ ասում, տեռորիստական խմբեր ստեղծելու մասին են նշում: Բայց կոնկրետ, թե Լյուդվիգ Մկրտչյանը եւ Ալյոշա Խոսրովյանը ինչում են մեղադրվում, մեզ համար էլ է անհայտ այս մասով»:

ՀՀ ՄԻՊ խորհրդական Սերգեյ Ղազինյանը նույն հարցերին ի պատասխան ասաց, որ աղբյուրն, ըստ էության, նույնն է եւ իրենք նույնպես ունեն այնքան տեղեկություն, որքան  գործընկերները: «Ստացել ենք տեղեկություններ մեդիա մոնիտորինգից, որի շրջանակներում բացի ապօրինի սահմանահատումից եւ ահաբեկչական գործողություններից, նրանք նաեւ մեղադրվում են առաջին արցախյան պատերազմի ընթացքում ադրբեջանցիների նկատմամբ խոշտանգման մեջ: Ընդ որում, տուժողների քանակը տասնյակից ավելի է ըստ մամուլի հրապարակումների: Ստացել ենք տեղեկություններ նաեւ հարազատներից:

Բնականաբար մեզ նույնպես բացարձակ չի հետաքրքրում մեղադրանքի կոնտենտը այն հիմքով, որ բոլորը պետք է վերադարձվեն՝ անկախ Ադրբեջանի կողմից կատարված քաղաքական շահարկումներից: Բոլոր քաղաքացիական անձինք եւ ռազմագերիները, որոնք այս պահին գտնվում են Ադրբեջանում մի քանի պատճառներով պետք է վերադարձվեն»,-ասաց նա:

Արա Ղազարյանը հավելելով՝ թվարկեց մարդու իրավունքի այն բոլոր ակնհայտ խախտումները, որոնք Ադրբեջանը իրականացնում է այս եւ նախորդ բոլոր դատավարությունների ընթացքում: «Բոլոր ապացույցները, որ ստացվում են նման պայմաններում, արդեն իսկ կարող են անարժանահավատ, կասկածելի լինել: Խոսք չի կարող լինել մրցակցային դատավարության, իրավահավասարության մասին: Երբ այս գործերը գնան եվրոպական դատարան, այնտեղից ուզելու են քրեական գործերը: Ադրբեջանը այդ մասին շատ լավ գիտի: Եվ քրեական գործերում, երբ կարդանք, այն, ինչ տեսնում ենք, գործի նյութերում չենք տեսնի: Այսինքն, գործի հրապարակայնությունն է խախտվել՝ բավականին ժամանակ պաշտպանությանը նախապատրաստվելու, իր ուզած պաշտպանը ունենալու հնարավորությունը եւ այլ բազմաթիվ խախտումներ: Բայց արդեն իսկ այն հանգամանքը, որ նրանք գտնվել են ինկոմունիկադո կալանքի տակ, արդեն կասկածի տակ է դնում ողջ դատավարությունը»,- տեղեկացրեց միջազգային իրավունքի մասնագետը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930