Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինքնազոհությունը ինչ փառք կարող է բերել մշտապես առաջին համարի տակ խաղացող հայ ժողովրդին

Հուլիս 30,2021 14:00

Արցախյան պատերազմում հայերի խայտառակ պարտությունը հանգիստ մարսելուց հետո, Թուրքիան փորձում է գործի դնել իր հին ու մշտական մասնագիտությունը՝ փողի միջոցով իրենով անել Արցախում դեռեւս հայերի տիրապետության տակ գտնվող տարածքները եւ մաս-մաս գրավելով տիրանալ նաեւ ողջ Հայաստանին:

Այդ հարցում նրան ընդհանրապես խանգարողներ չկան, ավելին՝ պետական որոշ կառույցների անգործությունը էապես օգնում է դրան հասնելու համար, իսկ նմանատիպ պահվածքի հետեւանքով ժողովուրդը հայտնվել է անորոշության վիճակում եւ չի կողմնորոշվում, թե ինչ քայլեր ձեռնարկի, որպեսզի մի կողմից չխանգարի պետությանը, մյուս կողմից՝ գոնե ինքնապաշտպանական գործողություններ ձեռնարկի:

Փաստացի, Հայաստան երկիրը հայտնվել է այնպիսի ոչ նախանձելի վիճակում, որ ժողովուրդը ոչ մի քայլի չի դիմում, իսկ իշխանությունն ու ընդդիմությունը ջուր առած բերանները, այդ թեմայով ոչինչ չեն ասում ու անում, կարծես երկիրը գտնվում է առօրեական ապահով վիճակում եւ էքստրեմալ քայլերի անհրաժեշտություն չի զգացվում:

Դե, Սահմանադրական դատարանն էլ իր վճիռն արդեն արձակեց, որից անմիջապես հետո իշխանությունն ու ընդդիմությունը ձեռնամուխ են եղել ձեւավորել նորընտիր Ազգային ժողովը, որպեսզի երկիրն ու ժողովուրդը հանկարծ չմնան առանց օրենսդիր իշխանության: Թե հայ- ադրբեջանական ինչ պայմանավորված սցենարներ են գործել եւ գործում ու մոտ ապագայում ինչպիսի զարգացումներ կլինեն, ժողովուրդն անտեղյակ է դրանցից, սակայն մի բան հաստատ է, որ նման պայմանավորվածություններ հավանաբար կան, ավելին՝ նրանց կողմից արդեն մի քանի ուղղություններով սկսվել են լուրջ փոխհրաձգություններ, որոնք շատ նման են հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման եւ լուրջ ծավալներով շարունակման սցենարի:

Արցախի հարցերը դեռ լիովին չավարտած, Ադրբեջանն անցում է կատարում իր ծրագրերի հիմնական փուլի իրագործմանը՝ Հայաստանի վրա հարձակման ծավալների աստիճանական ընդլայնմանը, հույս ունենալով նաեւ, որ նոյեմբերի 9-ի ղազագրից հետո Հայաստանը սրբորեն կատարելու է իր խոստումները՝ ամեն կերպ խուսափել պատերազմական գործողություններից, եթե անգամ դա իր վրա նստի Հայաստանի որոշակի նոր տարածքների հանձնմանը եղբայրական Ադրբեջանին, քանզի հայերը խաղաղությունը հենց այդպես էլ պատկերացնում են:

Փաստացի, Հայաստանն աշխարհին պարզորոշ ցույց է տալիս, որ ինքը խաղաղության եւ ժողովրդավարության աննկուն մարտիկ է, թեկուզ դա իր վրա նստի Հայաստանի տարածքի բավականաչափ մասը (կարեւոր չէ անգամ, թե դրանք ինչպիսի ստրատեգիական տարածքներ կլինեն): Ինչ փույթ, թե Հայաստանը պետությունից կվերածվի թուրքական հերթական վիլայեթի: Գաղտնիք չէ, որ աշխարհը գլոբալացվում է եւ Հայաստանի համար՝ որպես դրան նպաստող առաջամարտիկներից մեկը, ոչ մի արժեք չունեն արդեն հնացած ազգային արժեքները, ուստի կարեւորությունը տալիս են զուտ համամարդկային արժեքներին, քանզի հարափոփոխ եւ կայծակնային արագությամբ առաջ ընթացող աշխարհում արդեն ամոթ է կառչած մնալ նեղ ազգային արժեքներին: Այս կարեւոր հարցում եւս մենք իրավունք չունենք հապաղելու եւ ետ մնալու, քանզի ամենուր եւ ամեն ժամանակ մենք պետք է ոչինչ չխնայենք՝ աշխարհում առաջինը լինելու դափնեպսակին տիրանալու եւ հերթական անգամ աշխարհին ապացուցելու, որ ցանկացած բնագավառում մեր առաջինը լինելու հաջողությունը երբեք չի կարելի համարել պատահական:

Աշխարհը վերաբաժանման մեծ մարտահրավերների առջեւ է հայտնվել, որոնք հղի են բազմապիսի պատերազմների վտանգով եւ ինչու Հայաստանը չլինի առաջինը, որ թեկուզ պետականության կորստի գնով՝ գովերգելով ժողովրդավարությունն ու խաղաղությունը, օրինակ ծառայի համայն մարդկությանը, որի մասին դարեր անց պատմության մատյաններում ոսկե տառերով կգրվի, թե ինչպես հայերն այս հարցում եւս եղան առաջինը, որ զոհելով անգամ իրենց պետականությունը, աշխարհի համար դարձան խաղաղության վարակիչ պատվար եւ եթե անգամ նրանք վերանան աշխարհի վրայից, միեւնույն է՝ նրանց արած գործը մնալու է հավերժ: Ահա, թե ինքնազոհությունը ինչ փառք կարող է բերել մշտապես առաջին համարի տակ խաղացող հայ ժողովրդին…

Չնայած որոշ երկրներ արդեն բարձրաձայնել են, որ ադրբեջանցիները պետք է իրենց զորքերը շատ արագ դուրս բերեն սուվերեն Հայաստանի գրաված տարածքներից եւ թշնամին էլ շատ պարզորոշ հասկանալով, որ իրենք պետք է ոչ բացահայտ, այլ միմիայն լռելյայն՝ մաս-մաս առաջանան ու մաս-մաս էլ տիրեն Հայաստանի տարածքներին, որպեսզի հատկապես նոյեմբերի 9-ից հետո ավելորդ բում չառաջացնեն, այնուամենայնիվ, հայերի վախկոտ պահվածքն Ադրբեջանին մղեց այնպիսի լկտիության, որ արդեն մի քանի օր է՝ նրանք մի շարք ուղղություններով՝ հատկապես Վերին Շորժայի, Երասխի, Կութի …, բացահայտ պատերազմական գործողություններ են սանձազերծել, ինչի արդյունքում արդեն ունենք ծանր վիրավորներ, երեկ՝ զոհեր, եւ անգամ դա մեզ չի լրջացնում ու զգոնացնում:

Մենք չենք հասկանում, որ Արցախի մեծագույն մասի գրավումից եւ դրանք անմիջապես թուրքացումից հետո, նրանք պատերազմը տեղափոխել են Հայաստանի տարածք եւ մաս-մաս տիրանալով նրան, հաջողությամբ՝ առանց արգելքների առաջ են ընթանում: Այս ամենում միայն անհասկանալի է հայերի պահվածքը, քանզի նրանք այս ամենին վերաբերվում են սովորական, կարծես արտառոց ոչինչ տեղի չի ունենում: Այս պահելաձեւը հենց այն հիմքն է, որն Ալիեւին իրավունք է տալիս վայրահաչելու՝ վիրավորելու ողջ հայ ժողովրդին, լկտիաբար բարձրաձայնելով, որ շուտով Սեւանը, Երեւանը եւս կանցնեն իրենց տիրապետության տակ, քանզի ըստ նրա, դրանք արեւմտյան Ադրբեջանի նախկին տարածքներն են…

Փաստացի, թշնամին ոգեւորվելով մեր վախկոտ պահվածքից, աշխարհի աչքին դիվանագիտական շղարշ քաշելով, իր հիմնական եւ վերջին փամփուշտն է փորձում օգտագործել. մեծ փողերով գնել բոլոր վաճառվողներին, որպեսզի նրանց հագցնի խուլ ու համրի լռության զսպաշապիկը, որպեսզի առանց խոչընդոտների շարունակի իր նենգ հարձակումները: Հետո ինչ, որ Հայաստանը մեծ փողեր չունի… Կարծում եմ, որ այս պարագայում եւս լուծում կա. եթե բազմամիլիոնանոց մեր սփյուռքն անգամ զլանա Հայաստանին օգնել համապատասխան ֆինանսական միջոցներով, ապա կարելի է գործի դնել վերջին փամփուշտը. համայն հայությամբ միավորվել եւ եղած միջոցներով հուժկու հակահարված տալ թշնամուն, նրանց վռնդելով որքան հնարավոր է հեռու:

Տարօրինակ է, այս ինչ վախկոտություն է մտել մեր ժողովրդի մեջ, որ հեշտորեն հաշտվում է Ադրբեջանի ցանկացած քայլի հետ: Մի՞թե մեր հոգեբանությունն այնքան է ջարդված, որ մեր պատմությունն էլ ենք մոռացել, թե ինչպես բազմաթիվ անգամներ դասեր ենք տվել հենց նույն թուրքերին՝ բահերով ու փայտերով ետ շպրտելով ու հաղթելով նրանց: Եթե նման ճակատագրական պահերին պետությունն իր պարտավորությունները նորմալ չի կատարում, ապա ժողովուրդը պարտադրված է վերակազմակերպվել եւ իր ուժերով փրկել երկիրը թշնամու ոտնձգություններից ու ազատագրել այն: Այսօր հենց այդ վիճակն է եւ համոզված եմ, որ մեր ժողովրդի մեծագույն իմաստնությունը լիովին բավարար է, որպեսզի ուղղի իր մեջքը եւ արժանի հակահարված տա լկտիացած թշնամուն եւ ճանապարհ հարթի դեպի Արցախի կորցրած տարածքներ: Հայ ժողովուրդն այլ ճանապարհ չունի…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
29.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031