Այսօր կառավարության շենքի առջեւ էին հավաքվել Արցախից տեղահանված բնակիչները: Նրանք կառավարությունից պահանջում էին ապահովել իրենց բնակարանով ու սպառնում իրենց պահանջները չկատարելու դեպքում լքել երկիրը:
Քաշաթաղից տեղահանված, Միջնավան համայնքի քաղաքապետարանի գործավար Մարիամ Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տարբեր հանձնախմբեր են կազմել ու մտել կառավարություն. «Միշտ հուսադրել են, հուսադրել են: Իսկ երեկ կառավարությունը որոշում դրեց քննարկման, ըստ որի՝ 950 տեղահանված ընտանիքներին հիփոթեքով տուն են տալու: Իրականում տեղահանված ընտանիքները 3 անգամ ավելի են, 950 չեն: Որոշումը սկսվում է 2022 թվականի մարտից, բայց ներեցեք, մեզ տներից դուրս են հանում: Մենք չգիտենք երկրի ճակատագիրը ու չգիտենք տեղահանվածներիս կարգավիճակը՝ ո՞վ ենք մենք, ո՞վ: Արցախի հանրապետությունն ասում է՝ համեցեք, բայց ո՞ւր գնանք: Այստեղ հավաքված բոլորս ցավ ու դարդ ունենք՝ զոհ ունենք, անհետ կորած ունենք, վիրավորներ ունենք, ի՞նչ անենք: Մենք այսօր ունենք բնակչուհի, որի ամուսինը 6 անգամ վիրահատվել է, Նորքի 2-րդ զանգվածի օժանդակ դպրոցում են ապրում ամուսիններով, դուրս են անում դպրոցից, ո՞ւր գնան, մի տարի որտե՞ղ ապրի տիկին Օֆելյան»:
Կարդացեք նաև
Ցուցարարներն ասացին, որ կառավարությունը 68 հազար դրամ էր տալիս, հիմա դա էլ չկա, 30 հազար դրամ էլ բնակվարձ են տալիս, որն էլի կոնկրետ ժամկետով է ու այն ավարտվում է:
«Մենք շատ ուզում ենք, որ մեր պետնախարարի՝ պարոն Բեգլարյանի առաջ քաշած խնդիրը՝ Արցախի ճանաչման հարցը լուծվի: Երեւի դրա հետ էլ բոլոր հարցերը կկարգավորվեն: Ի՞նչ է նշանակում այս վիճակը, մենք ոչ մեկին պետք չե՞նք: Ախր մենք 30 տարի վերաբնակիչ ենք եղել, շենացրել ենք այդ հողը: Երբ մենք գնացել ենք, նոր պայման էին առաջարկում եկեք, ձեզ տուն ենք տալիս, կով ենք տալիս: Գնացինք՝ փլատակ տվեցին: Այդ փլատակը հազիվ տուն էինք սարքել, հիմա էլ այսպես: Մենք սպասո՞ւմ էինք պատերազմի, արհավիրքը բոլորիս գլխին եկավ: Մենք գիտենք մեր երկրի կարգավիճակը, բայց ելնելով դրանից մարդկանց շերտավորե՞լ: Չե՛նք ընդունում: Թող կառավարությունից իջնեն պատասխանեն՝ այս լղոզած, սողանցքներով որոշումները վերջ ունենալո՞ւ են, թե՞ չէ: Էլ համբերելու տեղ չունենք»:
Միջնավան համայնքի բնակիչ Կարինե Համբարձումյանն էլ ասաց, որ իր տան անդամները անգամ 68 հազար օժանդակությունը պետությունից չեն ստացել, մերժվել են. «Տան անդամներից մենակ ես եմ ստացել: Դիմում էի, պահանջում էի, փաստաթղթերը ներկայացրել ենք, ասում են՝ որոշում չկա: Հիմա հյուրընկալվել եմ քրոջս տանը, բայց ինչքա՞ն կարելի է: Ես Գյումրիից եմ, վերաբնակեցվել եմ Արցախում, բայց հիմա վեր կենամ գնամ Արցախ, սկի արցախցիներին տեղ չեն տալիս այնտեղ: Երեխաների դպրոցի հարցը այստեղ հազիվ ենք կարգավորել, հիմա էլ երեխաներին վերցնենք ո՞ւր տանենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ





















































