Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջալալ Հարությունյանն ասել է՝ դրանք մերոնք են, չկրակեք». զոհված զինվորի հայրը մանրամասներ ներկայացրեց

Սեպտեմբեր 09,2021 17:33

Զոհված Արթուր Ասրյանի հայր, Արցախի երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների միության նախագահ Արմեն Ասրյանը վրդովված է՝ բանակի ղեկավարության սխալ տեղեկությունների, կամ տեղեկությունների բացակայության պատճառով Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի անհայտ կորած զինծառայողները՝ իրենց երեխաներն, արժանացել են այդ ճակատագրին, հրամանատարական կազմից զոհեր են եղել:

Հիշեցնենք՝ ՊԲ N զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գևորգ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել:

A press conference on the topic of the accusation against the deputy commander, major G. Gevorgyan took place at the Armenia Marriott Hotel of Yerevan, Armenia

Այս առիթով հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Արմեն Ասրյանը մանրամասնեց. «Այդ դիվիզիոնը 44-օրյա պատերազմի ընթացքում հայտնվել էր հակառակորդի դիվերսիոն խմբի ներգործության տակ, որի պատճառով 21 անհայտ կորած զինծառայող ենք ունեցել: Մենք՝ ծնողներս ինքնուրույն հետաքննություն ենք անցկացրել, մանրամասներ պարզել և նաև հասկացել ենք, թե ովքեր են անմիջական պատասխանատուները: Օրերս այդ առիթով մեր դիմումների համաձայն քրեական գործ է հարուցվել, և դիվիզիոնի շտաբի պետ Գևորգ Գևորգյանը ձերբակալվել է»:

Արմեն Ասրյանն ասաց, որ մարտական գործողությունների ժամանակ դիվիզիոնը հիմնական կրակային դիրքեր է զբաղեցրել Հադրութում և Վազգենաշենում. «Այնտեղից կատարել է իր մարտական գործողությունները մինչև հոկտեմբերի 5-ը: Այդ օրը խնդիր է ստացվել երթ կատարել դեպի Հադրութի ուղղություն, այնտեղ մեր ստորաբաժանումները, զորամասերը ծանր վիճակում էին: Դիվիզիոնը, երթ կատարելով Հադրութի շրջանում, զբաղեցրել էր կրակային դիրք՝ Ջրաշխարհ տեղամասում: Սակայն վերադաս հրամանատարության կողմից ՊԲ հրետանու պետի ցուցումի համաձայն՝ նրանք առաջ են շարժվել դեպի Հադրութ, 9-րդ կիլոմետր տեղամաս կա, կրակային դիրքեր են զբաղեցրել: Պարզվել է, որ այդ կրակային դիրքերը զբաղեցրել են հակահարված իրականացնելու համար: Հակահարված իրականացնելու որոշում ընդունողները կոպիտ խախտում են թույլ տվել, քանի որ հակահարվածի համար երեք կարևոր պայման չի ապահովվել. հակառակորդը պետք է կանգնեցված լիներ, բայց այդպես չէր, հակառակորդը չպիտի ունենար մոտակա ռեզերվներ, մենք պիտի ունենայինք բավականին ռեզերվներ, որ իրականացվեր այդ հակահարվածը: Փաստացի բանակի ղեկավարությունը մարտի դաշտ նետեց իր վերջին ուժերը: Մի կարևոր հանգամանք ևս՝ դիվիզիոնի համար այդ տեղանքը լրիվ անծանոթ էր: Այդ ուժերին գլխովին շարքից հանել են: Սա ևս մեկ պատճառ է դարձել հակառակորդի՝ հետագա հարձակման համար: Ո՞վ է սրա պատասխանատուն. իհարկե, բանակի ղեկավարությունը և հակահարվածի որոշում ընդունողները»:

Արմեն Ասրյանը շարունակեց՝ դիվիզիոնը մի կերպ վերադարձել է Ջրաշխարհ տեղամաս, սակայն հրամանատարությունը՝ հանձինս Գենադի Բաղդասարյանի, ցուցում է տվել, թե շատ եք հետ գնացել, դեպի առաջ գնացեք: Ֆիզուլի չհասած Ջուվառլու տեղամասում են դիրք ընտրել: Ըստ Արմեն Ասրյանի՝ հոկտեմբերի 8-9-ին թեժ մարտերի ընթացքում 3-րդ մարտկոցը ԱԹՍ կողմից խոցվել է:

Նա նաև այլ մանրամասներ ներկայացրեց. «Դիվիզիոնի հրամանատարությունը մի քանի անգամ խնդրել էր կողնորոշել, թե որտեղ է հակառակորդը, առաջնագիծը Հադրութի ուղղությամբ, բայց նման տվյալներ չեն ստացել: Իսկ զորամասի կողմից ևս նրանք ինֆորմացիա չէին ստանում, որովհետև զորամասը մասնատված էր: Սա ևս բանակի հրամանատարության ղեկավարման վատ արդյունքն է: Ցաքուցրիվ էին եղած, իսկ զորամասի հրամանատարական կետը, որը պարտավոր է ղեկավարել զորամասի ստորաբաժանումը, գտնվում էր Աղդամի ուղղությամբ: Հստակ ղեկավարում զորամասի կողմից չկար, մանավանդ այն պարագայում, որ հրամանատարների տեղակալներին ուղարկել էին մարտի դաշտ, ո՞վ պիտի ղեկավարեր զորամասը, որի կազմում էր նաև հրետանային դիվիզիոնը: Իսկ կրակային խոցման խնդիրներ անմիջապես դիվիզիոնին տրվում էին ՊԲ բունկերից: Արդյունքում հոկտեմբերի 12-ին երեկոյան՝ դիվիզիոնի դիտակետը, որը կրակային դիրքից մոտ մեկ կմ հեռավորության վրա էր, հեռու մատույցներում դիտարկում է ինչ-որ խմբի շարժ դեպի իրենց կողմը: Զորամասի հրետանու պետը՝ փոխգնդապետ Հայրապետյանը, դիվիզիոնի հրամանատար Թովմասյանը զեկուցում են բանակի հրետանու պետին, որ դեպի մեզ ինչ-որ խմբի շարժ կա, ցանկանում ենք ճշտել՝ ովքեր են: Այդ ընթացքում մինչև խորացված հրամանատարական կետից պատասխան գալը դիվիզիոնի հրամանատարը չի սպասում այդ պատասխանին և հրամայում է կրակային դիրքերին թողնել կրակային դիրքը: Այնտեղից հասցնում են դուրս բերել զինամթերքի կրման մեքենաներ: Այդ ընթացքում խորացման հրամանատարական կետից գալիս է հետևյալը՝ այդ խումբը մերոնք են, նայեք, չկրակեք: Դիվիզիոնի հրամանատարը խիստ կասկածում էր, նորից պահանջում է հրետանու պետից ճշտել, կրկին նույն պատասխանը՝ նրանք մերոնք են: Անմիջապես հրետանու պետը կապ էին պահում խորացված հրամանատարական կետում հրետանու կառավարման կետի հետ, այն անմիջական մարտական կառավարման կետ, որտեղ գտնվում էր բանակի հրետանու պետը՝ Բաղդասարյանը, բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը՝ բանակի ղեկավարության կորիզը: Գենադի Բաղդասարյանի հետ հանդիպել ենք, հենց մեր ծնողների ներկայությամբ ասել է՝ ստանալով այդ զեկույցը մարտական դիվիզիոնից, ինքը զեկուցել է բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանին, ասել, որ կա զորքերի տեղաշարժ դեպի այդ դիվիզիոնի ուղղությունը, խնդրում ենք ճշտել՝ ովքեր են: Ջալալ Հարությունյանի ասելով՝ դրանք մերոնք են, չկրակեք, այդ նույն հրամանը գնդապետ Բաղդասարյանը փոխանցում է հրետանու կառավարման կետ, որտեղից այդ հրամանը փոխանցվում է դիվիզիայի հրամանատարությանը»:

Արմեն Ասրյանը հայտարարեց՝ իրենք ուզում են ներկայացնել, թե իրենք ում են մեղավոր համարում ի պաշտոնե, ով ինչ էր պարտավոր անել և ինչ չի կատարել: Այս առիթով մանրամասնեց. «Սկսենք վերևից, որովհետև Գևորգյանին մեղադրում ենք, ինքն իր մեղքն ունի, բայց այնպես չէ, որ լրիվ ինքն է: Ունենք մեղավորների բուրգ, որի գագաթնակետում է Ջալալ Հարությունյանը իր սխալ տեղեկությամբ»:

Ըստ Արմեն Ասրյանի՝ այդ ժամանակ Հադրութի ուղղությունը այսպես ասած «պռոխոդնոյ դվոր» էր, սխալ տեղեկություններ էին ներկայացնում: Նա վրդովվեց. «Ոչ մի թուրք էլ չեն հանել Հադրութից: Ամսի 11-ին Մելիքաշենը թուրքերը վերցնում են, որտեղ 18-րդ դիվիզիոնի հրամանատարական կազմից զոհեր ենք թողել իրենց: Գենադի Բաղդասարյանի ասելով՝ Ջալալ Հարությունյանն ասել է՝ մերոնք են, չկրակեք: Ինչի՞ այդքան մանրամասներին տիրապետում է՞ր բանակի հրամանատարը, թե որ ձորակով ինչ զորք է անցնում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930