Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրաշարժից հոսանքազրկվել են Գյումրու որոշ թաղամասեր․ մարդիկ դեռ սարսափահար են

Փետրվար 14,2022 00:02

Ժամը 22․25 րոպեին տեղի ունեցած երկրաշարժը մեծ խուճապ առաջացրեց Գյումրիում․ ականատես եղանք, թե ինչպես Անի թաղամասի բազմաբնակարան շենքերից բնակիչները լացելով, օգնություն աղերսող ձայներով վազում էին դուրս։

Ուժգին ցնցումները բնակիչներից շատերին հիշեցրեց 1988 թվականի դաժան երկրաշարժը։ Թվում էր, թե հատակը փախչում է ոտքերիդ տակից, փակվել էին որոշ շենքերի մուտքերի դռները։

«Մուշ» թաղամասի բնակիչներն էլ փաստում են, որ ուժեղ ցնցումների ժամանակ թաղամասը հոսանքազրկվել է, մարդիկ բոլորը դեռ դրսում են (տես լուսանկարում)։

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը, որը եղել էր Գյումրու «Բուլվարային» թաղամասում, գրել էր, որ 9 հարկանի շենքերը կանգուն են, իսկ սա նշանակում է, որ քաղաքում ավերածություններ չեն եղել։
Մենք ԱԻՆ մամլո խոսնակ Աննա Բաղդասարյանից ճշտեցինք, որ Գյումրիում փլուզում չի եղել։

Այդ նույնը փաստեց Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը՝ իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնելով․
«Երկրաշարժը Շիրակի մարզում մեծ ուժգնությամբ զգացվել է Գյումրիում՝ բնակելի շենքերում, ինչպես նաեւ Աշոցքի տարածաշրջանում: Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի փոխանցմամբ` այս պահի դրությամբ արձանագրված փլուզումներ չկան։ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանի փոխանցմամբ` Գյումրիում ևս փլուզման ահազանգեր չեն եղել»։

Պաշտոնական հաղորդագրության,սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:25 -ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրայից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28