Լրահոս
Օրվա լրահոսը

Պարեկներն ապօրինի գծանշումների համար քաղաքացիներ են տուգանում. ահազանգ ոստիկանությանը

Փետրվար 14,2022 14:22

ՀՀ ոստիկանության նորաստեղծ պարեկային ծառայությունը հիմնականում արդյունավետ և ակտիվ ծառայություն է մատուցում, սակայն փաստ է, որ ոչ միշտ հիմնավոր:

Aravot.am-ին դիմած Ա. Թ-ն ահազանգում է՝ իր աշխատանքի վայրի ավտոկայանատեղի հանդիսացող Երևան քաղաքի Ներսիսյան փակուղի՝ Ադոնց 14-րդ շենքի հետնամասի ընդհանուր օգտագործման տարածքում հարակից շենքի բնակիչները կամայականորեն ուղեփակոց են տեղադրել, անտրամաբանական շեղումներով գծանշումներ կատարել, թե իբր որոշ հատվածներում «հետիոտնային անցում» է եւ իրենց իսկ գծանշումների վրա որևէ մեքենայի կայանում նկատելիս անմիջապես ահազանգում են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայություն, վերջիններս էլ, առանց լսելու ավտոմեքենայի սեփականատիրոջ հիմնավորումները, առանց օրինական հիմքերի ստուգման, ուղղակի կազմում են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն՝ տուգանելով 15.000 ՀՀ դրամի չափով:

Մեզ դիմած քաղաքացին եւս բնակիչների կամայականությամբ հետիոտնային անցում դարձած վայրում կայանելու համար տուգանվել է: Նա մեր զրույցում պատմեց, որ իրեն տուգանող պարեկը հայտնել է, որ բնակիչներն են ահազանգել, իսկ գծանշումները կատարված են քաղաքապետարանի կողմից:

Մեր զրուցակցի խոսքով, թեև պարեկը ցուցաբերել է քաղաքակիրթ վերաբերմունք, սակայն ականջալուր չի եղել իր պնդումներին՝ ապօրինի գծանշումների վերաբերյալ և բացարձակապես չի ստուգել դրա՝ օրենսդրությամբ սահմանված կարգով իրավասու մարմնի կողմից կատարված լինելու հանգամանքը, փոխարենն արագ կազմել է վարչական խախտման վերաբերյալ արձանագրություն:

Քաղաքացին իր անհամաձայնությունը ներկայացրել է պարեկային ծառայության պետին՝ բողոքարկելով վարչական ակտը, սակայն, զարմանալիորեն այն թողնվել է անփոփոխ՝ այն պատճառաբանությամբ, որ անձը չի ներկայացրել ապացույց՝ իր իրավացի լինելու վերաբերյալ:

Ավելի կոնկրետ՝ ըստ որոշման տվյալների՝ բողոքը քննարկվել է իրավաբանական բաժանմունքում և վարչական վարույթի արդյունքներով արձանագրվել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43 հոդվածի 1-ին մասի ա կետով՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է անձը՝ նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում, մինչդեռ կողմը հիմնավոր ապացույց չի ներկայացրել:

Հատկանշականն այն է, որ նույն որոշման մեջ հանգամանալից մեջբերվել են նշված խնդրին առնչվող մի շարք նորմատիվ իրավական ակտեր, այդ թվում՝ հետիոտնային անցման սահմանումը՝ «ՃԵԿ անվտանգության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հետիոտնային անցում է համարվում ճանապարհային նշաններով և /կամ / գծանշումներով նշված և օրենսդրությամբ սահմանված կարգով հետիոտների տեղաշարժվելու համար նախատեսված երթևեկելի մասի առանձնացված հատվածը, ինչպես նաև՝ մարմինը ապացույցները գնահատում է իր ներքին համոզմունքով, որը հիմնված է գործի իրենց ամբողջությամբ վերցված բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա՝ ղեկավարվելով օրենքով և սոցիալիստական իրավագիտակությամբ, սակայն, չգիտես ինչու, հենց գծանշման օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված լինելու և օրենքով ղեկավարվելով վարչական ակտ կազմելու հանգամանքն է տվյալ դեպքում անտեսվել:

Ըստ քաղաքացու՝ հետաքրքրական է, որ նույն մարմինն անտեսել է հենց իր կողմից մեջբերած հոդվածի հաջորդող մասն այն մասին, որ «եթե սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված դեպքում վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ տվյալներին (տեղեկություններին) անձը կարող է իրազեկ դառնալ բացառապես տվյալ վարչական մարմնի միջոցով, ապա ապացուցման պարտականությունը դրվում է այդ վարչական մարմնի վրա»:

Մեզ դիմած քաղաքացին գծանշման մասին տեղեկություններ ստիպված է եղել ստանալ հենց ՀՀ ոստիկանությունից, ընդ որում, ՀՀ ճանապարհային ոստիկանությունից հաստատել են, որ նշված հատվածի գծանշումներն իրենց կողմից կատարված չեն, իսկ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից ստացված գրության համաձայն՝ հարցն իրենց լիազորություններից ընդհանրապես դուրս է, ուղեփակոցն էլ բնակիչներն են տեղադրել: Հետևաբար նույն կամայական գծանշումներն էլ նրանք են կատարել:

«Փաստորեն՝ ինչ է ստացվում, կարելի է վերցնել համապատասխան գույնի ներկ և մտքովդ անցած վայրում մոտավոր գծանշումներ անել, իսկ որևէ մեքենայի կայանման դեպքում անմիջապես ահազանգել պարեկային ծառայություն, որն, առանց հիմքերի ստուգման, կկազմի վարչական ակտ ու կտուգանի վարորդին 15.000 դրամ»,- նկատեց մեզ դիմած քաղաքացին:

Վերջինիս խոսքով, ինքն արդեն իսկ դիմել է փաստաբանի ու դատական կարգով բողոքարկելու է նշված անհիմն վարչական ակտը. «Խնդրի բարձրաձայնման նպատակը ոչ թե իրավապահ համակարգին փնովելն է, այլ նրանց օրենքով ընձեռնված հնարավորությամբ ստիպելը ճիշտ և օրինական աշխատել, չէ որ բազմաթիվ այլ վարորդներ չունեն նույն հնարավորությունները փաստաբան վարձելու և օրինական բողոքարկման ընթացք սկսելու, ուստի շատերն ուղղակի տուգանվելու են կամ արդեն իսկ տուգանվել են ու պետությունից գանգատվելով՝ մուծել որոշ մարդկանց կամայականության հետևանքով ծնված վարչական տույժը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28