Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատգամավոր կա, իր կնոջ տանն է ապրում, վարձավճարի փոխհատուցում է ստանում, բա ինչո՞ւ եք տալիս, պատգամավորին կարելի է, զինծառայողին պիտի դատե՞նք». Թագուհի Թովմասյան

Փետրվար 23,2022 19:25

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը քննարկման ներկայացրեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

Գործող օրենքով զինծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց պայմանագրային զինծառայողներին վճարվում է դրամական փոխհատուցում` կառավարության սահմանած կարգով եւ չափերով. «Նշված հոդվածի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ զուտ օրենքի տեսանկյունից այս նորմը նախատեսվել է պայմանագրային զինծառայողներին սոցիալական երաշխիքներ ապահովելու նպատակով: Սակայն, օրենքի կիրառման արդյունքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ: Մասնավորապես՝ զինծառայողները, որոնք տարբեր պայմաններից ելնելով, երբեմն՝ իրենց կամքից անկախ, հաճախ իրենց վարձակալած բնակարանի համար պայմանագիր չեն կնքում: Վարձով բնակվում են այլ վայրում, որեւէ ծանոթ մարդ են գտնում, նրա հետ պայմանագիր կնքում, հարկերն իրենց կողմից վճարում են եւ այդ փաստաթղթերը ներկայացնում համապատասխան հանձնաժողով՝ ստանալով վարձավճարի փոխհատուցում: Փաստացի ստացվում է, որ բնակելի տարածք վարձակալելու համար փոխհատուցում ստացած զինծառայողները իրավական ակտերով սահմանված կարգը պահպանում են, ներկայացնում են նաեւ Կադաստրի կոմիտեից տեղեկանք՝ սեփականություն չունենալու մասին, բացառությամբ այն դրույթի, որ ապրում են ոչ թե պայմանագրի մեջ նշված հասցեում, այլ այնտեղ, որի տան տերը չի կնքել պայմանագիր: Նշված խնդրահարույց դեպքերի հանգամանքները՝ որպես հանցագործության հատկանիշ հիմք են հանդիսացել՝ մի քանի տասնյակ պայմանագրային զինծառայողների նկատմամբ քրեական գործեր հարուցելու»,- նախագիծը ներկայացրեց Թովմասյանը:

Մասնավորապես՝ մինչ օրս կայազորային քննչական բաժիններում քննվել են թվով 81 նման հիմքով քրեական գործեր: Դրանցից 30-ի նախաքննությունն ավարտվել եւ գործերի ընթացքը լուծվել է անհատական մոտեցմամբ, իսկ 51 քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:

Նման դեպքերով քրեական գործերի հարուցումը պարտավորեցնում է պայմանագրային զինծառայողներին քրեական պատասխանատվությունից ազատվելու համար միանվագ վճարել ամիսներ կամ տարիներ շարունակ պետությունից ստացած եւ իրենց կացության համար իրենց հասանելիք սոցիալական վարձավճարները: Դա ծանր սոցիալական պայմաններում զինծառայողների համար անհաղթահարելի դժվարություն է: Ուստի առաջարկվում է թույլ տալ զինծառայողին թեկուզ իրենց բարեկամի տանը ապրել, բայց փոխհատուցումը ստանալ, ինչպես կծախսի այդ գումարը՝ թող ինքը որոշի:

Հիշեցնենք, որ այս նախագիծը հեղինակը շրջանառության մեջ էր դրել ամիսներ առաջ, դեկտեմբերին այն հանձնաժողովում քննարկվեց, այն ժամանակ հորդորեցին հետ քաշել նախագիծը, ՊՆ-ի հետ աշխատել, լրամշակել ու ավելի լավ նախագիծ բերել: Պատգամավորն այդպես էլ վարվել էր, բայց պարզվել է՝ կառավարությունում որոշ մարդիկ դեմ են, ուզում են օգնել ՊԵԿ-ին ու այն քաղաքացիները, որոնք վարձակալությամբ են տալիս իրենց տները ու հարկերը չեն վճարում, բերեն հարկման դաշտ. «Եթե հարկայինը չի աշխատում, չի կարողանում գնա ու բացահայտի, ստացվում է՝ դրա փոխարեն պիտի զինծառայողները դատվե՞ն: Այս ի՞նչ տրամաբանությամբ ենք մենք առաջնորդվում: Սա անընդունելի է»: Ըստ Թովմասյանի, եթե զինծառայողը Կադաստրից տեղեկանք է բերում, որ ինքը, իր ընտանիքի անդամը չունի սեփականություն, սա արդեն հիմք է, որ ՊՆ-ն բնակարանի վարձավճարի փոխհատուցումը տա՝ որեւէ այլ փաստաթուղթ չպահանջելով:

ՔՊ պատգամավորներից մեկը դժգոհեց, թե ինչո՞ւ պիտի բարեկամի տուն ունեցող զինծառայողն ավելի շատ օգտվի, բարձր վարձատրվի, քան մյուսը, որը չունի բարեկամի տուն: Թագուհի Թովմասյանն արձագանքեց. «Եթե զինծառայողի մասով զգացմունքային արտահայտվեցիք, օրինակ, բերեմ՝ պատգամավոր կա, իր կնոջ տանն է ապրում, վարձավճարի փոխհատուցում է ստանում, բա ինչո՞ւ եք տալիս»: Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց՝ որովհետեւ զոքանչի տունն է: Ըստ Թովմասյանի, «այսինքն, պատգամավորներին կարելի է, զինծառայողներին պիտի դատե՞նք, բա բռնենք դատենք, գիտեք ովքեր են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28