Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ռիսկ կա, որ խոսքի ազատության սահմանափակումները կարող են նաեւ իներցիայով մշտական տեսք ստանալ»

Մարտ 07,2022 15:00

«Երեւանի մամուլի ակումբի» նախագահ Բորիս Նավասարդյանը՝ ՌԴ-ում արեւմտյան եւ Արեւմուտքում ռուսական ԶԼՄ-ների արգելափակումների մասին:

«Լրատվամիջոցների արգելափակումներին երկու տեսակետից կարելի է նայել. մի կողմից, այո, ՌԴ-ն փաստորեն արգելափակում է բոլոր այն աղբյուրները, որոնք տրամադրում են իր համար անցանկալի տեղեկություններ, բայց երկրորդ կողմն էլ կա, քանի որ ռուսական մեդիառեսուրսները նույնպես արգելափակվում են արեւմուտքում, դա կարելի է դիտարկել որպես պատասխան քայլ»,-«Առավոտի» հարցին՝ ռուս-ուկրաինական պատերազմական իրավիճակում տարբեր լրատվամիջոցների արգելափակումները ռիսկային չե՞ն խոսքի ազատության առումով, այսպես պատասխանեց «Երեւանի մամուլի ակումբի» (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանը:

Հիշեցնենք՝ Ռուսաստանի տեղեկատվական դաշտը վերահսկող պետական մարմինը՝ «Ռոսկոմնադզոր»-ը սպառնում է արգելափակել «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության Svoboda.org կայքը: Գլխավոր դատախազությունը պահանջում է ուկրաինական պատերազմին առնչվող մի քանի նյութեր հեռացնել։ Ռուսաստանի կառավարությունը նաեւ զգուշացրել է «Ամերիկայի ձայն»-ին իր մտադրության մասին՝ արգելափակել «Ամերիկայի ձայն»-ի ռուսալեզու www.golosameriki.com լրատվական կայքը, եթե այն չհեռացնի Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետ կապված նյութը:

Ըստ Բորիս Նավասարդյանի՝ ընդհանրապես պատերազմական իրավիճակներում տեղեկատվական գործողությունները լիովին աշխարհը չի ընկալել ու չի ուսումնասիրել: Հաշվի առնելով՝ ինչպիսի դերակատարություն ունեն տարբեր տեղեկատվական աղբյուրները, մեդիան, սոցցանցերը, ըստ ԵՄԱ նախագահի՝ դրանք համարյա հավասարազոր սպառազինությունների հետ օգտագործման ազդեցություն կարող են ունենալ գործընթացների վրա: Նա շարունակեց. «Ելնելով այդ իրավիճակից՝ կարելի է սպասել պատերազմող տարբեր կողմերից եւ այն կողմերից, որոնք աջակցում են խաղաղությանը, որ նրանք գնալու են այնպիսի քայլերի, որոնք խոսքի ազատության շատ լուրջ սահմանափակումներ են ներառում»:

Բորիս Նավասարդյանը խոսքի ազատությանը սպառնացող լրջագույն միտումներ է տեսնում. «Հաշվի առնելով, որ պատերազմները վերջերս բավականին հաճախ են եւ արդեն տեղափոխվել են այնպիսի տարածքներ, որոնք չէին ենթադրվում, որ կարող են պատերազմի դաշտ դառնալ՝ Եվրոպա եւ հարակից տարածքներ, արդեն խոսքի ազատության այդ կարգի սահմանափակումները դառնում են համաշխարհային երեւույթ, եւ այդ գործիքակազմը, որ այսօր տեղեկատվությունն արգելելու համար կիրառվում է, կարող է դառնալ համարյա մշտական գործող գործիքակազմ: Այդ ռիսկը կա հատկապես այն պատճառով, որ պատերազմները մեկը մյուսից հետո են տեղի ունենում եւ գնալով ավելի մեծ մասշտաբներ են ստանում: Իներցիայով այդ նույն միտումը կարող է շարունակվել համեմատաբար խաղաղ ժամանակների վրա, որովհետեւ, եթե եւ՚ տեխնիկական, եւ՚ իրավական առումով այդ գործելակերպն արդեն կիրառում են, այն կարող է նաեւ իներցիայով մշտական տեսք ստանալ»:

Հետաքրքրվեցինք՝ եթե դիտարկենք հայաստանյան լրատվադաշտը, մանավանդ քաղաքական ոլորտում միանշանակ չեն դիրքորոշումներն ու տրամադրվածությունը, ապա այս իրավիճակը կարելի՞ է տարածել նաեւ հայաստանյան լրատվադաշտի վրա ռուս-ուկրաինական պատերազմական գործողությունների հետ կապված, Բորիս Նավասարդյանը պատասխանեց. «Առայժմ ոչ, չի տարածվել: Տեսնում ենք, որ ՀՀ լսարանը կարող է ազատ տեղեկություններ ստանալ բոլոր կողմերից: Սակայն այն, որ կոնկրետ երկրներում աշխատող լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակվում է՝ տվյալ դեպքում ՌԴ-ում եւ մասամբ Ուկրաինայում արգելափակումների տակ են գտնվում, այդտեղ արտադրված տեղեկությունները, փաստորեն, արդեն մեզ էլ չեն հասնելու: Եվ այդ առումով տեղեկատվական հոսքերը կարող են սահմանափակվել եւ միակողմանի դառնալ մեր լսարանի համար: Անկախ մեզնից այդ ռիսկը կա, որովհետեւ ռիսկն առաջանում է ոչ թե ՀՀ տարածքում, այլ դրանից դուրս, եւ ամեն դեպքում մանիպուլյացիայի ենթարկումը մեր հասարակությանը, մեր քաղաքացիներին շատ իրատեսական հետեւանք կարող է լինել այս ամենի, մանավանդ, որ ՀՀ-ում էլ ԶԼՄ-ները կարծես թե տարբեր քաղաքական նախապատվություններ ունեն՝ այդ թվում աշխարհաքաղաքական նախապատվություններ, եւ դա արտացոլվելու է նաեւ նրանց գործունեության մեջ»:

Հարցին՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված լրատվամիջոցների լուսաբանումների մոնիտորինգը ի՞նչ է ցույց տալիս, այս առումո՞վ ինչ պատկեր է հայաստանյան լրատվադաշտում, հավասարակշռությո՞ւն են պահպանում, թե՞ պրոռուսական կամ պրոուկրաինական՝ պրոարեւմտյան դիրքորոշում ունեն ԶԼՄ-ները, «Առավոտի» զրուցակիցը պատասխանեց. «Ամեն դեպքում բաժանումն ակնհայտորեն կա լրատվամիջոցների մեծ մասում: Այսինքն՝ հստակ կարելի է տարանջատել պրոռուսական եւ պրոուկրաինական կամ պրոարեւմտյան ԶԼՄ-ներին, բայց քանի որ բոլորը գործում են, դա քաղաքացիներին գոնե հնարավորություն է տալիս ընտրություն կատարել: Ցավոք, դժվար է ՀՀ-ում նշել աղբյուր, որը ցանկանում է հավասարակշռված եւ համապարփակ մշակում անցած, ստուգված տեղեկություններ մատուցել հանրությանը, քանի որ նույնիսկ, եթե կա նման ցանկություն, փաստերի եւ իրողությունների ստուգման հնարավորությունները շատ սահմանափակ են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031