Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք Արցախից տեղահանվածները ՀՀ-ում կարող են փախստականի կարգավիճակ ստանալ

Մարտ 18,2022 23:33

Արցախից տեղահանված քաղաքացիները պարբերաբար բողոքի ցույցերի ժամանակ բարձրացնում են իրենց կարգավիճակի հարցը․ նրանք ՀՀ կառավարությունից պահանջում են իրենց տալ փախստականի կարգավիճակ։ Նրանք նամակով դիմել են Ֆրանսիայի նախագահին՝ ապաստան են խնդրում։

Ամիսներ շարունակ արցախցիները ցույցերի ժամանակ այս նույն հարցն են բարձրացնում, սակայն արդյոք կան հիմքեր նրանց փախստականի կարգավիճակ տալու համար։

Այս խնդրի առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում  ՏԿԵ նախարարության միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանն ասաց՝ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետեւանքով Արցախից տեղահանված եւ Հայաստան ժամանած անձինք չունեն «փախստականի» իրավական կարգավիճակ։ Նա հղում անելով միջազգային կոնվենցիային՝ նշեց, թե որ դեպքում է տրվում կամ չի տրվում փախստականի կարգավիճակ։ Ըստ այդմ, «Փախստականների կարգավիճակի վերաբերյալ» Ժնեւի կոնվենցիայի  1-ին հոդվածի (Ե) կետով սահմանվում է, որ «Սույն Կոնվենցիայի դրույթները չեն կիրառվում այն անձի նկատմամբ, որն այն երկրի իրավասու մարմինների կողմից, որտեղ նա ունեցել է բնակության վայր, ճանաչվել է այդ երկրի քաղաքացիությունն ունենալու հետ կապված իրավունքներ ու պարտականություններ ունեցող»։

Նելլի Դավթյանի խոսքով․«Նշված դրույթը պարզաբանող՝ ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույն հանձնակատարի «Փախստականի կարգավիճակը սահմանող ընթացակարգերի եւ չափանիշների ձեռնարկ»- ի 144-145-րդ պարբերությունների համաձայն՝ «144. Այս դրույթը վերաբերում է այն անձանց, ովքեր կարող էին ընկնել փախստականի կարգավիճակ ստանալու սահմանման տակ եւ ովքեր ընդունվել են տվյալ երկրի կողմից, որտեղ իրենց տրվել է այդ երկրի քաղաքացիներին վերապահված իրավունքների մեծ մասը, սակայն չի շնորհվել քաղաքացիություն: Երկիրը, որն ընդունել է նրանց, հաճախ այնպիսին է, որտեղ բնակչությունն ունի նույն ազգային (էթնիկ) ծագումը, ինչ փախստականներն իրենք»: Նշված կարգավորումները որեւէ կերպ չեն անդրադառնում տեղահանված անձանց սոցիալական խոցելի կարգավիճակի վրա, քանի որ տեղահանված անձիք սոցիալական իմաստով դիտարկվում են որպես «փախստական կարգավիճակի նման իրավիճակում հայտնվածներ» (people in refugee like situations)»։

Այսինքն, ըստ նշված կոնվենցիայի, արցախցիներին փախստականի կարգավիճակ տրամադրելու հիմքեր չկան։

Բացի այս, «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ  օրենքով  փախստական է համարվում 1) այն օտարերկրյա քաղաքացին, որը ռասայական, կրոնական, ազգային, սոցիալական որոշակի խմբի պատկանելության կամ քաղաքական հայացքների համար հետապնդման ենթարկվելու հիմնավոր երկյուղի հետեւանքով գտնվում է իր քաղաքացիության երկրից դուրս եւ չի կարող կամ նույն երկյուղի պատճառով չի ցանկանում օգտվել իր քաղաքացիության երկրի պաշտպանությունից, կամ նա, ով, չունենալով քաղաքացիություն եւ գտնվելով իր նախկին մշտական բնակության երկրից դուրս, չի կարող կամ այդ նույն երկյուղի պատճառով չի ցանկանում վերադառնալ այնտեղ։

2) այն օտարերկրյա քաղաքացին, որը ստիպված է լքել իր քաղաքացիության երկիրը, իսկ քաղաքացիություն չունեցող անձը` իր նախկին մշտական բնակության երկիրը` համատարած բռնության, արտաքին հարձակման, ներքին հակամարտությունների, մարդու իրավունքների զանգվածային խախտումների կամ հասարակական կարգը խախտող այլ լուրջ իրադարձությունների պատճառով:

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031