Այսօր Երեւանի քաղաքապետարանում ընթացող գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը բավականին կոշտ ու զայրացած խոսեց «Երեւան էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Հարություն Երեմյանի հետ։ Քաղաքապետը նրան մեղադրեց, որ մեկ տարի է՝ ոչինչ չի անում։
Գործակարգավարականի ժամանակ տրոլեյբուսների եւ ավտոբուսների լվացման համակարգի գնման համար մրցութային տեխբնութագրի վերաբերյալ թեման կարծես փակվել էր, քաղաքապետն արդեն անցել էր մեկ այլ հարցի, հանկարծ նորից մի բան հիշեց։
«Պարոն Երեմյան, լավ է, որ այս ամենը ձայնագրվում է։ Կապ չունի՝ դո՞ւք եք, թե՞ ոչ։ Եթե չգիտեք, ինչ-որ մեկը չգիտի, ավելի լավ է ասի ՝ չգիտեմ։ Իսկ եթե պատասխանում եք, որ էտի տենց է, այսինքն, սխալ տեղեկատվություն տալու համար եւս մի անգամ նկատողություն են ստանալու մարդիկ։ Այսինքն, ի՞նչ է, ես պարապ եմ, շաբաթ-կիրակի պետք է նստեմ, նայեմ, տենամ իմ հանձնարարականներից հետո ի՞նչ արեցին, ո՞նց արեցին»,-խիստ տոնով ասաց քաղաքապետը։
«Ո՞ր տեղեկատվությունն է սխալ եղել, որ»,-արձագանքեց Հարություն Երեմյանը։
Կարդացեք նաև
«Էն տեղեկատվությունը, որ երբ որ գինը հարցրեցի, որ ստեղ է էդ 35 միլիոնը, ասացիք՝ հա, ու մրցույթ եք դրել քառասուն քանի միլիոնի»,-ասաց քաղաքապետը։
«Էտի НДС-ն (ԱԱՀ, Ն․Բ․) էլ հետն է։ 35 միլիոնը՝ առանց, 43-ը՝ հետը»,-պատասխանեց Երեմյանը։
«Ի՞նչն է НДС-ը հետը։ Բա էդ եմ ասում, որ նամակում գրել եք՝ 35 միլիոն, դա ընդեղի գինն է տված, պարոն Երեմյան, էդ որ հարցում եք արել։ Ըտենց չի, բացեք կարդացեք։ Մեյլից օգտվել գիտե՞ք, պարոն Երեմյան»,-ասաց քաղաքապետը։
Երեմյանն էլ վստահեցրեց՝ ամեն դեպքում դա 65-70 միլիոնից էժան է, ու նույն աշխատանք է կատարելու։
«Հավատացեք, ես թվերի մեջ շատ լավ եմ, հասկանում եմ՝ 65 միլիոն․․․ թվերին նենց էլ լավ ճանաչում եմ»,-այսպես արձագանքեց քաղաքապետը Երեմյանի պատասխանին։
Հրաչյա Սարգսյանը Երեմյանին մեղադրեց, որ հանձնարարականը հունվար ամսին է եղել, մինչդեռ արդեն ապրիլ ամիսն է, եւ ոչինչ արված չէ։ Երեմյանն էլ փորձեց հստակեցնել, պնդեց, որ հանձնարարության մեջ ինչ-որ բան փոխվեց, դրա համար էլ ուշացում կա։
Այս պատասխանը քաղաքապետին էլ ավելի զայրացրեց․ «Ի՞նչ փոխվեց, ես բա՞ն եմ ասել փոխել։ Ես ասել եմ մրցույթի դրեք։ Վեկալել սխալ մրցույթ եք դրել»։
«Դե որ մոյկան անպայման պորտալարին մոտ լինի, դրա համար երկարեց»,-փորձեց արդարանալ Երեմյանը։
Սարգսյանն էլ սկսեց պնդել, որ նման հանձնարարական չի տվել, ապա ասաց, որ խորհրդակցության ձայնագրությունը կարող են ստուգել՝ նման բան չի ասել․ «Մի հատ հետ տվեք նայեք, ես տենց բա՞ն եմ ասել»։
Երեմյանը վստահեցրեց, որ հանձնարարությունը խորհրդակցության ժամանակ չի եղել։ Բայց դե պաշտոնյաների այս «ռազբորկան» սրանով չավարտվեց։ Քաղաքապետը վստահեցրեց՝ նման բան չեմ ասել. «Պարոն Երեմյան, նպատակային «պռավալի» եք տալիս դուք»։
«Նպատակային ոչ մի բան չկա»,-արձագանքեց Երեմյանը։
Սարգսյանը հանձնարարեց՝ գործակարգավարականից հետո պարոն Երեմյանի նկատմամբ նկատողությունը սեղանիս լինի։
«Մի տարի է՝ աուդիտը ձեր մոտ աուդիտ է անում, ձեր վեջը չի, ոնց ուզում՝ գնումներ եք դնում։ Հանձնարարականներ կան, ոչ մի բան չեք անում»,-ասաց քաղաքապետը։
Երեմյանը կրկին փորձեց արդարանալ․ «Պատասխանում ամեն ինչ գրված ա»։
«Պատասխանում․․․տեսանք ձեր պատասխանները, մի տարի է՝ ոչ մի բանով չեք զբաղվել։ Քաղաքացուն էլ պատասխանում եք՝ ինչ ուզում եք, գնացեք բողոքեք։ Էդ է ձեր հիմնարկի վիճակը»,-եզրափակեց քաղաքապետը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































