Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրի Հովհաննիսյանին շնորհվել է ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում

Ապրիլ 15,2022 19:10

Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ  Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի ինֆորմացիոն կենտրոնի բացմանը նվիրված միջոցառում, և Յուրի Հովհաննիսյանին ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում շնորհելու հանդիսավոր արարողություն:

 

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը. «Այսօր մեզ համար իրապես պատվավոր օր է, քանի որ ԵՊՀ-ում է աշխարհահռչակ գիտնական Յուրի Հովհաննիսյանը, ում պատվին անվանակոչված է Մենդելեևի աղյուսակի 118-րդ տարրը: Մենք միշտ ընդգծել ենք գիտնականի դերի կարևորությունը, և այսօր էլ, ի դեմս Յուրի Հովհաննիսյանի, ևս մեկ անգամ ընդգծում ենք՝ գիտնականը հասարակության էլիտան է»:

ԵՊՀ ռեկտորը, անդրադառնալով կոչում շնորհելու որոշմանը, նշեց. «Երբ նախաձեռնեցինք ԵՊՀ-ում միացյալ գիտահետազոտական կենտրոն բացելու գործընթացը և տեղեկացանք, որ Յուրի Հովհաննիսյանը գալու է Հայաստան, իմ կողմից ԵՊՀ գիտական խորհրդի անդամներին առաջարկ եղավ Յուրի Հովհաննիսյանին ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում շնորհելու վերաբերյալ, ինչին ԳԽ անդամները միաձայն կողմ արտահայտվեցին»:

Պատվավոր պրոֆեսորի կոչում ստանալուց հետո Յուրի Հովհաննիսյանը անդրադարձավ Մենդելեևի աղյուսակում իր ղեկավարությամբ հայտնաբերված 112-118 տարրերի անվանակոչմանը՝ նշելով, որ 118-րդ տարրը սկզբնապես ցանկացել է անվանակոչել «Armenia», սակայն հնարավոր չի եղել, քանի որ Ar քիմիկան տարրն արդեն կար աղյուսակում:

Մնացյալ ներկաները նույնպես շնորհավորեցին արդեն իսկ ԵՊՀ պատվավոր պրոֆեսորին:

Հանդիսավոր արարողության ավարտին ԵՊՀ-ի, Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի և Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև եռակողմ համաձայնագիր կնքվեց ՝ համաձայն որի ԵՊՀ-ում բացվելու է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի ինֆորմացիոն կենտրոն:

Կարևորելով կենտրոնի դերը՝ ԵՊՀ ռեկտոր Հ. Հովհաննիսյանը նշեց.  ‹‹ԵՊՀ-ն երկար տարիներ շատ ակտիվ համագործակցություն է ունեցել Դուբնայի գիտահետազոտական կենտրոնի հետ: Ֆիզիկայի տարբեր ճյուղերի հետազոտողներ պարբերաբար այցելում են Դուբնա, մասնակից դառնում կատարվող աշխատանքներին և նպաստում համագործակցության ամրապնդմանը: Սա կարևոր է առհասարակ ֆիզիկայի ոլորտի և մասնավորապես ԵՊՀ-ի համար»:

 

ԵՊՀ մամուլի խոսնակ, Հանրային կապերի և մարքեթինգի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930