Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ թե գործադիրի, այլ իմ անունից ասեմ՝ կողմ եմ խորհրդարանական մոդելին՝ շտկումներով ու բարեփոխումներով»․ Կարեն Անդրեասյան

Մայիս 06,2022 12:38 Share
Աջակցեք aravot.am-ին

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի եւ հանձնաժողովի համատեղ առաջին նիստում այսօր, երբ քննարկվում էր ՀՀ կառավարման համակարգն առաջնահերթ քննարկման առարկա դարձնելու հարցը, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հայտարարեց՝ նախկինում այս մասին չի բարձրաձայնել, որպեսզի կանխորոշումներ չանի, բայց հիմա իրեն թույլ է տալիս մասնագիտական կարծիք ասել․ «Հասկանում եմ, որ ձեւակերպումները պայմանական են, բայց, ի վերջո, կան «ավելի խորհրդարանական», «ավելի նախագահական» եւ «ավելի կիսանախագահական» մոդելներ։ Հետեւաբար, պարզ է, որ բոլորս հասկանում ենք՝ մեկնաբանությունները տարաբնույթ են, բայց ինչ-որ պահի պետք է հիմք ընտրենք»։

Նա հավելեց․ «Պաշտոնապես իմ եւ նախարարության անունից եմ ասում, եւ ոչ կառավարության․ կառավարությունում դեռ չեմ ճշտել, բայց անձամբ իմ անունից ասում եմ, որ ես կողմ եմ խորհրդարանական կառավարման մոդելի պահպանմանը եւ այդ մոդելում շտկումների, բարեփոխումների իրականացմանը»։

Ապա նախարարը նշեց՝ խորհրդի 11 անդամներից այս պահին 3-ը բացակա են, իսկ մյուս 3-ը հրաժարվեցին այս պահին կառավարման ձեւի մասին դիրքորոշում հայտնել․ «Չորսը հստակ կողմ արտահայտվեցին խորհրդարանական մոդելին՝ որոշակի մասնագիտական վերապահումներով, եւ մեկը հանդես եկավ որպես նախագահական մոդելի կողմնակից։ Սա ամփոփումն է եւ ոչ մի բան չի կանխորոշում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: