Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախ Հայաստանի սերունդը հանձնեց մեր բոլոր նվաճումները՝ Հայաստանի անկախություն, Արցախ, և այսօր էլ մեր ինքնությունը՝ հայոց լեզուն

Հունիս 10,2022 11:45

Խլեցեք ժողովրդից ամեն ինչ, նա կարող է վերականգնել, սակայն խլեցե՜ք լեզուն և նա այլևս չի ստեղծի այն։ Ժողովուրդը կարող է ստեղծել նույնիսկ նոր հայրենիք, բայց լեզու՝ երբեք․ մահացավ լեզուն ժողովրդի շուրթերում, մահացավ և ժողովուրդը։

Կոնստանտին Ուշինսկի

Ռուսական գիտական մանկավարժության հիմնադիր

 

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը տարբեր մեկնաբանությունների առիթ է տվել։ Դիվանագիտական լեզվով ասված տարբեր հարցերի մեջ չեմ ուզում խորանալ։ Սակայն Սերգեյ Լավրովը հայ-ռուսական տարբեր հարցեր արծարծելուց բացի՝ ասաց, որ համաձայնություն է կայացել Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու։

Սա արդեն ոչ թե դիվանագիտական, այլ հստակ, հասկանալի լեզվով է ասված։

Ահա թե ուր հասանք «հպարտ, ինքնիշխան» կարգախոս- դատարկաբանություններով։ 2018թ․ ստի և կեղծիքի հեղափոխության արդյունքում իշխանություն զավթած խումբն իր բռնապետիկի գլխավորությամբ, դավադրաբար հրահրեց պատերազմ, թշնամուն հանձնեց Արցախի և Հայաստանի տարածքներ, տալով հազարավոր զոհեր։ Դրանք քայքայեցին պետական կառույցները՝ բանակ, դատարաններ, ՏԻՄ-եր։ Եվ այս ամենից հետո, այս ողորմելի իշխանությունն իր կեղտոտ ձեռքերով կպչում է մեր ինքնությանը՝ հայոց լեզվին։

Սրանք գալով իշխանության, տարան հստակ հակառուսական քաղաքականություն, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրելուց սկսած, հայատյաց Նավալնուն Հ1-ով եթեր տալով վերջացրած։ Եվ այժմ քծնում են ռուսներին, մեր ինքնության հաշվին։ Եվ, ա՛յ ողորմելիներ, ձեզ թվում է, թե Ռուսաստանի ղեկավարությունը դրանով ներում և վստահու՞մ է ձեզ։ Իհարկե՝ ոչ։ Նրանք շատ լավ գիտակցում են, որ դուք «քցող» եք, իսկ ձեր այս քայլով ընդամենը արհամարհանք եք հարուցել ոչ միայն ձեր, այլև ողջ հայ ժողովրդի հանդեպ։

Հասկացե՛ք վերջապես, որ Ռուսաստանի հետ ոչ մի դեպքում չէր կարելի թշնամանալ, արդյունքները մենք տեսանք։ Եվ հավատացած եղեք, վստահելի դաշնակից լինելու դեպքում (ոչ քծնողական), նույնիսկ եթե Ռուսաստանն առաջարկեր Հայաստանում բացել ռուսական դպրոցներ և մերժվեր, Ռուսաստանը միայն կհարգեր մեզ։ Նույնիսկ հիմա կարելի էր բանակցել ռուսաց լեզվի զարգացման, դպրոցներում ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրաստման շուրջ, բայց ոչ երբեք համաձայնել ռուսական դպրոցներ բացել։ Այո՛, Հայաստանում դպրոցի շրջանավարտը փայլուն պետք է տիրապետի ոչ միայն մայրենի, այլև առնվազն երկու օտար լեզուների, որոնցից մեկը բոլոր դպրոցներում կարող է և պետք է լինի ռուսերենը, բայց ոչ երբեք հայոց լեզվի հաշվին, ռուսական, նաև այլ օտարալեզու դպրոցներ բացելով։

Եվ այս հարցում, ես բացարձակապես չեմ մեղադրում Ռուսաստանին։ Ինչպես ամեն հզոր երկիր՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, այնպես էլ Ռուսաստանն իր ազդեցությունն է ցանկանում տարածել ողջ աշխարհում։ Իսկ լեզուն երկրներ գրավելու ամենահզոր զենքն է։ Իսկ մենք, ինչպես այլ հարցերում, օրինակ` հանուն «խաղաղության» պատրաստ ենք հրաժարվել ինքնապաշտպանությունից և տարածքներ զիջել, այնպես էլ տրվում ենք հզորների կողմից պարտադրված լեզվական էքսպանսիային, նորից մոռանալով՝ այս անգամ լեզվական ինքնապաշտպանությունը։

Եվ ամենահետաքրքրական այն է, որ ԱԺԲ կոչված խմբավորումը, ոչ թե բողոքում է Հայաստանի ողորմելի իշխանության դեմ, այլ Սերգեյ Լավրովի այցելության։ Փաստորեն, մի կողմից, վարչապետ կոչեցյալը քծնում է ռուսներին, մյուս կողմից, նրա հրահանգով տեղի է ունենում հակառուսական ակցիա։

Արայիկ Հարությունյանն ու Արթուր Ավթանդիլյանը՝ 2010 թվականին

Էլ չխոսենք «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության այն ողորմելի անդամների մասին, որոնք այսօր լինելով իշխանական աղանդում, ձայն- ծպտուն չեն հանում։

Այսպիսով արձանագրենք, որ 1988թ․ համաժողովրդական շարժումը 30 տարի անց պարտվեց բոլոր ուղղություններով։ Հիշեցնեմ՝ շարժման առանցքը Արցախի ազատագրումն էր։ Այդ ալիքի վրա հետագայում առաջացան նաև այլ ազգային խնդիրներ՝ անկախություն, հայոց լեզվի պաշտպանություն։ «Մաշտոց» միավորման ջանքերի շնորհիվ՝ 1990թվականին դեռևս կոմունիստական իշխանության ժամանակ, Լուսավորության մինիստր Միսաք Դավթյանը ստորագրեց հրաման, ըստ որի՝ հայ երեխաներին այլևս չպետք է ընդունեին օտար (այն ժամանակ ռուսական) դպրոցներ: Հետագայում՝ 1991թ․ ունեցանք Հայաստանի անկախություն, իսկ 1994թ․ ազատագրված Արցախ։ Փաստորեն, անկախ Հայաստանի սերունդը հանձնեց մեր բոլոր նվաճումները՝ Հայաստանի անկախություն, Արցախ, և այսօր էլ մեր ինքնությունը՝ հայոց լեզուն։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Լուսանկարում՝ Ավետիք Իշխանյանը «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության 2010 թվականի ցույցի ժամանակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930