Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր մարտավարության խնդիր ունենք. այո, մեր քայլերում հնարավոր են փոփոխություններ»

Հունիս 13,2022 14:30

«ՀՀ իշխանությունը որեւէ կերպ եւ որեւէ տեղում չի կարողանում պատշաճ ներկայացնել պետության եւ ժողովրդի շահերը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ում»։ Այս ուղերձով նախորդ երկու օրերին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանդես եկող դիմադրության շարժումը դիմավորում էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, ՀԱՊԿ անդամ մյուս երկրների ԱԳ նախարարներին, որոնք Երեւանում նախարարների խորհրդի նիստի մասնակցեցին։ Հունիսի 10-ին Ֆրանսիայի հրապարակում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին լրագրողները հարցրին՝ ի՞նչ ասելիք ունեն ՀԱՊԿ-ի հետ կապված։

«Պատերազմի ընթացքում եւ դրանից հետո, երբ ադրբեջանական զորքերը մտան ՀՀ ինքնիշխան տարածք, մինչեւ հիմա չկա բացատրություն՝ ՀՀ իշխանութունը դիմե՞լ էր ՀԱՊԿ-ին, ճի՞շտ հոդվածներով եւ կանոնակարգերով էր դիմել, ստացե՞լ էր պատասխան։ Իշխանության քայլերն ու գործողություններն այս տրամաբանությամբ շարունակում են մնալ անհասկանալի։ Հիշեցնեմ, թե սրանք իշխանության գալուց առաջ եւ հետո ինչ վարքագիծ ու դիրքորոշում ունեին ՀԱՊԿ-ի նկատմամբ։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հանդեպ գործողություններ սկսվեցին։ ՀԱՊԿ-ը նախագահում էր այդ ժամանակ ՀՀ-ն, Յուրի Խաչատուրովն էլ ուներ հստակ պարտականություններ, իսկ իշխանությունը դատական գործընթացով սկսեց ՀԱՊԿ-ի վարկաբեկումը։ Սա է իրենց դեմքը եւ արած աշխատանքը»,-պատասխանեց Իշխան Սաղաթելյանը։

Վերջին օրերի բողոքի գործողությունները կարծես թե բավականին պասիվ էին, երթերն ու հավաքները՝ սակավամարդ, եւ երբ հնչեց հարցադրում, թե արդյոք սա չի՞խոսում շարժումը մարելու մասին, Իշխան Սաղաթելյանը նշեց. «Շարժումը երբեւէ եւ որեւէ պարագայում չի կարող մարել։ Շարժման մարումը եւ կասեցումը կլինի հայ ժողովրդի պարտությունը։ 40 oր 24-ժամյա ռեժիմով մարդիկ դուրս են եկել փողոց։ Ունեցել ենք մեծ պիկեր՝ 40-50 հազարանոց երթեր ու հանրահավաքներ, ունեցել ենք նվազումներ, բայց ամեն օր է փաստվում, որ շարժումը չի կարող կանգնել։ Այն հայկական է եւ համաժողովրդական՝ առանց որեւէ դրսի կամ երկրի աջակցության։ Այն մաքուր ազգային, համաժողովրդական շարժում է, որը, վստահ եղեք՝ իր նպատակին հասնելու է։ Ձեռքբերումների մասին առաջիկայում կետերով կխոսենք»։

Թե ինչ է տվել շարժումն այս ընթացքում, Իշխան Սաղաթելյանը հետեւյալ համոզմունքը հայտնեց. «Աշխարհն արդեն գիտի, որ հայ ժողովուրդը պատրաստ չէ նոր զիջումների։ Մինչեւ ապրիլի կեսերը բոլորը դա դնում էին հարցականի տակ։ Ինչ վերաբերում է մարդկանց սակավությանը, ապա եթե առաջնորդվենք իրենց մամուլի եւ մի քանի հոգու կեղծ տվյալներով, ապա կարող ենք համարել, որ սակավամարդ է, բայց իրականությունն ամեն օր տեսանելի է։ Առավոտյան ակցիաների դեպքում մեր առաջ խնդիր չի դրված բազմամարդ գործողություն անել, բայց երթի եւ հանրահավաքի դեպքում մասնակցությունը տեսանելի է։ Շարժմանը նոր թափ հաղորդելու մասին ակտիվ քննարկումների մեջ ենք՝ ձեռքբերումներն արձանագրելուց հետո նոր ուժ եւ բովանդակություն տալու ուղղությամբ։ Վստահեցնում եմ, որ որեւէ պարագայում նահանջ, հետքայլ չի լինելու։ Գտնում ենք, որ այն, ինչ մինչեւ հիմա արել ենք, եղել է շատ արդյունավետ, բայց նաեւ նոր մարտավարության խնդիր ունենք։ Հետեւաբար, այո, մեր քայլերում եւ գործողություններում հնարավոր է լինեն փոփոխություններ»։

Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ դիմադրության շարժումն ունի ձեւակերպված նպատակ, եւ բոլոր քայլերն ուղղված են դրան. «Երեկ եւ այսօր, օրինակ, չէինք գնացել շենք շրջափակելու, այլ գնացել էինք ցույց տալու, որ այս մարդու հետ ինչ պայմանավորվում են՝ դա առ ոչինչ է, որ մեր բարեկամ ու թշնամի երկրները պետք է իմանան՝ հայ ժողովուրդը չի հանդուրժելու լուծում, որի դեպքում Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում։ Ցանկացած միջազգային պատվիրակության համար մեր խոսքը հասանելի ենք դարձնելու։ Վստահ եղեք, որ սա չի կարող անտեսվել։ Միջազգային հանրությունը չի կարող անտարբեր լինել։ Մինչեւ ապրիլի կեսերը ՀՀ-ից գնացող բոլոր զեկույցներն այն մասին էին, որ ժողովուրդը համակերպվել է պատերազմի եւ դրա կորուստների հետ։ Վստահեցնում եմ, որ ապրիլի կեսերից հետո իրենց մայրաքաղաքներում զեկույցներն այլ են, որովհետեւ հասկացել են՝ մարդիկ պատրաստ են պայքարել իրենց հայրենիքի համար, եւ օրվա իշխանությունը չի արտահայտում ժողովրդի դիրքորոշումը։ Սա պատմական ձեռքբերում է, որն այս պահին շատերը խորությամբ չեն հասկանում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930