Լրահոս
Օրվա լրահոսը

Վճարել են 2,5 մլն դրամ ու քեֆ արել Զվարթնոցի տաճարի տարածքում

Հուլիս 05,2022 13:44

Զվարթնոց պատմամշակութային արգելոց թանգարանի տարածքում մի ընտանիք մկրտությունից հետո մեծ խնջույք է արել, հուշարձանի տարածքում բեմ են հավաքվել, կերել-խմել են, վերջում էլ ճոխ հրավառություն է եղել: Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն իր ինստագրամի stories բաժնում տեսանյութեր էր տեղադրել, որտեղ երեւում էին ելույթ ունեցողները:

Ի թիվս այլոց, երգել են ինքը, Էրիկը, Սոսո Պավլիաշվիլին, Սարոն ու ուրիշներ:

Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարության պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Հովհաննիսյանից հետաքրքրվեց` ի՞նչ սկզբունքով է հուշարձանի տարածքը խնջույքի նպատակով տրամադրվել կոնկրետ մարդկանց, ովքե՞ր են նրանք, արդյոք ամեն ոք կարող է գումար վճարել եւ քե՞ֆ սարքել արգելոց-թանգարանի տարածքում, թույլատրելի՞ է այնտեղ մետաղական կոնստրուկցիաներ տեղադրելը, չե՞ն վնասել դրանք հուշարձանը, եւ մի՞թե կարելի է հուշարձանի տարածքում հրավառություն անել:
ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունների կատարողը նշեց. «Թե ովքեր են իրենք, բնականաբար, չգիտենք, եւ մեզ չի հետաքրքրում, իսկ միջոցառումը, եւ ամեն ինչը, որ անցկացվել է, բնականաբար թույլատրելի է, ոչ մի խախտում չի եղել, ընթացքում ոչինչ չի արձանագրվել, ամեն ինչ եղել է սահմանված կարգով»:

Մեր դիտարկմանը, ստացվում է` յուրաքանչյուր ոք վճարել եւ այնտեղ հարսանիք, ծնունդ ու մկրտություն նշել, հուշարձանը կարելի՞ է այդպես տրամադրել բոլորին, Արմեն Հովհաննիսյանն այսպես արձագանքեց. «Յուրաքանչյուր ոք կարող է գալ, անցկացնել, բայց սահմանված կարգով…Բուն հուշարձանի տարածքում, իհարկե, հրավառություն չի կարելի, պահպանական գոտու մեջ է եղել հրավառությունը: Զվարթնոցի տարածքը 14 հեկտար է, հրավառությունը եղել է տաճարից 400-500 մետր հեռավորության վրա: Ի դեպ, 400-500 մետր այն կողմ նաեւ ինչ-որ մեկի բակն է, այսինքն` էդ մարդկանց է՞լ չթույլատրենք ինչ-որ բան անել:

Մետաղական կոնստրուկցիաները եւ բեմը հավաքվել են տաճարի դիմացի հատվածում` հուշարձանի աստիճանների դիմաց: Բուն հուշարձանի տարածքում ոչ մի միջոցառում չի եղել, հուշարձանին ոչ մի վնաս չի պատճառվել: Բնականաբար, մեզանից ներկայացուցիչ է եղել տեղում` Զվարթնոց արգելոց-թանգարանի վարիչը, մեր աշխատակիցներն են եղել: Ընթացքում ՊՈԱԿ-ի աշխատակիցներից նաեւ տարբեր հաճախականությամբ ստուգայցեր են իրականացրել, հուշարձանի տարածքում ունենք տեսախցիկները, տեսախցիկների միջոցով նույնպես հետեւել ենք միջոցառման ընթացքին»:

ՊՈԱԿ- տնօրենից հետաքրքրվեցինք` ինչ արժի մեկ օրով հուշարձանի տարածքը վարձակալելը: «Մեկ ժամ վարձակալելը 500 հազար դրամ է, այդ մարդիկ վարձակալել էին 5 ժամով»,-ասաց նա:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031