Լրահոս
Օրվա լրահոսը

Տվյալահեն կենսագիտությունն օգնում է կյանքեր փրկել․ Նուբար Աֆեյան

Հուլիս 06,2022 22:03

«Տվայլահեն կենսագիտությունն ինձ համար մի բան է, որ կիրառվում է ակադեմիականության, վարակների, առողջության, ցանկացած մի բանի մեջ, որը կարելի է պատմել չափելի տվյալներով ու հետո դրանք վերածել օգտակար մոդելների։ Դրա կարեւոր ու պրակտիկ կիրառվող օրինակներից են քաղցկեղի դեմ դեղահաբերը։ Դրանց մի քանի տեսակներ կան, որոնք, աշխատում են քաղցկեղի որոշակի մուտացիաների դեպքում»,-այս մասին այսօր «ՀԵՆԱՐ» հիմնադրամի եւ  են ՀԱՀ Տրանսֆորմատիվ առողջապահական լուծումների բաց կենտրոնի կազմակերպած «Տվյալահեն կենսագիտություն» թեմայով քննարկմանն ասաց «Flagship Pioneering» ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը։

Բանախոսները քննարկեցին տվյալահեն կենսագիտության կիրառական նշանակությունը,  ինչպես է այն վերջին տարիներին զարգացել, ինչ ազդեցություն է  ունեցել հավաքագրված տվյալների զարգացումը բժշկության զարգացման  վրա, նոր դեղամիջոցների ու պատվաստանյութերի ստեղծման գործընթացում եւ ինչպես է օգնում տվյալահեն կենսագիտությունը փրկել մարդկանց կյանքերը։

Նուբար Աֆեյանի խոսքով՝ քաղցկեղի դեմ այդ դեղահաբերի մշակումից հետո այն տրվել է ԱՄՆ Սննդի եւ դեղերի վարչությանը կամ այլ հաստատության օգտագործման համար ու չի տրվել մարդկանց օգտագործման համար, ամբողջությամբ տվյալահեն գործողություն է․«Նույնը կարելի է ասել, թե ինչպես վարվեցինք հետագայում COVID-19 իրավիճակի հետ կապված, որովհետեւ դա տվյալների համատարած հավաքագրում ու կիրառում էր։  Առանց տվյալների մենք շատ ավելի դանդաղ առաջ կգնայինք»։

Նուբար Աֆեյանն ասաց, որ կան էթիկական հարցեր՝  մարդկանց շրջանում փորձարկումների հետ կապված։ Հաջորդ քայլը մարդկանց գտնելն է, որոնք իրենք են ուզում լինել փորձարկման մաս եւ իրենց ներդրումն ունենալ գիտության մեջ, իրենց անանուն ներդրումն ունենալ ու դրանով փրկել մյուսների կյանքերը։ Ես չեմ կարող ավելի համոզիչ բան մտածել մարդկանց համար, որոնք իրենց մարմնի մասին տվյալներով են աջակցում։ Պատճառը, որ հարյուր հազարավոր, միլիոնավոր մարդիկ աջակցում են կլինիկական փորձարկումներին, դա է»։

Նա խորհուրդ տվեց՝ մտածեք, թե ինչ եք անում հիմա՝  մնացած ամբողջ կյանքի համար, գիտելիք ստանալով ու կիրառելով եւ գիտելիք ստեղծելով․ «Նոր գիտելիք ստանալու շատ ձեւեր կան ու տվյալահեն գիտությունը դրանցից մեկն է, սակայն ես կառաջարկեի օգտագործել ձեր երեւակայությունը։ Համակարգչի կողմից խմբագրված երեւակայությունը հենց մեքենայացված ուսուցումն է, կարողությունն է կանխատեսել, թե որն  է ապագա գիտությունը, որը դեռ գոյությունը չունի։ Մեքենայացված ուսուցումն ու արհեստական բանականությունը ամբողջությամբ կձեւափոխեն գիտությունը եւ թույլ կտան լուրջ գիտնականներին անել այն, որը միշտ ուզել են անել, բայց տվյալները նրանց թույլ կտան անել դա առանց միացնելու առաջին փորձարկումը վերջին փորձարկման հետ։ Սա է ամբողջ հմայքը տվյալահեն կենսագիտության։ Օգտագործեք ձեր երեւակայությունը»։

Քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նուբար Աֆեյանն անդրադառնալով ՀՀ-ում հիվանդությունների կանխարգելմանն, ասաց՝  նախ պետք է մարդկանց մտածելակերպը փոխել, ապա  ուսումնասիրել եւ հասկանալ՝  Հայաստանում ո՞ր  հիվանդություններ են տարածված, որոնք կարելի է կանխարգելել։ Նա նաեւ օրինակ բերեց պատվաստանյութերը, որոնք կանխարգելում են հիվանդացությունը, եւ դա հաստատվեց COVOd-19-ի համավարակի ժամանակ։

Պարոն Աֆեյանը նշեց, որ Հայաստանի առողջապահական ոլորտում դրական քայլեր  է տեսնում, ասաց՝ որքան կարողանանք զարգացնել համակարգը՝ սկսած ամենապարզ մեթոդներով, այնքան կարող ենք ավելի զարգացնել երկրում այլ ոլորտները,  տնտեսությունը, ինչն էլ այլ երկրներում հետաքրքրություն կառաջացնի եւ ներդրումներ կգան Հայաստան։

Մանրամասները՝ տեսանյութում

ՀԵՆԱՐ (Health Network for Armenia) հիմնադրամի  համահիմնադիր եւ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ոսկերչյանն էլ նշեց՝ շատ կարեւոր են քննարկումները միջազգային մակարդակի փորձագետների հետ, թե ինչ է պետք անել այսօր, որպեսզի մեր առողջապահական համակարգն ավելի արդյունավետ լինի եւ մեր ժողովուրդն ավելի առողջ ու երկար ապրի։

Հիմնադրամի հիմնադրվել է անցյալ տարի, համահիմնադիրներն են նաեւ Նուբար Աֆեյանն ու Ռուբեն Վարդանյանը։

Պարոն Ոսկերչյանի խոսքով՝ հիմնադրամի տեսլականն է՝  նպաստել ՀՀ-ում առողջապահության համակարգի վերափոխմանը, որպեսզի համակարգն ավելի արդյունավետ ու կայուն լինի։  Նա ասաց, որ հիմնադրամը մի քանի առաջնահերթություններ ունի, որոնք մշակվել եւ ապա որոշում է կայացվել՝ ելնելով Մաքենզի ընկերության հետ իրականացրած  հետազոտությունից․«Դա Հայաստանի առողջապահության համակարգի համապարփակ ուսումնասիրությունն էր, որի արդյունքում տարբեր առաջարկություններ առաջ քաշվեցին, եւ որպես մյուս քայլ, որոշեցինք ստեղծել «Հենար» հիմնադրամը, որը կկարողանա կյանքի կոչել այդ առաջարկությունների մի մասը՝ առողջության առաջնային պահպանման օղակը,  համակարգի թվային վերափոխումը եւ տաղանդների զարգացումը՝  այն ամենը, ինչ վերաբերում է բուժաշխատողների վերապատրաստմանն ու զարգացմանը»։

Նրա խոսքով՝ առաջնային օղակը շատ կարեւոր դեր ունի առողջապահական համակարգում, այն համակարգի ողնաշարն է․«Հայաստանում առողջության պահպանման առաջնային օղակում բազմաթիվ խնդիրներ կան։  Օրինակ՝ կադրերի խնդիրը։ Մի կողմից Հայաստանում բժիշկների քանակը բավարար է, բայց մարզերում բուժաշխատողների բաշխվածության խնդիր կա, մասնագետների  պակաս կա։ Մեր առաջնային խնդիրներից մեկն այն է, որ  կարողանանք այդ անհամաչափությունը  փոխենք, եւ մարզերում առաջնային օղակն արդյունավետ կարողանա աշխատել»։

Քննարկման մասնակիցներից Կոլումբիայի համալսարանի (Մանկաբուժության եւ մարդու սննդի ինստիտուտ) սննդաբանության ավագ դասախոս դոկտոր Քիմ Հեքիմյանն էլ լրագրողների հետ զրույցում նկատեց՝ մեր բնակչությունը անհրաժեշտ քայլեր չի անում, որպեսզի կյանքը երկարի ոչ միայն տարիներով, այլեւ՝ որակով։

Նա նկատեց՝ առողջ ապրելակերպն ու առողջ սնվելը շատ կարեւոր է եւ նշեց՝ հայերը սիրում են ճարպոտ եւ աղի սնունդ, բայց դրանք վնաս են հասցնում առողջությանը․ «Բայց մեր ավանդական սնունդը շատ առողջարար է։ Բայց վերջին քսան տարիներին ստեղծված այդ արագ սնունդը օգտակար չէ․«Անառողջ սնունդը, եթե սովորություն դառնա, այն վատ հետեւանք կթողնի, շաքարախտ կառաջանա, քաղցկեղ, արյան բարձր ճնշում»։

ՀՀ-ում հանրային փակ վայրերում ծխելու արգելքի մասին դրական արտահայտվեց, ապա ասաց՝ կարելի է փոխառել ԱՄՆ եւ Եվրոպական շատ երկրների փորձը՝ այդ երկրներում ծխախոտը շատ թանկ է, եւ դա ազդում է, որ մարդիկ քիչ ծխեն կամ թողնեն ծխելը․ «Սա արդեն ապացուցված է այլ երկրներում»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031