Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես գիտեմ՝ դուք պատվեր եք կատարում»

Հուլիս 19,2022 10:00
zuk

Հարցրեք ինձ՝ ո՞ր նախադասությունն ես դու ամենահաճախը լսել խմբագրի՝ գրեթե 28 տարվա քո աշխատանքի ընթացքում: Եվ ես կպատասխանեմ. այդ նախադասությունն է՝ «դուք պատվեր եք կատարում»: Տարբերակ՝ «ես գիտեմ, թե ում պատվերն եք դուք կատարում»: Կամ հռետորական հարցի տեսքով՝ «այդ ո՞ւմ ջրաղացին եք ջուր լցնում»: Հանուն արդարության ասեմ, որ վերջին ժամանակներս անձամբ ես նման ձեւակերպումներ ավելի հազվադեպ եմ լսում: Բայց վերջերս չինովնիկներից մեկի խոսնակը դարձյալ հանդես եկավ այդպիսի մեղադրանքներով, եւ ես մտածեցի, որ դա ոչ այնքան արդարանալու միջոց է, որքան պաշտպանվելու շատ տարածված հոգեբանական մեխանիզմ:

Խնդիրը հետեւյալն է. հայաստանցիների մեծամասնությունը, եւ հատկապես չինովնիկներն ու մեծահարուստները, կարծում են, որ իրենք այնպիսի հրեշտակներ են եւ, բնականաբար, ազգի նվիրյալներ, որ որեւէ մեկը չի կարող անկեղծորեն մտածել, թե իրենք ինչ-որ հարցում սխալ են: Վերջին օրինակը տվել է Գագիկ Ծառուկյանը, որը զուտ քաղաքական ասպարեզում ունեցել է վերելքներ եւ անկումներ, բայց որպես բարերար բազմաթիվ լավ գործեր է արել: Սակայն Քրիստոսի արձանը դնելու գաղափարը ինչ-որ մարդկանց կարող է դուր գալ, իսկ մյուսներին (այդ թվում, նաեւ ինձ)՝ կարող է դուր չգալ: Դա նորմալ է, դրան պետք է հանգիստ վերաբերվել: Սակայն գործարարը հանդես է եկել հայտարարությամբ, որում դարձյալ առաջ է քաշում «պատվերի» գաղափարը. «Լինելու էին նաեւ մարդիկ, որ պատվիրելու եւ կազմակերպելու էին «դեմ» հանրային տրամադրություններ։ Այս ամենը ես շատ լավ պատկերացնում էի…»: Ստացվում է, որ մարդկությունը բաժանվում է երկու մասի. մի մասը հրճվում է այս կամ այն գաղափարից, մյուսը՝ ինչ-որ բաներ է պատվիրում եւ կազմակերպում:

Խնդիրն արձանը չէ՝ Հայաստանն իսկապես ունի շատ ավելի կարեւոր խնդիրներ: Իսկ մեր ամենակարեւոր խնդիրներից մեկն այն է, որ մենք չենք ընդունում որեւէ մեկի՝ մեզ հետ համաձայն չլինելու իրավունքը: Եթե համաձայն չէ, մենք իսկույն ինչ-որ դավադրություններ եւ պատվերներ ենք փնտրում: Իսկ հնարավոր չէ՞ արդյոք, որ լինեն միլիոնավոր՝ տարբեր ձեւով մտածող մարդիկ, եւ բոլոր այդ մարդիկ լինեն նորմալ, պարկեշտ, անկեղծ:

…Երբեմն տեսնում եմ, որ իմ նյութերի տակ «Առավոտի» ֆեյսբուքյան էջում սրտխառնոցի նշան է դրվում: Ցավում եմ, իհարկե, որ մարդիկ ստամոքսի խնդիր ունեն, հավանաբար, սխալ սնվելուց է: Չեմ հասկանում՝ եթե այդ օգտատերերն այդպիսի ընկալում ունեն որեւէ նյութից, ինչո՞ւ են իրենց առողջությունը ռիսկի ենթարկում՝ արհամարհեք, եւ այդ դարդից կազատվեք: Բայց բոլոր դեպքերում մտքովս չի անցնում, թե այդ մարդիկ պատվեր են կատարում: Ուղղակի բոլորին անկեղծորեն առողջություն եմ ցանկանում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    Պարոն Աբահամյան, հաճախ համաձայն չլինելով Ձեր հետևությունների հետ (նաև որոշ քաղաքական հայացքների), ամեն առավոտ սկսում եմ Ձեր խմբագրականը ընթերցելուց: Դուք ոչ միայն եզակի վաստակ ունեցող մեր լրագրող/խմբագիր եք, այլև եզակի մտածող եք և միշտ հետաքրքիր է Ձեր վերուծական միտքը նույնիսկ, եթե խիստ անհամաձայն եմ տվյալ մտքի հետ: Սա գրում եմ որպես աջակցություն քանի որ տեսնում եմ, որ հաճախ Ձեր նկարագրած տեսակը (այն նույն տեսակը որը արցախցուն անպատվում է և ուրախանում է հայ երիտասարդ մարդու մահով) շատ ակտիվ է և մարտնչող: Հետևաբար սխալ տպավորություն կարող է ստեղծվել մեր ազգի որակի մասին: Տպավորություն է նրանք մեծամասնութուն են, կարծում եմ այդպես չէ, պարզապես սոցիալականցանցերն են նման ֆոն ստեղծում: Ինքս անցյալ տարվա հունիսից ֆեյսբուկից դուրս եմ եկել և կյանքիս որակը անասելի բարելավվել է:

  2. Ruben says:

    Եթե Ծառուկյանը այդ արձանը կանգնեցներ Կապուտջուղ լեռան գագաթին և մինչև արյան վերջին կաթիլը պաշտպաներ դա, կասեի, որ Առինջ գյուղերում դեռ կա «պինդ կաղին» հայ:
    Բայց ցավոք լսում ենք՝ «դոդ», տեսնում՝ կաղնակեր:

  3. Լավատես says:

    Բա աթեիստներն ո՞ւմ արձանը կանգնեցնեն՝ Լենինի՞, բա մի հատ հայ ազգային աստվածություն չունենանք, որին պաշտողները անկախ իրենց կրոնից՝ քրիստոնեությունից, մահմեդականությունից, աթեիստությունից, իրենց միանշանակ ընկալեն հայ, այդ ժամանակ կասեի, որ մենք էլ ենք հրեաների նման աստվածաընտրյալ ժողովուրդ, որովհետեւ հրեաներն ունեն իրենց ազգային կրոնն ու աստվածությունը, մե՞նք ինչով ենք պակաս:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031