Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք չգիտենք, Նիկոլն օրական մի նոր բանավոր պայմանավորվածություն ունի»․ Արցախի ԱԺ պատգամավորը՝ նոր ճանապարհի եւ խաղաղապահների հետ հանդիպման մասին

Օգոստոս 23,2022 17:02

Արցախի ազգային ժողովն այսօր հայտարարեց, որ տեղի է ունեցել ԱՀ խորհրդարանական 5 ուժերի ղեկավարների հանդիպումը ՌԴ խաղաղապահ զորակազմի ղեկավարության հետ․ «Մասնավորապես հղում կատարելով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ նշվել է, որ նոր երթուղին ունենալու է նույն միջանցքի իրավական կարգավիճակը, և պահպանվելու են բոլոր անվտանգային բաղադրիչները՝ սկսած 5 կմ-ոց անվտանգային գոտուց մինչև ՌԴ խաղաղապահ ուժերի անցակետերի տեղակայում»։

Հանդիպման վերաբերյալ որոշ մանրամասներ խնդրեցինք պարզաբանել Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արթուր Մոսիյանին (լուսանկարում)։

«Խոսել ենք միջանցքի մասին, որ նոր ճանապարհը կունենա միջանցքի իրավական կարգավիճակ։ Ռուսական անցակետերը կտեղադրվեն նոր ճանապարհի՝ պատրաստ լինելուց հետո։ Խոսել ենք նաեւ վերջին միջադեպերից՝ կապված ադրբեջանական կողմի ռազմական գործողությունների, հրադադարի ռեժիմի խախտումների հետ։ Ռուսական կողմը նշեց, որ իրենք անհրաժեշտ եզրահանգումներ արել են, որ ամեն ջանք գործադրելու են՝ բնակչության անվտանգությունը պատշաճ մակարդակի վրա պահելու, ամրապնդելու համար»,-մեր զրույցում ասաց պարոն Մոսիյանը։

Հստակեցրինք՝ այսինքն, ռուսական խաղաղապահ առաքելությունը խոստացել է Բերձորից դուրս չգալ այնքան ժամանակ, մինչեւ Բերձորի միջանցքը շրջանցող նոր ճանապարհը պատրաստ չլինի՞։ «Իրենք ասել են եւ խոստումը պահելու են։ Ասել են, որ շրջանցիկ ճանապարհը նույն միջանցքի կարգավիճակն է ունենալու։ Հինգ կմ-ոց միջանցքի «պարամետրերը» պահպանվելու են, եւ իրենք հղում են անում նոյեմբերի իննի հայտարարության 6-րդ կետին, ըստ որի՝ պետք է կառուցվի նոր երթուղի, որի վրա տարածվելու են միջանցքի իրավական կարգավիճակի բոլոր տարրերը»,-արձագանքեց Արթուր Մոսիյանը։

Հարցին՝ պատգամավորներն ունե՞ն մտավախություն, որ Բերձորի միջանցքը շրջանցող նոր ճանապարհն Ադրբեջանը երբ ուզի՝ կփակի, երբ ցանկանա՝ տեղափոխվող հայերի համար անվտանգության սպառնալիքներ կբանեցնի, Արթուր Մոսիյանը պատասխանեց․ «Ոչ։ Ինչպես այս ճանապարհի, այնպես էլ նոր ճանապարհի վրա լինելու են միայն խաղաղապահները՝ անցակետերով, ըստ խաղաղապահ առաքելության ղեկավարի»։

Իսկ թե ինչ է լինելու Արցախը սնող կոմունիկացիաների հարցը, պատգամավորն ասաց․ «Դա ժամանակի հարց է, այն բաց է այս պահին եւ ավելի շատ Ալիեւ-Պուտին-Փաշինյան ձեւաչափի միջով պետք է քննարկվի։ Մենք չգիտենք, Նիկոլն օրական մի նոր բանավոր պայմանավորվածություն կամ ընկալում ունի։ Շատ բան պարզվում է, որ չգիտենք, թե ինչ է պայմանավորվել։ Դա հստակ չի նշվել, բայց ամեն ինչ տանում է դրան։ Այդ ընկալումներն ու պայմանավորվածությունները մեր տունը քանդում են ու շարունակում են քանդել։ Ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի մասին է խոսքը»։

Հիշեցնենք, որ թեեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված չէ Բերձորի միջանցքի հայաթափում, սակայն Բերձոր քաղաքի, Սուս եւ Աղավնո համայնքների բնակիչներին Արցախի իշխանություններից հրահանգվել է մինչեւ օգոստոսի 25-ը լքել բնակավայրերը։ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Մաքսիմ Սելեզնյովն օրերս ասել էր, որ «Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահները կվերատեղակայվեն, երբ նոր ճանապարհը արդեն պատրաստ կլինի»։

Արցախի ԱԺ մեկ այլ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի եզրակացությամբ՝ Սելեզնյովի խոսքից ստացվում է, որ Բերձորը դեռ 1 տարի՝ չպետք է հանձնվեր, բայց ՌԴ-ի թիկունքում նվիրեցին թշնամուն։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031