Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն դեպքում, երբ խոսում են ՌԴ-ի դեմ, քաղաքական պատվեր կա ծեփել պատերին, փռել ասֆալտին». Նինա Կարապետյանց

Սեպտեմբեր 17,2022 15:18

Երեկ մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց էին կազմակերպել Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ: Բայց ցույցը դեռ չմեկնարկած՝ նրանց բերման ենթարկեցին:

Այսօր «Մեդիա կենտրոնում» այս թեմայով քննարկման ժամանակ ցույցի մասնակիցներից «Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանն ասաց, որ հավաքվել էին՝ ցույց տալու, որ ՌԴ-ի վարքագիծն անընդունելի է եւ ՌԴ-ի հետ բոլոր պայմանագրերի բոլոր կետերը խախտված են. «Ուզում էինք մեր պահանջները ձեւակերպել դեսպանատան առաջ, որը տեղավորվում է ԱԳՆ-ի հայտարարության շրջանակներում: Պետք էր Երեւանից ցույց տալ, որ չենք աջակցելու ՌԴ-ին, որ ՌԴ-ն  աջակցի Ադրբեջանին, չենք գնալու ոչնչացման»: Նա ասաց, որ որեւէ իրավական հիմք չի եղել իրենց բերման ենթարկելու. «Մեզ հստակ թիրախավորել էին, որովհետեւ մեզ բերման ենթարկելուց հետո այնտեղ հավաքված էին այնքան գիտակից քաղաքացիներ, որոնք ձեւակերպեցին պահանջները, մեզ բավարար էր դա էլ»:

«Իրավունքի ուժ» ՀԿ համանախագահ Արման Ղարիբյանն ասաց, որ ոստիկանը մոտեցել ու ասել է՝ անվտանգության տեսանկյունից ենք ձեզ բերման ենթարկում. «Եթե այդտեղ անվտանգային խնդիր կար, ինչու էին մեզնից հետո թույլ տալիս մարդիկ այնտեղ հավաքվեին: Իրենք ուղղակի նպատակ ունեին մեզ հեռացնել տարածքից: Մենք դեռ չմոտեցած՝ ոստիկանները ասում էին՝ մեքենան մոտեցրեք, մենք դեռ չհասցրեցինք պաստառ պահեինք, չիրացրեցինք մեր խոսքի ազատությունը ու ոչ ոստիկանությունում, ոչ որեւէ այլ տեղ մեզ չպարզաբանվեց՝ ինչու են բերման ենթարկում: Օրինական պահանջ մեզ չի ներկայացվել»:

Արման Ղարիբյանն ասաց, որ ոստիկանությունը հետո պարզաբանել է, թե ցուցարարներն իրենց պահել են ագրեսիվ, խախտել են հասարակական կարգը, խոչընդոտել այլոց ազատությունները եւ խախտել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը. «Այն կարգի փնթի էին աշխատել, որ copy paste էին արել մեկ այլ բերման ենթարկվածի տեքստ ու օրինակ իմ համար գրել էին, որ ես խանգարել եմ կառավարության աշխատանքը եւ փակել նախարարության դռները: Մեր ոստիկանությունը այդ կարգի խեղճ ու տգետ է: Եթե մարդը տգետ է,մենակ կարող է ուժի դիմել, ուրիշ տարբերակ չունեն»:

Մհեր Կարագոզյանը պատմեց, որ ոստիկանական բաժնում այլ միջադեպի էլ են ականատես եղել. «Մի երիտասարդ բաժնում խնդրեց, որ եթե կարող եմ, չնստեմ, մեջքի խնդիր ունեմ, ասելուն պես հրեցին պատին ու 4 հոգով գազազածների պես սկսեցին ծեծել երիտասարդին: Ես միջամտեցի, ձայնս բարձրացրեցի, իրենք պատճառաբանեցին, թե չի ենթարկվում: Մարդը ընդամենը խնդրանք է ներկայացրել, որ եթե կարելի է չնստեմ»:

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը խայտառակություն որակեց կատարվածը՝ ասելով, որ ժողովրդավարական երկրում նման բան չէր կարող լինել ու սա ապացույց է այն բանի, որ ՀՀ-ն դեռ շատ երկար ճանապարհ ունի անցնելու՝ ժողովրդավար լինելու համար. «Մենք տեսնում ենք, որ ոչ միայն խախտվում է քաղաքացու իրավունքները, այլ նաեւ նա ենթարկվում է բռնության»:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը հիշեցրեց, որ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ մի շարք այլ երկիրների դեսպանատների մոտ ցույցեր եղել են, չի կանխվել, բայց հենց ՌԴ դեսպանատան դիմաց ցույցը կանխվում է. «Սա ապացուցում է այն թեզը, որ ՀՀ-ում երբ հնչում են Պուտին, ՌԴ, ՀԱՊԿ, Էրդողան բառերը՝ գործում է ոչ թե ՀՀ օրենքը, այլ՝ ՌԴ-ի օրենքը ու մեր սուվերենությունը իջել է այն աստիճանի, որ այդ բառերը ՀՀ քաղաքացին իրավունք չունի ասելու: Դա սրացավ հատկապես Կոպիրկինի հայտարարությունից հետո: Սա ոստիկանության որոշելու հարցը չի, քաղաքական պատվերի հարց է: Այն դեպքում, երբ խոսում են ՌԴ-ի դեմ, քաղաքական պատվեր կա ծեփել պատերին, փռել ասֆալտին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930