Լրահոս
Օրվա լրահոսը

Բարերարների աջակցությամբ՝ Գոշում բացվել է համայնքային կենտրոն

Հոկտեմբեր 03,2022 23:23

Տավուշի մարզի Գոշ բնակավայրում հանդիսավորությամբ բացվեց տեղի համայնքային կենտրոնը։ Վերջինս հիմնանորոգվել և նոր շունչ է ստացել «Մելգոնեան» կրթական հաստատության նախկին սաներ` Աիդա և Ասպետ Փողարյանների աջակցության շնորհիվ։ Ամուսինների օգնությամբ գյուղի նախկին ակումբի շենքը վերածվել համայնքային կենտրոնի։ Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էր նաև Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը։

Ասպետ Փողարյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ դեռևս 2016 թվականից պլանավորել էր տեղափոխվել Գոշ՝ որպես պասիվ բնակավայր ու փորձել ներդրումների միջոցով ակտիվացնել գյուղացիների առօրյան: «Համայնքային կենտրոն կառուցելու աշխատանքները մեկնարկել են 2020 թվականին: Այս ընթացքում բազում խոչընդոտների միջով ենք անցել, սակայն մեր աշխատանքն այսօր երևում է: Մեր ցանկությունն է՝ Գոշ գյուղական բնակավայրը արվեստի այնպիսի կենտրոն դարձնելը, որ գյուղը զբոսաշրջիկներին հետաքրքրի ոչ միայն Գոշավանքով, այլև զբաղվելու ու ստեղծագործելու տարաբնույթ միջոցառումներով»,-հավելեց բարերարը:

Նորոգված համայնքային կենտրոնում կազմակերպվելու են մի շարք զարգացնող դասընթացներ և ձևավորվելու են տարբեր խմբակներ։ Այս նախաձեռնությունը մեծ ոգևորությամբ է ընդունվել բնակավայրի երիտասարդ սերնդի  կողմից։
«Համայնքային կենտրոնը հնարավորություն է տվել երիտասարդներին փորձ ձեռք բերել: Բնակավայրի երեխաները հաճախ հետ են մնում իրենց տարեկիցներից՝ տրանսպորտի անհասանելիության պատճառով: Իսկ այժմ, քանի որ հենց մեր բնակավայրում նման հնարավորություն կա, բոլորը ակտիվ կմասնակցեն խմբակներին և դասընթացներին»,- նշեց Գոշի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Գոհար Ամիրխանյանը:

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Դիլիջանի համայնքապետարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31