Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու հիշեցի դատավորների կալանավորման դեպքերից

Հոկտեմբեր 22,2022 13:00

«Կալանավորված կին դատավորի՝ իմ վերաբերմունքի մասին գրելուց ձեռնպահ կմնամ, քանի որ նա անհավասար վիճակում է: Սակայն մի բան ինձ անձնապես հուզում է՝ դատավորին տանել այն նույն դատարանը, ուր ժամեր առաջ նա աշխատւմ էր, նրա գործընկերների ձեռամբ կալանքն ապահովել, մերժելի է: Այդպես վարվեցիք Շենգավիթի դատավորի նկատմամբ, մարզերից մեկի դատավորի նկատմամբ: Դա կարծում եմ թուլության նշան է»: Ես սա գրեցի ֆեյսբուքյան իմ հարթակում, հուսալով՝ մասնագիտական խոսակցություն կծավալվի հարցի շուրջ: Սակայն այդպես էլ չստացվեց, որովհետեւ, երբ գրում ես «տանձ», միեւնույն է, հայտնվում են հաստիքային մեկնաբանողներ՝ «բա խնձորի մասին ինչո՞ւ չեք գրում», եւ ստացվում է, որ ՖԲ հարթակը, որպես լրագրողի գործիքակազմ, չի գործում: Իրականում, ես դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կալանավորման գործի նյութերին ծանոթ չեմ, իմ՝ ազատության մեջ գտնվողիս հետ նա անհավասար վիճակում է, ես չեմ վիճարկում կալանքը, այլ՝ խափանման միջոց ընտրելու ձեւը:

Հավանաբար սա էր պատճառը, որ հոկտեմբերի 19-ին ՀՀ դատավորների միությունը հանդես եկավ նման հայտարարությամբ, ուր մասնավորապես ասվում էր. «ՀՀ դատավորների միությունը հետեւում է վերջին օրերին դատավորների նկատմամբ քրեական հետապնդման հարուցմանը նախորդած ու ընթացիկ գործընթացներին։ Ապացույցների ձեռքբերման գործընթացում կամ վարույթի շրջանակում նվազ մտահոգիչ չեն նաեւ դատական ծառայողների (օգնական, գործավար) նկատմամբ կիրառվող հետապնդումներն ու հարկադրանքի միջոցները։ Օրինականության պահպանման հորդորով, հետեւելով հետագա զարգացումներին, անհրաժեշտության դեպքում հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ»:

Ինչո՞ւ հիշեցի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանին, որի մասին ակնարկել էի: Նմանությունը կհարցնեք՝ ո՞րն էր: 2017թ. սեպտեմբերի 28-ին Aravot.am-ը («Դատավոր Իշխան Բարսեղյանին դատարան էին բերել հողաթափերով ու սպորտային հագուստով») տեղեկացրեց. «Բարսեղյանի պաշտպանը Aravot.am-ին ասաց, որ իր պաշտպանյալին ՔԿՀ-ից դատարան են բերել ստիպողաբար՝ արյան բարձր ճնշմամբ, հողաթափերով եւ սպորտային հագուստով. «Այսօր ճնշումը եղել է, ըստ Իշխան Բարսեղյանի, 220-130 եւ նրան շատ ուժեղ դեղ են սրսկել, որպեսզի ընդամենը 10 րոպեում իջեցնեն ճնշումը եւ տեղափոխեն դատարան: Ճնշումը մինչեւ 130 է իջել, նրան ասել են, որ այսօր անպայման պետք է դատարան տեղափոխվի»: Ու բերել էին այն նույն դատարան եւ դատական գործընթացներն էլ ընթացան այն նույն դատարանում, որտեղ տասնամյակներ աշխատել էր դատավորը:

Ութ տարի առաջ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը կալանվեց, եւ դատապարտվեց ութ տարի անազատության՝ նույն դատարանի կողմից:

Բայց մենք ունեինք այսպիսի կալանում էլ. այս տարվա փետրվարի 7-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանի որոշմամբ, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվեց: Բորիս Բախշիյանի նկատմամբ հետապնդում է իրականացվում՝ Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք տված Նիկոլ Փաշինյանի աջակցին կալանավորելու համար, թեեւ ըստ պաշտպանական կողմի՝ ամբաստանյալն ինքն էր դրսեւորել ոչ պատշաճ վարքագիծ՝ չներկայանալով դատական նիստերին։ Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետեւանք:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. 2022 թվականի հոկտեմբերի 17-ին, Բարձրագույն դատական խորհրդի դռնփակ նիստում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2022 թվականի հոկտեմբերի 17-ին ներկայացված «ՀՀ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Հարությունի Ալեքսանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ» եւ «ՀՀ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Հարությունի Ալեքսանյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ» թիվ 7/58236222 եւ թիվ 7/58236222 միջնորդությունները բավարարելու մասին ԲԴԽ 2022 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ ԲԴԽ-100-Ո-Ք-4 եւ թիվ ԲԴԽ-100-Ո-Ք-5 որոշումները, ԲԴԽ-ն որոշել է դատավորի լիազորությունները կասեցնել՝ մինչեւ քրեական վարույթի ավարտը:

«Առավոտ» օրաթերթ
21.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31