Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Ոստիկանությունում մնացել եմ երեք ժամ: Օրս փչացրին»

Հոկտեմբեր 24,2022 22:20

ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Զարուհի Փոստանջյանին այսօր ցերեկը Հատուկ քննչական նախկին ծառայության մերձակայքից ոստիկանները ուժ կիրառելով բերման են ենթարկել ու տարել Արաբկիր բաժին:

Տեղի ունեցածը տիկին Փոստանջյանը Aravot.am-ին մեկնաբանեց այսպես.

«Տրամադրությունս եւ օրս փչացրին: Առաջին ատյանի դատարանը արդարացման վճիռ էր կայացրել իմ նկատմամբ հարուցված քրեական գործերից մեկով:

Երեք ժամ եմ մնացել ոստիկանությունում, հետո դուրս եմ եկել: Բերման ենթարկվելիս ձեռքիս տոպրակներ կային: Չգիտեմ, թե ինչից էին վախեցած, բայց ոստիկանությունում ընթերականեր կանչեցին ու տոպրակներս ստուգեցին: Հաստատ արգելված ինչ-որ իրեր էին փնտրում:

Երբ բաց էին թողնում, ասացի`ոնց բերել են, այնպես էլ հետ տանեն նույն վայրը: Մերժեցին` ասելով, թե միայն  կարող են իմ համար տաքսի կանչել: Բնականաբար, հրաժարվեցի: Դուրս գալուց առաջ պահանջեցի`տալ իմ ձերբակալության արձանագրության պատճենը, որտեղ գրված է, թե, իբր, ոստիկանի կողմից ինձ ներկայացվել է փողոցն ազատելու օրինական պահանջ, ես չեմ ենթարկվել, որի համար էլ ինձ ձերբակալել են:

Իրականում կատարվել է հետեւյալը: Արծրունի եւ Վաղարշյան խաչմերուկը, Կոմիտասի պողոտան Հրաչյա Քոչար փողոցից ոստիկանները փակել էին: Դա իմ ամեն օրվա ճանապարհն է: Մտածեցի, թե պայթյուն կամ վթար է եղել: Ինձ մոտեցավ մի ոստիկան, առաջարկեց ուղեկցել եւ օգնեց անցնել Վաղարշ Վաղարշյան փողոցը: Կարծում եմ, հետին միտք չկար: Դեմս հայտնվեց ՊՊԾ պետը: Ուժայինները կանգնած էին ՀՔԾ -ի առջեւ, իսկ ամբողջ տարածքում բազմաթիվ ոստիկանական ամենագնացներ ու մեքենաներ էին: Պարզվեց, որ նրանք վերահսկում էին Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը, որը գնացել էր ՀՔԾ: Ես հարցրի, թե թուրքե՞րն են եկել այստեղ, որ այդքան մեծ ուժերով հավաքվել են, ՊՊԾ պետն ասաց, թե ինչի՞ եմ վիրավորում: Ես էլ պատասխանեցի, թե թուրք բառն իրենց համար վիրավորակա՞ն է, իրենք թուրքերի հետ միասին խաղաղության դարաշրջան չե՞ն բացում: Եվ ՊՊԾ պետը, որի անունը, եթե չեմ սխալվում, Սարգիս Հովհաննիսյան է, հրահանգեց ինձ բերման ենթարկել: Սա է եղելությունը»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31