Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տվյալներ չունի՝ արդյոք Տիգրան Ավինյանը դադարեցրե՞լ է առեւտրային կառույցներում պաշտոնավարումները

Նոյեմբեր 08,2022 23:00

Հաղորդել ենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 27-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին «Առավոտը» դիմել էր գրավոր հարցմամբ՝ մասնավորապես նշելով․ «Համաձայն Երևանի պաշտոնական համացանցային կայքում 2022 թվականի հոկտեմբերի 27-ի դրությամբ առկա տեղեկատվության՝ Տիգրան Ավինյանը որոշակի պաշտոններ է զբաղեցնում առևտրային կազմակերպություններում և հիմնադրամներում։

Խնդրում ենք հայտնել՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում կամ Երևանի քաղաքապետարանում առկա՞ է արդյոք տեղեկատվություն Տ․ Ավինյանի կողմից առևտրային կազմակերպություններում զբաղեցրած պաշտոններից հրաժարվելու (պաշտոնավարումները դադարեցված լինելու), իսկ հիմնադրամներում ոչ վճարովի հիմունքներով աշխատանք կատարելու վերաբերյալ»։

Հայտնել էինք նաեւ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը խախտեց գրավոր հարցմանը պատասխանելու համար օրենքով սահմանված ժամկետներն ու կարգը։ Միայն հրապարակումից հետո հանձնաժողովի ղեկավար Հայկուհի Հարությունյանի ստորագրությամբ ստացանք հետեւյալ պատասխանը․

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված է, ապա տեղեկատվություն է տրամադրվում հրապարակման միջոցի, վայրի եւ ժամկետի մասին տեղեկությունը։ Հաշվի առնելով նշված իրավակարգավորումը՝ խնդրում ենք Հանձնաժողովի պաշտոնական կայքում հետեւյալ հղումով՝ ծանոթանալ Տիգրան Ավինյանի կողմից 2022 թվականի հոկտեմբերի Պաշտոնատար անձի՝ պաշտոնեական պարտականություններն ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների եւ շահերի հայտարարագրին, մասնավորապես՝ հայտարարագրի Գ.1. Հայտարարատու պաշտոնատար անձի, նրա ընտանիքի անչափահաս անդամների եւ խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց եկամուտները բաժնում եւ Ե. Հայտարարատու պաշտոնատար անձի շահերի հայտարարագիր բաժիններում առկա տեղեկություններին։

2. «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ եթե տեղեկատվություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությանը վերաբերող բոլոր տվյալները, ապա նա դիմողին տալիս է տվյալների այն մասը, որն ունի, իսկ հնարավորության դեպքում գրավոր հարցման պատասխանում նշում է նաեւ այդ տեղեկատվությունը տնօրինողի տվյալները։

Հաշվի առնելով նշված իրավակարգավորումը՝ առաջարկում ենք Ձեզ դիմել ՀՀ Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ [email protected] էլեկտրոնային հասցեով կամ Պետական եկամուտների կոմիտե՝ 1 Եզնիկ Կողբացու փողոց, Երեւան 0015 հասցեով Տիգրան Ավինյանի կողմից առեւտրային կազմակերպություններում զբաղեցրած պաշտոններից հրաժարվելու (պաշտոնավարումները դադարեցված լինելու) վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար»։

Ամփոփենք՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղյակ չէ եւ չի ուսումնասիրել ու ճշտել տվյալները, թե արդյոք Տիգրան Ավինյանի հրաժարվել է առեւտրային կազմակերպություններում զբաղեցրած պաշտոններից: Դարձյալ հիշեցնում ենք, որ Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք (բացառությամբ համայնքի ավագանու անդամների) և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից»։

Ինչեւէ, կդիմենք նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հուշած հասցեներով։ Հույս հայտնենք, որ այս դեպքում կպահպանվեն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930