Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենթալիտետը» ճակատագիր կամ դատավճիռ չէ

Նոյեմբեր 30,2022 14:00

Ինչպես անցնել «ցեղային կենցաղից» դեպի պետականաշինություն

«Ուրարտացիք հին ժամանակներում, Պարսիկն ու Պարթեւն՝ այնուհետեւ, մեր աշխարհին տիրեցին, եւ մեր ազատն ու ավազանին նրանց թեւի տակ ապրեցին: Նրանք (այսինքն՝ հայերը – Ա.Ա.) գերադասեցին ազատ ցեղ եւ իշխանություն մնալ՝ օտարներին ստորադաս, քան հավաքաբար մի ազգային ու բնիկ պետություն կազմել: Ցեղական կենցաղն ու մտայնությունը շատ ավելի արմատացած եւ զորավոր եղան, քան պետականաշեն մղումը»: Այս մտքի հեղինակն է նշանավոր մտավորական եւ դաշնակցական գործիչ Նիկոլ Աղբալյանը: Բնականաբար, այդ դառը ճշմարտություններին նա անդրադարձել է Առաջին հանրապետության կործանումից հետո: Քանի որ այսօր մենք ընդհուպ մոտեցել ենք Երրորդ հանրապետության կորստին, կարծում եմ, արդիական է հարցը՝ արդյոք այդ ճշմարտությունը դառը լինելուց բացի, նաեւ հավե՞րժ է:

Այս հարցը քննարկելիս՝ մենք անխուսափելիորեն հանգում ենք հետեւյալ հարցին՝ գոյություն ունի՞ արդյոք «ազգային մենթալիտետ» (մտահայեցողություն) կոչվող երեւույթը: Ազատական քաղաքական դպրոցի ներկայացուցիչներն այդ հասկացությունը կտրականապես մերժում են, քանի որ այն հասկանում են որպես ի վերուստ տրված ճակատագիր, որին հնարավոր չէ դիմադրել, իսկ նման «անշարժությունը», բնականաբար, խոչընդոտում է ազգի զարգացմանը: Ամեն մի ազգ, ասում են նրանք, ունի իր արժեքները, իր մշակույթը, բայց դրանք քարացած երեւույթներ չեն՝ ժամանակի հետ հետ փոխվում, զարգանում են: Հետազոտողները նշում են, օրինակ, որ գերմանացիները միայն 19-20-րդ դարերում են սկսել ընկալվել որպես ճշտապահ եւ կազմակերպված, իսկ 18-րդ դարում դրսեւորվում էին ավելի շատ որպես ռոմանտիկներ: Եվ դա ոչ միայն օտարների կողմից ընկալման հարց է, այլեւ «մենթալիտետի» իրական փոփոխության: Այդ փոփոխությունը, ենթադրում եմ, 19-րդ դարի գերմանացի ինտելեկտուալների, ինչպես նաեւ Օտտո Բիսմարկի ղեկավարած պետության գործունեության արգասիք է:

Հայերը, որպես պետականամետ ազգ, ինչպես իրավացիորեն նշում է Նիկոլ Աղբալյանը, առանձնապես չեն դրսեւորվել՝ սրբորեն պահպանելով, սակայն, էթնիկ մշակույթն ու կրոնը: Եթե առայսօր չեն դրսեւորվել, ապա դա չի նշանակում, թե դա երբեք տեղի չի ունենա, եւ այս առումով «մենթալիտետն», իհարկե, ճակատագիր չէ:

Բայց այստեղ պետք է երկու վերապահում անել: Առաջինն այն է, որ մեր ժողովրդի մտավոր վերնախավի ներկայացուցիչները պատմության տարբեր ժամանակներում ունեին նման ծրագրեր կամ գոնե երազանքներ: Բայց մի բան է, ինչպես ասում են, «դպրոցների եւ վանքերի», մեկ այլ բան՝ գյուղական համայնքների մշակույթը: Երկրորդ՝ մեր աչքի առաջ 1988-90 թվականներին ձեւավորվում էին պետական մշակույթի ծիլեր, որոնք, սակայն, «բույս» չդաձան: Մի շարք պատճառներով հիմնական զանգվածն ասաց՝ «թքած ունենք պետության վրա, ուզում ենք լավ ապրել»:

Թե որոնք են դրա պատճառները, առանձին վերլուծության առարկա պետք է լինի, բայց ուշադրություն դարձնենք մի հետաքրքիր հանգամանքի վրա. այդպես էին մարդիկ ասում թե՛ 1994-ի հաղթանակից, թե՛ 2020-ի պարտությունից հետո: Դրանից կարելի է առնվազն այն հետեւությունն անել, որ հաղթանակներն ու պարտությունները զանգվածային գիտակցության մեջ ուղղակիորեն չեն կապվում պետականության հետ:

Մարդիկ պատրաստ են իրենց դրսեւորել որպես հերոս, որպես հայ ազգի արժանավոր զավակ, որը լուծում է իր նախնիների վրեժը, բայց չգիտեն, թե ինչ է լինել պետության քաղաքացի եւ ամենակարեւորը՝ չգիտեն, թե ինչի համար է պետք լինել քաղաքացի: Եթե չգիտեն եւ չեն ուզում իմանալ, դա հաստատ «մենթալիտետ» չէ եւ, հետեւաբար, դատավճիռ չէ: Ազատական գաղափարների ջատագովների հետ միասին, ես էլ եմ կարծում, որ մարդկանց ու հասարակություններին հնարավոր է եւ պե՛տք է քաղաքակրթել, լուսավորել:

Այժմ մեր հասարակությունը գտնվում է առավել խորը ճգնաժամի մեջ, քան երբեւէ եղել է վերջին 30 տարիների ընթացքում: Գուցե իմ կարծիքը տարօրինակ թվա, բայց ինձ թվում է, որ այդ ճգնաժամի առավել ցայտուն արտահայտությունն այն է, որ չկա պարտության հետ կապված ցավի, ամոթի, նվաստացման զգացողություն: Երբ ֆիզիկական օրգանիզմը բարձր ջերմություն ունի, նշանակում է՝ այն դիմադրում է հիվանդությանը: Շատ ավելի լուրջ է խնդիրը, երբ դիմադրություն չկա: Հակված եմ մտածել, որ մեր հասարակության պարագայում ցավը դեռեւս «տեղ չի հասել»:

Ինչպես բուժել հասարակական հիվանդությունը, որը, ինչպես, երեւի, համոզվեցինք՝ «մենթալիտետի» հետ կապ չունի: Եթե կարճ, ապա՝ քաղաքացիական դաստիարակությամբ: Պետք չէ հայրենասիրություն քարոզել՝ բոլորս առանց այդ էլ հայրենասեր ենք: Ընդ որում, աշխարհում ապրող տասնյակ, գուցե հարյուր հազարավոր հայերի համար «հայրենիքն» ամենեւին Հայաստանի Հանրապետությունը չի: Բոլոր դեպքերում պետք է սկսել հայաստանցիներից, եւ հիմնական պատումը (նառատիվը) պետք է լինի ոչ թե հայրենասիրությունը, այլ պետականաշինությունը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aha says:

    Excellent article! I think the historical absence of a state mentality among us is, in significant part, conditioned by objective geopolitical factors. Since times immemorial, Armenia has been surrounded by powerful neighbors/empires who have fought their wars on our territory and used us as buffer between rivals: Persian-Roman, Byzantine-Seljuk, Persian-Ottoman, Russian-British, Soviet-Western, today Russian-Western, and perhaps soon Iranian-Western. I’m not even referring to pure and simple conquests (Arab, Mongol). It is as if our people have always instinctively sensed that focusing on a state would be too rigid of a solution and that it would basically imply playing the survival game with the rules of the states/empires surrounding us (wars, rebellions, more destruction, waste of human resources, etc). A game that we would not be able to win because of objective reasons (geographic location, population, resources, allies, etc). Instead – emphasizing flexibility, lucidity, and adaptability (kiss the hand that you can’t cut) – Armenians focused on making the best of the situation and thrive within the states that they ended-up in. The focus was thus religion and culture, administration and logistics being left to the church.

    As the editor notes, what was once does not have to repeat itself indefinitely! The idea of a state itself is evolving and new thinkers from the technology world are trying to come-up with new definitions, parameters, formats of what a state can be in he near future. I will thus humbly suggest the editor to have a look at the following E-book written by a prolific silicon valley thinker as an indicator of things that could potentially take form in the mid to long term. https://thenetworkstate.com/
    No need to read all of it, just the summary. See how us Armenians could be a quite good fit for the suggested format, at least in my opinion 😉

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930