Արվեստագետ Սերիկ Դավթյանի հանդիպումը Պարսկական արքայազնին
Նրա մասին ասում էին, որ նա շատ նման էր իր հմայիչ ծննդավայրին՝ Դիլիջանին… Այդպես են հիշում արվեստագետ, ազգագրագետ, մանկավարժ, հասարակական-պետական և ՀՍՍՀ Արվեստի վաստակավոր գործիչ, դեկորատիվ-կիրառական արվեստի մասնագետ Սերիկ Ստեփանի Դավթյանին (1893-1978թթ.): Եվ իսկապես, նրա հոգեկերտվածքի եւ ներաշխարհի ձեւավորման վրա մեծ ազդեցություն է թողել ծննդավայրը եւ ուսուցիչ հայրը: Երկուսին էլ կապված էր մի անբացատրելի, անեզրական սիրով ու քնքշանքով:
Հարուստ կենսագրություն ունենալով՝ Ս. Դավթյանն ուներ նաև բազում հիշողություններ՝ կապված Հովհ. Թումանյանին, Ղ. Աղայանին, Գ. Բաշինջաղյանին, Պ. Պռոշյանին, Քր. Կարա-Մուրզային, դերասանուհի Հասմիկին, Գ. Սունդուկյանին, Լեոյին, Գար. Հովսեփյանին, Ն. Մառին, զորավար Գային, Դրոյին եւ Ռուբեն Դարբինյանին, Ալ. Մյասնիկյանին, Ավ. Իսահակյանին ու Մ. Սարյանին, Արա Սարգսյանին, Մ. Գորկուն: Սերիկն իր ինքնակենսագրականում նրանց բոլորի մասին քիչ կամ շատ անդրադառնում է:
Կարդացեք նաև
Մի քանի տարի առաջ Ս. Դավթյանի կենսագրական անհայտ էջ հայտնաբերեցի նրա տնային արխիվում, թերևս այն՝ ինչ մնացել էր ու պետք է հանգրվաներ Դիլիջանի Երկրագիտական-թանգարան պատկերասրահում (որի հիմնադիրն է եղել 1920թ., Նիկոլ Աղբալյանի թույլտվությամբ): Պարզվեց, որ նրա կյանքի անցյալի մեկ-երկու էջ պարսկական աղերս ունի: Մտածում էի, որ Սերիկի կյանքի կտավն էլ տարբեր է, իր ասեղնագործությունների նման գունեղ ու հարուստ:
Առանձին մի թղթապանակում, մեքենագիր տարբերակով և Սերիկի ձեռագրով՝ սրբագրումներ էին դրված: Նրա հիշողություններն էին անցյալից ու տեսածից, որոնցում Խրիմյան Հայրիկն ու Թումանյանն էին, Իսահակյանը և Սարյանը, հասարակ, գյուղացի հայ կանանց հետ իր բանահավաքչական զրույցներն ու ստեղծագործական մի քանի պատմվածք: Մի պատմություն աչքս զարնեց՝ վերնագրել էր «Աշուղն ու շահը»: Այն կապված էր իր մանկության հիշարժան մի դրվագի՝ Իրանի շահի Դիլիջան այցելությանն ու, հետո արդեն պատմում է մի կույր աշուղի մասին, որին տեսել է Դիլիջանում, ու որի հեքիաթները շատ է սիրել լսել ու գրառել: Հիշում է, որ շարունակ խնդրում էր նրան. «Պապի՛, մի հեքիաթ կպատմե՞ս: …Ես մոտեցել էի նրան և չէի ուզում հեռանալ: Ես ուզում էի, որ նրա աչքերը բացվեն, նա կույր չլինի, որ ինձ տեսնի և ինձ համար հեքիաթներ պատմի ու նվագի: Ինձ թվում էր, որ եթե շոյեմ նրա երեսը՝ աչքերը կբացվեն»:
Մայրը միշտ կերակուր էր տալիս կույր ծերունուն ու նրան ուղեկից պատանուն, չմոռանալով նախատելով դստերը՝ աշուղին հանգիստ թողնել: Սակայն ապարդյուն: Սերիկն իր հեքիաթը ստանում էր ու իրեն թվում էր, որ. «Բարի ժպիտը աչքերի փոխարեն լուսավորում էր նրա դեմքը»:
«Աշուղն ու շահը» մարդկային արարքի ու որդիական սիրո մասին համեմատական պատմվածք է (առաջին մասը վերաբերվում է շահին, երկրորդը՝ աշուղին): Այն սկսվում է Պարսից շահի դիլիջանյան այցով, որից պարզվում է, որ Սերիկը 6,5 տարեկանում տեսել է Իրանի շահ Մուզաֆար Էդ-Դինին (Նասր Էդ-Դին շահի որդին): Մնում էր միայն փաստերը և ճշտել ժամանակագրությունը, ինչն էլ արեցի: Գրել է 1959 թվականին:
1890թ. «Մշակ» թերթն անդրադառնում է, որ Իրանի Քաջարական դինաստիայի Նասր Էդ-Դին շահը (կառ. 1848–1896թթ.), հետագայում նրա որդի Մուզաֆար Էդ-Դինը (կառ. 1896–1907թթ.), իրենց ներքին քաղաքականության մեջ քրիստոնյաների, հատկապես՝ հայերի հանդեպ շատ բարյացակամ և հովանավորչական վերաբերմունք էին վարում՝ բազմաթիվ արտոնություններ տալով:
1900թ. մայիսին, Մուզաֆար Էդ-Դինինը, որին ժամանակակիցները նկարագրում են որպես միջահասակ, նուրբ ու գեղեցիկ մի անձի, որոշում է մեկնել արտասահման բուժման: Երթուղին ընտրվում է Երևանով Դիլիջան, Աղստաֆա, Բաքու, այնուհետև Ֆրանսիա և այլ եվրոպական մայրաքաղաքներ, Պետերբուրգ, իսկ հետդարձը պետք է լիներ Կովկասով: Որոշված էր, որ Պարսկաստան վերադարձից առաջ պետք է այցելի Էջմիածին:
Այդ կապակցությամբ Դիլիջան գավառական քաղաքը նախապատրաստվում է պատվարժան հյուրին դիմավորելուն, որը պետք է ժամաներ մայիսի 13-ին: Դիլիջան քաղաքի և մերձակա գյուղական վայրերի բնակիչները հավաքվում են Շահին ողջունելու: Կազակների ուղեկցությամբ ներկայանում է նաև Արդահանյան գունդը:
Պատվիրակության թափորը քաղաք է մտնում ադյուտանտ Արսենևի ուղեկցությամբ: Դիլիջանցիները հյուրին դիմավորում են մեծ ցնծությամբ, որին ուղեկցում էին Սադրազմը (Մեծ Վեզիր), պալատական բժիշկը և սպասավորները: Քաղաքի տարեցները երկար ժամանակ հիշել ու պատմել են, որ այդ օրը երեկոյան՝ Դիլիջանը շրջապատող սարերի գագաթներին, ի պատիվ հյուրի, խարույկներ են վառում:
Շահի հետ հանդիպման իր կյանքի դրվագը Սերիկը այսպես է հիշում. «Շատ վաղուց էր: Դեռ երկաթուղի չկար մեզ մոտ: Պարսից թագաժառանգը կառքով անցնում էր Հայաստանով մինչեւ Աղստաֆա կայարան, որ գնա Պետերբուրգ: Ռուսաց թագավորը կարգադրել էր, որ թագաժառանգին ամեն տեղ դիմավորեն և ճանապարհ դնեն: Դիլիջանում շահի համար իջևանելու տեղ էին պատրաստել փոստ-հեռագրատան պետ Բակրաձեի տանը: Մի գիշերվա մեջ զարդարեցին ճանապարհը: Անտառից կտրել բերել էին եղևնիներ և տնկել ճանապարհի երկու կողմից սկսած՝ Երևանի կամուրջից մինչև Դիլիջանի կենտրոնը: Միահասակ եղեւնիներից պարաններ էին կապել և կախել չինական գույնզգույն լապտերներ: Հողի վրա, ծառերի արանքում, շարել էին ձեթի ճրագներ: Ծառերով եզերված ճանապարհը ծածկել էին տներից հավաքած գորգերով:
Կամուրջի մոտ իջնելով կառքից, թագաժառանգը իր ուղեկիցների ու դիմավորողների հետ քայլեց գորգերի վրայով: Ռուսաց եկեղեցու մոտ (որ այժմ ծաղկանոց է) զինվորական մասերն էին կանգնած, փողային երաժշտախումբը դիմավորեց թագաժառանգին պարսկական ու ռուսական մարշերով (հիմն-Մ.Ք.): Գորգերի վրայով քայլելով՝ հյուրերը հասան փոստ-հեռագրատուն: Շուրջը հավաքված ժողովրդի մեջ կանգնած էր հայրս՝ ինձ գրկած: Շահը նայելով ժողովրդին՝ նկատեց մեզ և ձեռքով նշան արեց, որ մոտենանք: Հայրս կարծելով, որ ուրիշի է կանչում՝ հետ-հետ գնաց, որ ճանապարհ տա:
-Ստեփա՛ն, քեզ է կանչում, քե՛զ,- ամեն կողմից դիմեցին հորս:
Հայրս դանդաղորեն մոտեցավ նրան: Թագաժառանգը մի քանի քայլ մոտենալով դեպի մեզ, ձեռքով շոյեց դեմքս ու ասաց. «Չոխ կաշանգ, չոխ կաշանգ» (շատ սիրուն), հետո նա շրջվեց դեպի իր մի պաշտոնյան և ինչ-որ բան ասաց:
Իմ բարձունքից ես տեսա, ինչպես այդ մարդը բացեց ոսկով լի դրամապանակը և մատներով երկու ոսկի վերցրած ուղղեց ինձ: Ես չվերցրի, հայրս լուռ էր:
-Ստեփա՛ն, ասա՛ վերցնի, ասա վերցնի՛,- ամեն կողմից դիմեցին հորս:
Հայրս սառը շեշտով ասաց՝ «Վերցրո՛ւ…»: Ես վերցրի երկու բարակ պարսկական ոսկեդրամները: Շահը հագնված էր շատ շքեղ. հագուստը զարդարված էր ոսկեթել ուռուցիկ բանվածքով: Նա գրավելով բոլորի ուշադրությունը՝ մտավ շենք:
Մենք վերադարձանք տուն, ես ոսկիները տվեցի մորս: Նա ինչ-որ բան ասաց թագավորների, շահերի մասին: Երեկոյան վառեցինք չինական լապտերները ու ձեթի ճրագները: Հրավառությունը գիշերվա մութի մեջ գեղեցիկ էր: Շուտով հանդիպումը թագաժառանգի հետ հուշ դարձավ և հուշն էլ մոռացվեց…»:
Սերիկի լուսանկարների տնային արխիվում, այդ հիշարժան օրվանից, պահպանվել է մի նկար՝ հյուրին դիմավորող բազմությունը, որի առաջին շարքում կանգնած երևում է հայրը՝ Ստեփանը (հրապարակվում է առաջին անգամ):
Նույն թվականի հոկտեմբերին՝ հայրենիք վերադարձի ճանապարհին, Շահը կրկին հանգրվանում է Դիլիջանում: Բնակչությունն ու զորքը նրան ողջունում են: Աշակերտները ծաղիկներ են նվիրում, իսկ դիլիջանցի ուսուցչուհի օրիորդ Չուխաջյանը՝ մի ասեղնագործ աշխատանք է ընծայում հյուրին: Դիլիջանից շահը մեկնում է Երեւան, հետո՝ Էջմիածին, այցելելով Կաթողիկոս Խրիմյան Հայրիկին: Վանքի մատենադարանում՝ Վեհափառը շահին ցույց է տալիս մի քանի պարսկական ձեռագրեր, ծանոթացնում դրանց բովանդակությանը: Այս դրվագից շահը շոյվում է՝ ցանկություն հայտնելով այցելել Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարան, որին մեկնելուց առաջ 1000 թուման է նվիրում:
Պարսից թագաժառանգին հիշելուց հետո, Սերիկը շարունակել է հիշողությունները նույն օրը իրենց բակ եկած կույր աշուղի և նրան ուղեկցող գանգրահեր տղայի մասին, իսկ խոսքի ավարտին այսպես է ասում. «Երկար տարիների միջով ինձ հետ գալիս է հուշը աշուղի, կենդանի է նրա ծաղկոտ դեմքը, խելացի, բարի ժպիտները: Երկար տարիների միջից հնչում է կույր աշուղի ձայնը… Իսկ թագաժառանգը՝ հեռացել է, մոռացվել: Ոսկեհուռ հանդերձները, շքեղ հանդիսավորությունը չքացել են, անհետացել տարիների խորքում…»։
Մերի ՔԵՇԻՇՅԱՆ
Սերիկ Դավթյանի կենսագիր
«Առավոտ» օրաթերթ
06.05.2026




















































