Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա Ադրբեջանի հերթական փորձն է, բայց նա արցախցիներին լավ չի ճանաչում»․ Արթուր Խաչատրյան

Դեկտեմբեր 12,2022 13:02 Share

«Սա Ադրբեջանի հերթական փորձն է՝ քաղաքական, ռազմական, բարոյական ճնշում գործադրելու Արցախի ժողովրդի վրա, որպեսզի համակերպվեն պարտության հետ։ Իրենք արցախցիներին լավ չեն ճանաչում, եւ 30 տարվա պարտությունն Ադրբեջանին այնքան էլ լավ դաս չեղավ», – խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Հիշեցնենք՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր տեղեկացրել էր, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները կրկին սադրանք են իրականացնում Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհի Շուշիի հատվածում ու արդեն վրան են տեղադրել։

«Որպեսզի կարողանանք պահել Արցախը, ՀՀ-ն չի կարող նման կրավորական մոտեցում ցուցաբերել, կարծես հարցը Կոնգոյին է վերաբերում, ոչ թե Արցախի Հանրապետությանը եւ Ադրբեջան ագրեսորին։ Չենք կարող մեր հայրենակիցներին մենակ ու անտեր թողնել Ադրբեջանի դեմ։ ՀՀ-ն միշտ ունեցել է հանձնառություն՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, եւ որեւէ մեկն այդ հանձնառությունը ՀՀ-ի ուսերից չի վերցրել»,-շեշտեց Արթուր Խաչատրյանը։

Նա նկատեց՝ հարցադրումներ են առաջանում, որ միջանցքը ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում է, բայց, այնուամենայնիվ, նոյեմբերի 9-ի փաստաթղթով ՀՀ-ն ձեռքերը չի լվացել Արցախից․ «Այո, խաղաղապահները պետք է լինեն, բայց դա չի նշանակում, թե ՀՀ-ն պետք է հրաժարվի իր հանձնառությունից։ Եթե ՀՀ իշխանությունը հույսը դնում է բացառապես խաղաղապահների վրա, պետք է գիտակցի դրա պատասխանատվությունը։ Որոշ իշխանական պատգամավորներ Զելենսկու ելույթի ժամանակ չպետք է ոտքի վրա ծափահարեն, ինչպես գրվել է մամուլում։ Եթե ՀԱՊԿ-ն առաջարկում է ռազմատեխնիկական աջակցություն, չի կարելի կամակոր երեխայի նման ասել, որ չէ՝ մենք քաղաքական հայտարարություն ենք ուզում։  Իշխանությունը պետք է աներ այն, ինչ նախկինում էր արվում՝ Արցախի ժողովրդի անվտանգությունն  ու ինքնորոշման իրավունքն ապահովելու համար»։

Արթուր Խաչատրյանը հարցադրում արեց՝ երբ Ադրբեջանը Բերձորի միջանցքը փակելու նպատակով առաջին սադրանքներն էր անում, Արցախի բնակչությանը զրկում գազամատակարարումից, ՀՀ իշխանությունը որեւէ բան ձեռնարկե՞լ է, դիմե՞լ է միջազգային հանրությանը․ «Եթե աներ, սա չէր կրկնվի։ Սա վերջինը չի լինելու, էլի են անելու նման բաներ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031