Լրահոս
Օրվա լրահոսը

Եզրաբանության հարց եւ ավելին․ միջանցքներ եւ տարանցիկ երթուղիներ․ Ժիրայր Լիպարիտյան

Հունվար 25,2023 14:38

2023 թ. հունվարի 19-ին հեղինակը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանալեզու ծառայությանը, որի առանցքը տվյալ պահին դեռեւս չհրապարակված ներքոշարադրյալ հոդվածում ներկայացված Նախիջեւանի «միջանցք»ի վերաբերյալ փաստարկն էր։ Այն ընկալումը կար, որ 15 րոպեանոց հարցազրույցը թողարկվելու էր առանց այնպիսի խմբագրման, որը կարող էր փոխել հարցազրույցի իմաստը: Ծառայությունն իր լրատվական ծրագրում գործածեց այդ հարցազրույցից երկու րոպեանոց մի հատված եւ դուրս թողեց Նախիջեւանի միջանցքին առնչվող առավել առանցքային մասը։

 (Սույն հոդվածի անգլերեն բնագիրը լույս տեսավ հունվարի 23ին Բոստոնում հրատարակվող Armenian Mirror-Spectatorում։ Հոդվածի հրապարակումից հետո «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանալեզու ծառայությունը իր կայքում հրապարակեց հարցազրույցի սղագրությունը 

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնճռոտ հարցերից մեկը, եթե ոչ ամենակնճռոտը, Ադրբեջանի այն պահանջն է, որը նա անվանում է «միջանցք», որն իր հարավարեւմտյան շրջանները պիտի միացնի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը՝ Հայաստանի տարածքով Ադրբեջանից առանձնացված էքսկլավին: Միջանցքը կառաջարկվի անցկացնել Հայաստանի հարավում գտնվող Մեղրու շրջանով։

Միջանցքին վերաբերող մանրամասները փոխվել են, եւ Բաքուն կարծես թե կարող է ամբողջական կամ գրեթե լիակատար վերահսկողություն պահանջել այդ անցուղին կազմող հողատարածքային հատվածի նկատմամբ՝ ի հաշիվ Հայաստանի ինքնիշխանության:

Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի եռակողմ հայտարարության (որը վերջ դրեց 44-օրյա պատերազմին) 9-րդ կետը սահմանում է.

«Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»:

«Անխոչընդոտ տեղաշարժի» դրույթի ձեւակերպումը հստակեցնում է տրանսպորտային այդ կապերի երեք հիմնական հատկանիշները.

1.Տրանսպորտային հաղորդակցության անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է. եւ դա այդպես է, քանի որ այն հողերը, որոնք կապուղիներ են առաջարկելու, գտնվում են Հայաստանում՝ Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Այնուամենայնիվ, Ռուսաստանը որոշ տեսակի վերահսկողական պատասխանատվություն է ունենալու այդ հաղորդակցային ուղիների համար։

2.Այդ ուղիների վրա լինելու է ինչ-որ տեսակի ռեժիմ, որը դյուրացնելու է տրանսպորտի հարցը։

3.Դրույթը վերաբերում է մեկից ավելի հաղորդակցային ուղիների, թեեւ տարաձայնությունները հաճախ ներկայացվում են այնպես, կարծես վերաբերում են մեկ այդպիսի կապուղու կամ միջանցքի:

Այս առումով առաջին դիտարկումն այն է, որ տրանսպորտային այդպիսի կապերի համար «միջանցք» եզրի օգտագործումը տեղին չէ. այն նաեւ վնասակար է։ Եթե զինադադարի մասին հայտարարությունը ստորագրող կողմերը մտադիր լինեին, որ Նախիջեւանին վերաբերող կապուղիները «միջանցքներ» լինեին, նրանք հայտարարության մեջ կօգտագործեին այդ եզրը, ինչը պատրաստակամորեն արել են Հայաստան-Ղարաբաղ կապը բնութագրելու համար: «Տրանսպորտային կապերը», ինչպես օգտագործված է Հայտարարության մեջ, կամ «տրանսպորտային երթուղիները» նվազ սպառնալից եզրեր են եւ հեշտացնում են հարցի շուրջ քննարկումները կամ բանակցությունները:

Սակայն Նախիջեւանի հետ կապ(եր)ի առնչությամբ «միջանցք» եզրի գործածությամբ Բաքուն, եւ հաճախ Անկարան, ենթադրում են համարժեքություն եւ ձգտում են համազորություն ստեղծել Լեռնային Ղարաբաղի ու Նախիջեւանի կացությունների միջեւ:

Դա կեղծ համարժեքություն է։ Ղարաբաղը եւ Նախիջեւանը տարբեր կարիքներ ունեն, գտնվում են շատ տարբեր իրականություններում. եւ նրանց առջեւ միեւնույն սպառնալիքներն ու վտանգները չեն ծառացած։

1.Նախիջեւանը Հայաստանի կողմից շրջափակված լինելու պատմություն չունի, ինչպես բազմաթիվ անգամներ Լեռնային Ղարաբաղն է շրջափակվել Ադրբեջանի կողմից։ Ղարաբաղը շրջափակված էր նույնիսկ 1991 թ.-ին՝ առաջին պատերազմը սկսվելուց առաջ: Առնվազն առաջին պատերազմի սկզբնական փուլերում, երբ Հայաստանը փորձում էր համոզել Բաքվին՝ դադարեցնելու Ղարաբաղի դեմ իր ռազմական ագրեսիան, եւ դեռ հնարավոր էր դա անել. Հայաստանն առաջարկել էր բաց պահել Արեւմտյան Ադրբեջանի ու Նախիջեւանի միջեւ իր ճանապարհները։ Բաքուն է, որ մերժել է ընդունել այդ առաջարկը։

2.Հայաստանը երբեւէ չի սպառնացել ռմբակոծել եւ փաստացի չի ռմբակոծել Նախիջեւանի բնակչությանը կամ քաղաքացիական կառույցները՝ ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի վարմունքի, երբ նա օգտագործեց իր օդուժն ու հրետանին՝ Ղարաբաղի գյուղերն ու քաղաքները գնդակոծելու համար։ Հակամարտության սկզբում եղել են սահմանային փոխհրաձգություններ, սակայն երկու պատերազմների ընթացքում էլ Նախիջեւանը անվտանգ է մնացել։

3.Նախիջեւանը չի կարող շրջափակված լինել Հայաստանի կողմից, ինչպես Ղարաբաղն է շրջափակվել անցյալում եւ ներկայումս եւս շրջափակված է Ադրբեջանի կողմից։ Նախիջեւանը սահմաններ ունի Թուրքիայի եւ Իրանի հետ, ինչը նրան հաղորդակցության ու կապի միջոցներ է տրամադրում Ադրբեջանի երկու հարեւանների հետ եւ, եթե Հայաստանի կողմից որեւէ գործողություն լինի, այդ միջազգային սահմանների առկայությունը նրան տրամադրում է հումանիտար ճգնաժամերից խուսափելու տարբերակներ: Այդ սահմաններն օգտագործվել են տասնամյակներ շարունակ։ Իրականում, երկու սահմաններն էլ խիստ գործուն են, եւ Բաքուն անցած տարի պայմանագիր ստորագրեց Իրանի հետ՝ Հայաստանը շրջանցող առկա երթուղիները զարգացնելու մասին։ Ղարաբաղը անկլավ է, շրջապատված ադրբեջանական հողերով. Ղարաբաղը նման հնարավորություն չունի, բացի Լաչինի միջանցքից։

4.Ի վերջո, Նախիջեւանն իրավական կարգավիճակ ունի Ադրբեջանի կազմում՝ որպես ինքնավար հանրապետություն, ինչն ամրագրված է բազմաթիվ պայմանագրերով, այդ թվում՝ 1921 թ. Կարսի պայմանագրով: Ադրբեջանը հրաժարվում է անգամ ճանաչել Լեռնային Ղարաբաղի խորհրդային ժամանակաշրջանի կարգավիճակը՝ որպես ինքնավար մարզ։

Արագացված տրանսպորտային ռեժիմ սահմանելու մասին Ադրբեջանի պահանջը հասկանալի է։ Դրան կարելի էր հասնել տարբեր մեխանիզմների միջոցով, Երեւանը, կարծես, նման մի բանաձեւ առաջարկել է. կարող են լինել եւ այլ առաջարկներ: Բայց Ադրբեջանի կողմից խոհեմ չէ ավելին պահանջելը, ինչպես, օրինակ՝ ադրբեջանական գերիշխանություն միջանցքի նկատմամբ, երբ խնդիրը կարող է լուծվել առանց պահանջելու մի բան, ինչ Հայաստանը կամ ինքնիշխան որեւէ այլ երկիր չի կարող զիջել։ Հատկապես, որ նման զիջումը հիմնավորված չէ ո՛չ որեւէ կարիքով, ո՛չ էլ 2020 թ. նոյեմբերի 9-ի Հայտարարության մեջ օգտագործված եզրաբանությամբ։

Պետք է նաեւ նկատի ունենալ այն փաստը, որ Լաչինի միջանցքը, որը Բաքուն ցանկանում է կրկնօրինակել Նախիջեւանի համար, մնում է Ադրբեջանի ինքնիշխանության ներքո, իսկ ռուսական ներկայությունը խնդրահարույց է երկու առումով. (ա) ռուս խաղաղապահները չունեն հստակ մանդատ՝ նույնիսկ ցուցարարներին հեռացնելու համար, ցուցարարներ, որոնք խոչընդոտում են այդ ուժերին՝ կատարելու իրենց աշխատանքը, այն է՝ ապահովել գործող տրանսպորտային կապը Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ, եւ (բ) համաձայն նոյեմբերի 9-ի Հայտարարության՝ Բաքուն կարող է պահանջել, որ ռուսական ուժերը լքեն Ադրբեջանի տարածքը՝ առանց տրանսպորտային անվտանգության այլընտրանքային երաշխիքներ առաջարկելու, բացի նրանից, ինչ Բաքուն պատրաստ է առաջարկելու։

Անցած տարվա դեկտեմբերից Ադրբեջանը փակել է Լաչինի ճանապարհը, որը Ղարաբաղի միակ կապն է Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ, եւ անկլավում ստեղծել հումանիտար ճգնաժամ։ Հնարավոր չէ լուրջ ընդունել Բաքվի այն բացատրությունը, թե արգելափակողները բնապահպանական հույզերով ադրբեջանցի քաղաքացիներ են, որոնք մտահոգված են Ղարաբաղում հանքարդյունաբերության հարցերով։ Մի երկրում, որի տնտեսությունը կախված է ածխաջրածնային պաշարների շահագործումից, երկար ժամանակ է, ինչ որեւէ հանրային ցույց չի թույլատրվել։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը Ղարաբաղի շրջափակումն օգտագործում է որպես Ղարաբաղի հայերի վրա ճնշման միջոց, ինչպես նաեւ որպես մարտավարություն Հայաստանի դեմ իրենց բանակցություններում. ներառյալ՝ Նախիջեւանի տրանսպորտային ճանապարհի հարցով։ Դրանով Բաքուն ապացուցում է այս հոդվածի փաստարկը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքականությունների միջեւ համարժեքություն չկա, եւ համազորություն չկա Ղարաբաղի ժողովրդի ու Նախիջեւանի ժողովրդի առջեւ ծառացած սպառնալիքների միջեւ:

Հաճախ խնդիրներ լուծելու համար օգտակար է տարանջատել համընդգրկուն, վատ սահմանված, չարագույժ հնչողություն ունեցող բառերը, որոնք բազմաթիվ մեկնաբանություններ են ենթադրում եւ երբեմն օժտված են առեղծվածային ուժով, ինչպես «միջանցք» բառը: Նախիջեւանի տրանսպորտային երթուղու խնդրին մոտենալու ձեւերից մեկը հետեւյալ պարզ հարցադրումն է. ի՞նչ խնդիր պետք է լուծի այդ տրանսպորտային ուղին։ Պատասխանը բաղկացած է երկու մասից։

Առաջինը իրենց երկրի մի հատվածից մյուսը Ադրբեջանի քաղաքացիների տեղաշարժը դյուրացնելն է։ Երկրորդը Հայաստանի երթուղիների օգտագործումն է միջազգային առեւտրի եւ ճանապարհորդության համար։ Սա առաջին դեպքը չէ, երբ երկու երկրների միջեւ նման հարցեր են ծագում։ Դրանցից եւ ոչ մեկը չի պահանջում Հայաստանի ինքնիշխանության զիջում իր տարածքի որեւէ հատվածի նկատմամբ: Համաշխարհային փորձը այս մտահոգությունների համար կարող է տրամադրել ընդհանուր եւ փորձարկված լուծումներ, որոնք երկրներից չեն պահանջում ինքնիշխանության զիջում:

Կան լրացուցիչ խնդիրներ՝ տարանցիկ երթուղիների խնդրի լուծման ճանապարհին։ Նախ, Նախիջեւանի միջանցքի մասին խոսելիս, ընդհանուր առմամբ սահմանված երկու կարիքներից՝ Ադրբեջանի քաղաքացիների արագ տեղաշարժից եւ միջազգային առեւտրի ու ճանապարհորդությունների խթանումից բացի Բաքուն կարող է իր մտքում ունենալ մեկ կամ մի քանի հավելյալ ռազմավարական նպատակներ: Նման նպատակների մասին կարելի է կասկածել, բայց դրանց մասին չի հայտարարվել: Բաքուն հաշվի չի առել միջազգայնորեն օգտագործված ողջախոհ ու փորձված լուծումները. Բաքուն նաեւ մերժել է Երեւանի առաջարկած առնվազն մեկ հնարավոր բանաձեւ, որը, հավանաբար, կարելի էր նաեւ բարելավել։

Կարող ենք ենթադրել, որ Բաքուն փորձում է լուծել մի խնդիր, որը ո՛չ հստակորեն արտահայտված է, ո՛չ էլ խելամիտ է։ Դա չէր համապատասխանի տարածաշրջանում խաղաղ, բարիդրացիական եւ համագործակցության վրա հիմնված ապագա տեսնելու Բաքվի հռչակած նպատակին: Երկրորդ, այնքան էլ ակնհայտ չէ, թե Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ կատարելու նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային երթուղիներին վերաբերող կետը, եւ եթե դա այդպես է, ապա նման չկամությունը հակասում է կայունության ու անվտանգության հասնելու Երեւանի նպատակներին, որոնց խիստ կարիքն ունի Հայաստանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031