Լրահոս
Օրվա լրահոսը

«Ե՞րբ հասկացաք, որ պետք է ապակենտրոն զորք ունենալ․ չէիք կանխատեսե՞լ, որ թշնամին ոտնձգություն կանի»․ Վիտալի Մանգասարյան

Հունվար 25,2023 15:05

«2022թ․-ի ՀՀ ռազմական բյուջեն կազմել է 361 միլիարդ դրամ, որից ծախսվել է 169 միլիարդ դրամը։ Տարբեր շրջանակներ սիրում են պարբերաբար «աննախադեպ» բառն օգտագործել, բայց 198 միլիարդ դրամ փաստացի չի ծախսվել։ Խնայե՞լ են։ Դա պլանավորված է եղել պաշտպանական հնարավորությունները բարձրացնելու նպատակով։ Վերջին սարսափելի դեպքի անունը դրեցին «զորամաս»։ Կադրերից ակնհայտ է, որ անմխիթար բառն անգամ տեղին չէ»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի տնօրեն, ռազմական հարցերի փորձագետ Վիտալի Մանգասարյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզում հրդեհ-պայթյունի հետեւանքով 15 զինվորի մահվան դեպքին։

Վիտալի Մանգասարյանը նկատեց՝ այս դեպքից հետո փորձագետները կարծիք են հայտում, թե ապակենտրոնացված մոտեցում պետք է ցուցաբերել, որպեսզի զորքի համար վտանգը նվազեցվի․ «Տրամաբանություն կա, բայց ե՞րբ հասկացաք, որ պետք է ապակենտրոն զորք ունենանք։ Ո՞ր պահից հասկացանք, որ նպատակահարմար է նման մոտեցում որդեգրելը։ Սեպտեմբերին թշնամին հարվածեց զորամասին, այդ պահի՞ց։ Չէի՞ք կանխատեսել, որ թշնամին ոտնձգություն կանի եւ պետք էր նրանից մի քայլ առաջ մտածել»։

Անդրադառնալով մեկնաբանություններին, որ զորքի կենտրոնացումը բնակելի տներում կարող է նաեւ խաղաղ բնակիչների թիրախավորման վտանգ առաջացնել, Վիտալի Մանգասարյանը նշեց․ «Այո, բայց ելնում ենք կանխավարկածից, որ մշտական տեղակայման վայրերը չենք կարողանում պաշտպանել։ Այդ տրամաբանությամբ Երեւանի զորամասերն էլ պետք է ապակենտրոնացնե՞նք։ Թշնամին չի կարո՞ղ այդ հեռավորությունը հաղթահարել։ Աշխարհում այդ տրամաբանությամբ ոչ մի ռազմաբազա եւ մշտական տեղակայման վայր չպիտի լիներ։ Մինչեւ 2022թ․-ը մեր բոլոր զորամասերի մշտական տեղակայման վայրից մինչեւ հակառակորդի հրետանային ստորաբաժանումների կետը կազմում էր 12-15 կմ՝ թնդանոթի հասանելիություն։ Այսինքն, թշնամին կարող էր խփել Մատաղիսի մշտական տեղակայման վայրին, բայց գիտեր, որ եթե երկու արկ ընկնի դրա վրա, պատասխանը տալու է պաշտպանության բանակը եւ մեծ վնաս է հասցնելու»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031