Լրահոս
Օրվա լրահոսը

2022-ին Հայաստանում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 14 դեպք է գրանցվել. Աշոտ Մելիքյան

Հունվար 27,2023 14:54

2022 թվականին արձանագրվել է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների տարատեսակ խախտումների 184 դեպք. 14-ը ֆիզիկական բռնության դեպք է, 55-ը՝ ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների, 115-ը՝ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումներ են։ Այս տվյալներն այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում հրապարակեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Ըստ ԽԱՊԿ զեկույցի, 2022 թվականը լրագրողների ու լրատվամիջոցների գործունեության համար եղել է լարված տարի՝ պայմանավորված Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ռազմական ագրեսիայի, արցախյան հակամարտության հետ կապված լուրջ սրացումների, ներքաղաքական լարվածության եւ բողոքի ցույցերի, այլ էքստրեմալ իրադարձությունների լուսաբանման խնդիրներով. «Առաջին եռամսյակի ընթացքում, որը համեմատաբար հանդարտ էր, գրանցվել է 1 բռնության և 12 այլ ճնշումների դեպք։ Երկու ցուցանիշներն էլ պակաս են 2021 թվականի նույն ժամանակաշրջանի համապատասխան տվյալներից։ Արձանագրվել է նաև տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի 45 խախտում, ինչը եռակի ավելի էր, քան 2021-ի նույն ժամանակահատվածում։ Երկրորդ եռամսյակի ընթացքում կիրառված ֆիզիկական բռնությունների դեպքերի կտրուկ աճ է գրանցվել․ 11 դեպք՝ 12 տուժողով, որոնցից 10-ը (11 տուժող) տեղի է ունեցել ընդդիմադիր ուժերի կազմակերպած անհնազանդության ակցիաները լուսաբանելիս։ Բացի այդ, գրանցվել է տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի 24 խախտում, ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ տարատեսակ ճնշումների՝ 11 դեպք։ Երրորդ եռամսյակում գրանցվել է ֆիզիկական բռնությունների 2 դեպք՝ 3 տուժողով, չորրորդում՝ ոչ մի դեպք։ Այլ տիպի ճնշումների քանակը, այդ թվում՝ դատական հայցերի տեսքով համապատասխանաբար 18 և 14 է, տեղեկությունների ստացման իրավունքի խախտումներինը՝ 20 և 26։ Ինչպես տեսնում ենք, բացի ֆիզիկական բռնությունների դեպքերից, մյուս բոլոր ճնշումների ու ԶԼՄ իրավունքների խախտումների ինտենսիվությունը տարվա ընթացքում պահպանվել է»։

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Ըստ Աշոտ Մելիքյանի, մտահոգիչ են մնում լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնագիտական գործունեության խոչընդոտումների, արհամարհական ու վիրավորական պահվածքի դեպքերը որոշ պաշտոնյաների ու իրավապահների կողմից։ Դրանք որպես կանոն մնում են անհետևանք։

ԽԱՊԿ զեկույցի համաձայն, սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները լուրջ սպառնալիք դարձան նաև դրանք լուսաբանող ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար։ Մասնավորապես՝ ՀՀ սահմանամերձ Սոթք բնակավայրում հակառակորդը թիրախավորել էր լրագրողական խմբի և կրակ արձակել այդ ուղղությամբ։ Բարեբախտաբար, ֆիզիկապես տուժողներ չեն եղել։

«Տարվա ընթացքում հայկական լրատվամիջոցների աշխատակիցների համար անհարկի խոչընդոտներ են ստեղծել նաև ռուս խաղաղապահները, որոնք արգելել են նրանց մուտքը Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաև՝ այցելությունը դեպի Լաչինի միջանցքի այն հատված, որտեղ ադրբեջանցիները դեկտեմբերի 12-ից փակել են Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ Այս արգելքների պատշաճ հիմնավորումներ խաղաղապահները չեն ներկայացվել։ Արդյունքում հայաստանյան լրատվամիջոցները զրկված են եղել տեղում իրավիճակին ծանոթանալու և այն լուսաբանելու հնարավորությունից, իսկ ադրբեջանական մամուլը խնդիրը ներկայացրել է զուտ պաշտոնական Բաքվի տեսանկյունից՝ պնդելով, թե Արցախը շրջափակման մեջ չէ, և Լաչինի միջանցքը գործում է, այդպիսով թյուրիմացության մեջ գցելով միջազգային հանրությանը»,- ասված է զեկույցում։

Հայաստանյան և միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում են եղել նաև մեդիա օրենսդրության հետ առնչվող խնդիրները։ Իշխանությունների կողմից առաջադրվող և ընդունվող փոփոխությունների ռեգրեսիվ միտումները կանխելու նպատակով տեղական 11 լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել մի նախաձեռնությամբ, որը ենթադրում է օրենսդիր և գործադիր պետական մարմինների ու քաղաքացիական հասարակության կառույցների գործակցություն։ Արդյունքում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, լիազորվելով 10 գործընկեր կազմակերպությունների կողմից, ապրիլի 19-ին ԱԺ պրոֆիլային հանձնաժողովի նախագահի ու ՀՀ արդարադատության փոխնախարարի հետ ստորագրեց համագործակցության Հուշագիր։ Ըստ այդմ՝ մեկնարկել է Տեղեկատվական ոլորտի զարգացման և մեդիա օրենսդրության բարեփոխման հայեցակարգի մշակումը։ Այս փաստաթղթի առանցքային սկզբունքները, ըստ բանախոսի, հիմք կհանդիսանան ապագա օրենսդրական փոփոխությունների համար։ Այսուհանդերձ, տարվա ընթացքում իշխանությունների կողմից պարբերաբար անհաջող փորձեր են եղել մեդիա օրենսդրության մեջ փոփոխություններ մտցնելու՝ առանց մասնագիտացված ՀԿ-ների հետ քննարկելու կամ միջազգային փորձագիտական եզրակացություններ ստանալու. «Նույնպիսի մոտեցումներով շրջանառության մեջ դրվեց «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին մի նախագիծ, որով, մասնավորապես, առաջարկվում է երկրում ռազմական դրության ժամանակ ինտերնետ հասանելիության, էլեկտրոնային մամուլի, սոցիալական ցանցերի և հավելվածների մասնակի կամ ամբողջական սահմանափակում, տեղեկատվական բովանդակության վերահսկում»։

Տարին հագեցած է եղել թե ընդդեմ լրատվամիջոցների, թե լրատվամիջոցների կողմից ներկայացված դատական հայցերի առումով։ Լրատվամիջոցների նկատմամբ 32 հայց է եղել։ ԶԼՄ–ների կողմից հայցերը հիմնականում առնչվել են ՀՌՀ կազմակերպած մրցույթներին, որոնց արդյունքում լիցենզիա չեն ստացել «Հայկական երկրորդ հեռուստաալիքն» ու «Երկիր Մեդիան»։ Սակայն «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով նախատեսված հեղինակազորումը թույլ է տալիս շարունակել գործունեությունը և հեռարձակվել մալուխային կամ այլ տեխնոլոգիական միջոցներով։

Այլ մանրամասները՝ տեսանյութում

ԽԱՊԿ զեկույցի համաձայն, 2022 թվականին «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հրապարակված զեկույցում Հայաստանը մամուլի ազատության առումով, նախորդ տարվա համեմատ, բարելավել է դիրքերը՝ 63-րդ հորիզոնականից հասնելով 51-րդին։ Իսկ «Article 19» կազմակերպության զեկույցի համաձայն՝ խոսքի ազատության առումով ՀՀ-ն դասվել է թույլ սահմանափակումներով երկրների շարքին՝ 161 երկրների մեջ զբաղեցնելով 46-րդ տեղը։ Ի դեպ, Ադրբեջանը 136-րդ տեղում է, Թուրքիան՝ 141-րդ, Իրանը՝ 143-րդ․ վերջիններս դասվում են ճգնաժամային երկրների շարքին։ «Freedom House» կազմակերպության «Ազատությունը համացանցում» տարեկան զեկույցում էլ Հայաստանը դասվել է ազատ երկրների շարքին՝ ստանալով 74 միավոր, ինչը 3-ով ավելի է, քան 2021-ին:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031