Լրահոս
Օրվա լրահոսը

88-ի՝ մեր միտինգների ոգին ուրիշ ոչ մի տեղ չեմ հանդիպել

Փետրվար 23,2023 13:00

1988 թվականի փետրվարի 19-ը կարծես երեկ լիներ

35 տարի առաջ այդ օրը մայրաքաղաքի սրտում՝ Օպերայի բակում տեղի ունեցավ այն, որը հետո բնութագրվելու է որպես ազգային զարթոնք, հազար տարի ընդմիջումից հետո հայի առաջին համախմբում, եղբայրացում ու միացում, իրարից տարբեր, իրար անծանոթ մարդկանց միավորում, հոգեւոր ընդհանրության ստեղծում, որպես մեկ ազգ ինքնագիտակցում։ Հետագայում շատ երկրներում եմ եղել, մասնակցել ավելի բազմամարդ ու ավելի սուր միտինգների, բայց մեր՝ 88-ի, մեր միտինգների ոգին ուրիշ ոչ մի տեղ չեմ հանդիպել, չի՛ եղել, չի՛ կրկնվել։ Դա ընդհանուրի շահի համար սեփական շահի ստորադասումն էր, քեզ համար անծանոթ, հեռավոր Ստեփանակերտում ապրող մարդու համար քո ժամանակի, քո ապագայի, ինչպես նաեւ հնարավոր է՝ քո ազատության զոհաբերումն էր։ ՔՈ նմաններին, որ պարզվում է՝ քո կողքը շատ-շատ են եղել, հայտնաբերումն ու փոխադարձ ամրապնդումն էր, նախկին արժեքներից՝ փող, բնակարան, գեղեցիկ հագուստ, հրաժարումն էր հօգուտ նոր, ազգային, հայկական արժեքների, հօգուտ արդարության եւ վերջնականապես նոր Հայկական պետության ստեղծման արժեքի, որը ոչ մի ընդհանուր բան չուներ այսօրվա գոյություն ունեցող կաշառակերության ինկուբատոր, գողացող, հղփացող, թալանող օլիգարխիայի եւ նրանց բառիս բուն եւ փոխաբերական իմաստով շրթունքները ուղեղների հաշվին ուռեցրած կամակատարների հետ:

Օրը ուրբաթ էր։ Դասերից հոգնած րոպեներն էինք հաշվում, որ պիտի գնանք տուն, մեկ էլ մեր ընկերներից մեկը՝ թե միտինգ է, ժամը չորսին բոլորով պիտի գնանք Օպերա…

Սկզբից թվաց, թե հերթական կոմերիտական միջոցառում է, որից բոլորս միասին ու ամեն մեկս առանձին-առանձին փախչելու հազար ու մի միջոց գիտեինք, բայց քանի որ ասողը կոմերիտական ակտիվիստ չէր, ապա փախչելու հերթական տակտիկան մի կողմ դրած՝ բոլորս մոտեցանք հասկանալու, թե ինչ հետաքրքիր նորարարություն է, ի՞նչ միտինգ, ի՞նչ բան…

Սովետական բանակում արդեն ծառայած տղաները միանգամից կողմնորոշվեցին՝ «հիմա տնեցիներին ցտեսություն ասենք նոր գա՞նք»…կամ որ՝ «Միտինգի գանք մի երկու տարով կարող է տանե՞ն, այդ դեպքում մեր բացակայությունը երկուշաբթի օրը հարգելի կլինի, չէ՞»։ Ասողը միայն կցկտուր տեղեկություններ ուներ՝

«Միտինգ, Օպերայի մոտ, ժամը չորսին, Ղարբաղի համար»։ Ավելի ոչինչ։ Նույնիսկ իրեն ասել էին, որ ճիշտ դասերի վերջում բոլորիս տեղեկացնի, որ համալսարանի համապատասխան կազմակերպությունները՝ կոմկուսը եւ նրանց կցված ԿԳԲ-ի հաստիքավոր ու անհաստիք աշխատակիցները ոչ մի բան հակառակը ձեռնարկել չկարողանան։ Ասեմ, որ հետագայում, միտինգները խանգարելու համար համալսարանի դռներն էին փակում, թույլ չէին տալիս դուրս գալ, կինո էին բերում կենտրոնական դահլիճում ցույց տալու, վախեցնում էին, որ բնութագիր չեն տա, ինչի հետեւանքով լավ աշխատանքի տեղավորվելը կդառնար անհնար եւ հազար ու մի այլ հնարքներ, բայց դրանք հետո։ Իսկ հիմա արագ պետք էր հասնել տուն՝ հանգստանալ, պատրաստվել ու կյանքում առաջին անգամ գնալ մի միջոցառման, որ կարող էր արմատապես փոխել քո, ընկերներիդ, քեզ հետ կապված այլ մարդկանց բնականոն կյանքը։ Տրոլեյբուսով Սայաթ-Նովայից մոտենում էի Օպերային, նայում՝ մարդ չկա, մտածում էի, եթե վտանգավոր բան լինի, չեմ իջնի, ձեւ կանեմ, որ շարունակում եմ դեպի ակադեմիա՝ հորս աշխատանքի վայրը։

Բայց ամեն ինչ հանգիստ էր, մարդ չկար:

-Լավ, մի՞թե խաբեցին տղաները, կատակ են արել, ի՞նչ է:

Իջա, սովորականից շատ մարդ կար ու զգում եմ, բոլորն էլ նույն մտքով են եկել, փնտրում են, ո՞ւր է միտինգը։ Այն ժամանակ Լենինի, այսօր արդեն Մաշտոցի պողոտայով մոտեցանք Օպերայի բակին ու տեսանք այդ նորը, անասելին ու աննկարագրելին, որը հետո մեր ազգային մտքի, մեր ճիգի ու կորովի հնոցն էր դառնալու՝ այդ մեր համար անծանոթ ՄԻՏԻՆԳԸ։ Այն նման չէր մեր համար սովորական մայիսմեկյան կամ այլ շքերթների, դա միտինգ էր, մարդիկ եկել էին խոսք լսելու ու այդքան կարոտած, այդքան ցանկալի ազատությունը վերջապես տեսնելու ու ապրելու։

Մի ծիծաղելի պատմություն կար այդ առաջին միտինգի հետ կապված՝ տղաներից մեկը ասում էր՝ եկա տեսնեմ մեծ կարմիր պաստառ, վրան գրված՝ «Արցախը՝ Հայաստանին»։ Ասում եմ՝ սա Ղարաբաղի համար միտինգ է, սպասեք Ղարաբաղը վերցնենք, հետո նոր Արցախին կանցնենք, քայլ առ քայլ… բոլորը ծիծաղել են ու բացատրել, որ Ղարաբաղի հայկական անունը Արցախ է։

Մարդիկ հավաքված էին, սպասում էին, չգիտեին ինչ անել, դեռ ներսի օղակն ամբողջովին լցված չէր։ Փնտրում էի մեր տղաներին, ոչ ոք չկար, ներառյալ նաեւ ասողը… Չէին եկել, վախեցել էին՝ ի՞նչ է։ Հանդիպեցի այլ ծանոթների, խոսեցինք, ոչ ոք չգիտեր միտինգի պատճառը, մեկն ասաց, որ մի շաբաթ առաջ «Նաիրիտի» հետ կապված բնապահպանների միտինգն է եղել, բայց սակավամարդ։ Թումանյանի արձանի մոտ քարի վրա ընդհանուր տետրեր կային, որտեղ առաջին անգամ ստորագրություններ էին հավաքում՝ Ղարաբաղը Հայաստանին միացնելու համար հիմք-բնակչության ութսուն տոկոսից ավելը Հայ էին ու ցանկանում էին Գորբաչովի հայտարարած «պեռեստռոյկայից» հետո իրենց լուսավոր ապագան կապել Հայաստանի հետ։

Արդեն մթնել էր, այնպես որ, ուշացողները ստորագրություն դնում էին կրակվառիչի լույսի տակ. ձեռքի հեռախոս կամ ձեռքի լապտերիկ այն ժամանակ չկար։

Ու սկսվեց միտինգը: Պարզվեց, որ Լեռնային Ղարաբաղի մարզային խորհուրդը ժողով է գումարել ու որոշում կայացրել, որ ցանկանում է դուրս գա Ադրբեջանի կազմից ու միանա Հայաստանին։ Այն ժամանակվա Ղարաբաղի ղեկավարն էլ՝ Կեւորկովը, վերցրել էր մարզային կնիքը ու փախել, որ որոշման տակ կնիք չդնեն: Հետո էլ ասում եք՝ այսքան դավաճան որտեղից…

Որոշվեց, որ վաղը՝ փետրվարի 20-ին ավելի մեծ միտինգ պետք է անել, բոլորով հավաքվել ու հարցին լուծում տալ: Մեզ թվում էր, թե մի երկու օրվա գործ է, շատ-շատ մի շաբաթ, բայց ոչ ավելի։ Երկիրը փոխվել է, հիմա դեմոկրատիա է, մարզի մեծամասնությունը որոշել է, որ պիտի դուրս գա Ադրբեջանի Սոցիալիստական Հանրապետության կազմից ու մտնի Հայաստանի կազմի մեջ…

Հիշում եմ Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի տնօրենն էր, կարծեմ Սարուխանյան՝ Իգոր Մուրադյանի հետ եկել էին միասին։ Նա ասաց՝ որոշումը թուղթ է, եթե մեջքին չկանգնենք՝ «քամին կքշի, կտանի»։

Հետո շատերը խոսեցին, այն ժամանակ անծանոթ դեմքեր, Վազգեն Մանուկյանը սկսեց կոչ անել՝ ԳՈՐԾԱԴՈՒԼ, ԳՈՐԾԱԴՈՒԼ… միկրոֆոնը անջատեցին, եկավ Դեմիրճյանը իր հայտնի «Ղարաբաղը ջեբս ա, հանեմ տամ»-ով, բայց դա հաջորդ օրը, հետո Սումգայիթ, Մարտի ութ, «Ղարաբաղ կոմիտե» ամեն գործարանում, նստացույց, դասադուլ, դեպուտատ բռնոցի եւ այլն…

Մի դրվագ միայն՝ 88-ի շարժումից՝ Գերագույն խորհրդի դեպուտատներին, որ մեծ մասամբ կթվորուհի, գործարանի բանվոր եւ այլն էին ու սովորականի նման սպասում էին, որ Կոմունիստական կուսակցությունը, կամ Կարեն Դեմիրճյանն ասեն, որ իրենք ներկայանան՝ ցուցարարները տներից բռնում էին՝ բերում Օպերա, որ ստորագրեն արտահերթ նստաշրջանի գումարման դիմումը եւ ընդունեն Ղարաբաղի մարզային խորհրդի որոշումը։ Դեպուտատների շորերը, որ հասնում էին իրենց շրջաններից Օպերա, թաց էին, կարծես անձրեւի տակ ընկած լինեին, որովհետեւ, ով հասնում, իր պարտքն էր համարում ոչ թե խփել, ոչ թե հայհոյել կամ մատ ցույց տալ, այլ պարզապես թքել նրանց վրա:

Ոմանց նկատմամբ վստահ եմ, որ տրադիցիան պիտի վերականգնվի։

Նկարներ այդ ժամանակներից չունեմ, մեզ թվում էր, որ նկարվելու ժամանակը չէ, գործելու ժամանակն է՝ հիմա կհաղթենք, կգան լավ ժամանակներ, կունենանք ազգային կառավարություն առանց խաբեբայությունների, ազատ ու անկախ, արդար՝ իսկական Հայկական պետություն, Սփյուռքից մեր հայրենակիցները կվերադառնան, այ այդ ժամանակ էլ կնկարվենք…

Մեզ հաճախ էին մոտենում՝ «տղերք, կանգնեք, նկարեմ»։ Ասում էինք՝ «Արի մեր կողքը կանգնի, միասին նկարվենք», եթե ասում էր «ոչ», ուրեմն ԿԳԲ-ից է, ֆոտոապարատը ու պլյոնկան, որի վրա նկարում է, իրենը չեն՝ հիմնարկինն են։

Ինչքան էր իմ զարմանքը, որ Բեռլինում, տասնամյակներ անց, արխիվում պիտի հայտնաբերեի մեր տղաների հետ սեւ ու սպիտակ մեր նկարներից: Ժամանակներ էին՝ Երեւանում ոտքներս խփում էինք գետնին, մինչեւ Բեռլին հողը դղրդում էր, հատկապես գաղտնի հաղորդագրությունները շտապ գալիս էր ԳԴՀ՝ բարձրագույն մարմիններին։ Արխիվում խնդրեցի նկարը կրկնօրինակեմ՝ չթողեցին, ասեցին՝ «հույժ գաղտնի է», կարդա, նշումներ արա, հղումները տուր, բայց կրկնօրինակման համար հատուկ թույլատրություն պիտի ստանաս։ Ասում եմ՝ բայց սա ես եմ, իմ նկարն է, միեւնույն է: Փոխարենը, դնեմ գեներալներ Չեբրիկովի ու Միլկեի քննարկումը Ղարաբաղի հարցի շուրջը՝ մենք միտինգ էինք անում, իրենք Մոսկվաներում ու Բեռլիններում վեր էին թռնում…

Պրոֆեսոր Ավետիս ՍԱԴՈՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,
22.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728