Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրին «չոր նավահանգիստի» կվերածվի՞․ էկոնոմիկայի նախարարը չի շտապում ասել, որ հաստատ կլինի

Մարտ 11,2023 18:06

Այսօր Գյումրու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագիրը կրող  բիզնես ֆորումը, որը նոր հարթակ է կառավարության ներկայացուցիչների ու գործարարների հետ շփման։

Գյումրի էին եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախարար Ռուստամ Բադասյանը, Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը և Ազգային ժողովի պատգամավոր, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը, որը նախաձեռնողն է։

Ներկա էր անգամ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, որը թեև քննարկումների ողջ ընթացքում ձեռքից գեթ մեկ վայրկյան վայր չդրեց բջջային հեռախոսը, մի պահ փորձեց նախատել գյումրեցի տեքստիլ արդյունաբերությամբ զբաղվող գործարարներից մեկին՝ Կարեն Գոմցյանին։ Գործարարն առաջարկեց չոր աթոռներ ընտրել պատգամավորների համար, որպեսզի նիստերի ժամանակ չքնեն, ակտիվ լինեն։ Ի պատասխան նրան՝ Հովիկ Աղազարյանը տեղից բացականչեց, թե ավելի լավ է լավ պատգամավորներ ընտրեք, դուք չե՞ք ընտրողը։

Ինչևէ, Դավիթ Առուշանյանը, լինելով Գյումրու փոխքաղաքապետ ու բազում անգամ շփվելով  տեղի գործարարների հետ, լսելով նրանց խնդիրները, մայրաքաղաք տեղափոխվելուց հետո որոշել էր նման ֆորմատի հանդիպում կազմակերպել, որպեսզի գործարարները դեմ առ դեմ հանդիպմամբ իրենց մտահոգող հարցերն ուղղեն կառավարությանը։

«Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստերից մեկի ժամանակ պարոն Քերոբյանին առաջարկեցի նման ձևաչափ, ու նա շատ արագ արձագանքեց։ Հետո մեզ միացան մյուս գործընկերները։ Նման հանդիպում կազմակերպելու նախապատմությունն ասեմ․ գաղափար ծագեց իմ մոտ, որպեսզի համապատասխան գերատեսչությունները լինեն մի տեղում, Շիրակի մարզի տնտեսվարողները կարողանան հարցերին լուծում տալ։

Սովետական Միության ժամանակ Գյումրին արդյունաբերական քաղաք է համարվել և հիմա ունենք շատ գործարարներ, որոնք նորից շարունակում են այդ գործը, և համոզված եմ, վստահ եմ, որ ամենալավ ներդրողը մարզում գործող գործարարներն են, որոնք ահռելի աշխատանք են արել, բարդ ժամանակահատված են անցել, մինչև կայացրել է իրենց բիզնեսը։

Եվ մենք՝ որպես պետություն, որպես կառավարություն՝ պարտավոր ենք իրենց կողքին կանգնել։ Պատական չէ, որ Գյումրին, չունենալով մեծ գյուղատնտեսական հնարավորություններ կամ հանքարդյունաբերություն, այսօր  հարկատուների մեջ Գյումրին ներկայացնող 18 ընկերություններ կան, որոնք  բյուջե են վճարել 10 միլիարդ դրամից ավելի հարկեր»,-ասաց Դավիթ Առուշանյանը։

Նա նշեց նաև, որ պայմանավորվել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ, որպեսզի այսօրվա գլոբալ հարցերը դուրս գրեն և փոխվարչապետի գրասենյակում քննարկեն՝ լուծումներ տալու համար։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ իր ելույթում նշեց, որ Հայաստանն անցած տարի շատ բարձր տնտեսական աճ է ունեցել՝ 12,6 տոկոս։

«Աճել են համարյա բոլոր ճյուղերը՝ բացի հանքարդյունաբերությունից, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է բավարարվենք այն արդյունքներով, որը որ ունենք։

Պարզ է, որ շատ են խոչընդոտները, շատ են խնդիրները, որոնք խանգարում են բիզնեսմեններին, մեզ համար կարևոր է առաջին ձեռքից լսել այն պրոբլեմները, որոնց որ բախվում է բիզնեսը»,-ասաց նախարարը։

Նա նաև գործարարներին հորդորեց․ «Քննադատեք մեզ, ինչքան հարկ եք համարում, մենք էլ այդ քննադատությունը կվերածենք բիզնեսի միջավայրի լավացման օրակարգի»։

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ հայտարարեց, որ հավաքվել են Գյումրիում, որպեսզի ավելի շատ գործարարների  խնդիրները, մտահոգությունները և առաջարկները լսեն, և այդ պատճառով թուղթ ու գրիչը երեք ժամ կպահի իր ձեռքում։

Նա նաև ասաց, որ սկսել են Գյումրիից, բայց մտադիր են մյուս քաղաքներում ևս կազմակերպելու։

Բիզնես ֆորումը տևեց բավական երկար․ սկսվեց ժամը 11․30-ից՝ ավարտվելով ժամը 15․00-ն։

Գործարարները բազում հարցեր բարձրաձայնեցին, խոսեցին Գյումրիում տեխնոքաղաք հիմնելու ծրագրի ձգձգումից, Գյումրու ամենահին գործարաններից մեկը՝ «Ստրոմմաշը» փակելուց,  հեղինակային իրավունքի խախտումից, կրթված գյուղատնտեսներ չլինելուց, անասնաբույժի մասնագիտության մեռնելուց, դրամի փոխարժեքից, որի պատճառով արտադրանքի ինքնարժեքը բարձր  է ստացվում ու  կորցնում են ավանդական շուկան, բյուրոկրատական քաշքշուկներից։

Ֆորումի ընթացքում Էկոնոմիկայի նախարարը մեկ անգամ ևս անդրադարձ կատարեց Գյումրին «չոր նավահանգստի» վերածելու ծրագրի ընթացքի մասին։

«Չոր նավահանգիստ, ըստ էության, ինդուստրիալ պարկ է, որտեղ լինելու են արդյունաբերական ենթակառուցվածքներ, շենքեր, հոսանքի, ջրի, գազի աղբյուրներ, տարածքներ, որտեղ հնարավոր է  հեշտ արդյունաբերական ընկերություն ստեղծել, բայց նաև կոնտեյներային տերմինալ, որը թույլ է տալիս, որպեսզի այդտեղ հավաքվեն բեռներ նաև ուրիշ տեղերից, նաև լոգիստիկ կենտրոն դառնա։

Հիմա այս  արդեն ծրագիրը, որը նախնական հավանության արժանացել է, գտնվում է խորը ուսումնասիրության փուլում։ Մենք շփվում ենք այնպիսի ընկերությունների հետ, որոնք հնարավոր է հետաքրքրված լինեն, մի քանի ընկերություններ նախնական հետաքրքրություն հայտնել են չոր նավահանգստի օպերատորությունն անել, տեսնենք, պրոցեսի դեռ 10 տոկոսն ենք անցել և ասել դրա մասին, որ հաստատ կլինի, չի կարելի ասել։

Էսօրվա մեր թվերը ցույց են տալիս, որ դա խոստումնալից նախաձեռնություն է, մենք հավատով առաջ ենք գնում։ Ես կարծում եմ, եթե իրադարձությունները հաջող գնան, մենք տարվա վերջ կարող ենք մրցույթ հայտարարել էն ընկերությանը ընտրելու համար, որը պետք է ներդրումները և կառավարումն իրականացնի չոր նավահանգստի, դա պետք է լինի միջազգային առաջնակարգ ընկերություն, դա  չոր նավահանգստի հաջողության առաջնային, գլխավոր պայմանն է»,-ասաց էկոնոմիկայի նախարարը։

Նա նաև նշեց, որ ծրագրի իրականացումը կլինի Գյումրու վերածնունդը։

Ըստ նախարարի, հայկական բիզնես միջավայրն այնքան հրապուրիչ է,  որ թե՛ ռուսական և թե՛ եվրոպական  ընկերությունները մեծ հետարքրքություն ունեն Հայաստանում արդյունաբերական հզորություններ ստեղծելու։

Եվրոպական ընկերությունները, ըստ նրա, որպեսզի չկորցնեն Եվրասիական տնտեսական միության շուկան, գտնում են, որ այդ միության մեջ ամենալավ բիզնես միջավայրն ունեցողը Հայաստան է և  իրենց արդյունաբերական ընկերությունները հիմնում են մեր երկրում։ Իսկ ռուսները, ըստ նրա,  ելք պետք է ունենան դեպի աշխարհ ու նորից  Հայաստանն են դիտարկում արդյունաբերական ընկերություններ հիմնելու համար։
«Բոլոր տեսանկյուններից գտել ենք, Գյումրին ամենալավ տեղն է դա անելու»,-ասաց նախարարը։ Նա ռուսական մի ընկերության՝ Հայաստանում մեծ հետաքրքրություն ունենալու օրինակը մեջբերելով՝ նշեց, որ պատերազմից հետո ի տարբերություն մեր երկրի՝ ներդրումներ չեն անում հարևան Ադրբեջանում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031