Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ անձից գնումներն օրինաչափություն են դարձել: Պետական վերահսկողության համակարգերը լիարժեք իրենց գործը չեն իրականացնում. Թադևոս Ավետիսյան. «Փաստ»

Մարտ 14,2023 11:04

Պետական ապարատում շարունակում են աճել աշխատավարձերը, տարբեր կառույցներ պարբերաբար հանդես են գալիս նաև նոր նախագծերով, որոնցով գրեթե աշխատավարձի չափով նոր հավելավճարներ են սահմանվում: Վերջին օրինակը դատախազներն են, որոնք օրենսդրական փոփոխություններով աշխատավարձի 92 տոկոսի չափով հավելավճար կստանան: Զուգահեռ՝ նվազագույն աշխատավարձի, թոշակների, նպաստների բարձրացումները չնչին են: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, անդրադառնալով թեմային, «Փաստի» հետ զրույցում նշեց, որ այս տեսանկյունից մի շարք հաստատումներ պետք է ընդգծենք:

«Առաջինն այն է, որ մենք էապես բարձր և առաջանցիկ գնաճ ունենք: Այսինքն, 2020 թվականից հետո ահագնացող գնաճը, որը որոշակի փոփոխություններով շարունակվում է, բերել է նրան, որ բոլորի, այդ թվում՝ թոշակառուների, նպաստառուների, միջին և ավելի ցածր աշխատավարձ ստացողների իրական եկամուտները նվազել են: Մարդկանց գնողունակությունն ընկել է: Մարդիկ նույն չափի անվանական գումարով ավելի քիչ ապրանքներ են գնում:

Բացի աշխատավարձերի օրինական բարձրացումներից, որոշակի փոփոխություններով, բայց պետական համակարգում շարունակվում են նաև պարգևատրումները: Բարձրաստիճան պաշտոնյաները հասցեագրված պարգևավճարներ են ստանում, ու հաշվի չի առնվում իրենց աշխատանքի արդյունքը»,-ասաց Թ. Ավետիսյանը:

Պատգամավորը հիշեցրեց՝ 2022-ին ոստիկանությունը միլիարդավոր դրամների պարգևատրումներ էր ստանում:

Թադևոս Ավետիսյանը շեշտեց, որ գնաճի պատճառով յուրաքանչյուր հաջորդ օր քաղաքացիների սոցիալական խնդիրներն ավելի են մեծանում. «Պատկերավոր ասած՝ չափավոր աղքատը դառնում է աղքատ, աղքատը՝ ծայրահեղ աղքատ: Նվազագույն աշխատավարձը, փաստացի, այսօր, 75 հազար դրամ է, իսկ նվազագույն սպառողական զամբյուղը մեկ անձի հաշվով մոտեցել է 80 հազար դրամի: Այսինքն, եթե նվազագույն աշխատավարձով ապրող մարդն անգամ ընտանիք էլ չունի, արդեն չափավոր աղքատ է համարվում: Էլ չասեմ, եթե խնամքին կան երեխաներ, ընտանիք: Այստեղ արդեն գործ ունենք լրիվ կամ ծայրահեղ աղքատության հետ»:

Թադևոս Ավետիսյանի գնահատմամբ, սկզբունքը հետևյալն է. ոչ թե գնահատվում է իրական վիճակը, կամ սոցիալական պետության սկզբունքներից ելնելով են նման մոտեցում ցուցաբերում, այլ առաջնորդվում են բացառապես ընդհանուր քաղաքական շահով: Ինչ վերաբերում է պետական միջոցների վատնման խնդրին, նա շեշտեց՝ հիմնական մտահոգությունն այն է, որ անուղղակի կոռուպցիային վերաբերող որոշակի ցուցանիշներ են աճում: «Մասնավորապես, մեկ անձից պետական գնումների տեսակարար կշիռն է բարձրանում, ինչն իսկապես մտահոգիչ է: Մեկ անձից գնումներն օրինաչափություն են դարձել: Բացի այդ, այն կազմակերպությունները, որոնք օգտվում են խոշորամասշտաբ գնումներից, այս կամ այն կերպ, ուղղակի կամ անուղղակի կապված են նաև իշխանական շրջանակների կամ իշխանության «սրտի օլիգարխ» կոչվող բիզնես շրջանակների հետ: Սա ևս էապես մտահոգիչ է: Բացի այդ, մենք տեսնում ենք նաև, որ իրականում պետական վերահսկողության համակարգերը լիարժեք իրենց գործը չեն իրականացնում»,-ասաց նա՝ շեշտելով, որ այս առումով կարող է գերշահույթներ ստանալու ու ոչ արդյունավետ պետական ծախսերի խնդիր լինի:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031