Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախը դրան պատասխանել է». Հայկ Մամիջանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Մարտ 15,2023 17:52

Երեկ կայացած մամուլի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Արցախը պետք է պատասխանի՝ ի՞նչ ճակատագիր է ուզում իր համար: Այսօր կայացած մամուլի ասուլիսում, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այդ առիթով նկատեց. «Արցախը դրան պատասխանել է, ընդ որում` վերջին երեք ամիսը պատասխանում է հերոսական զրկանքներով, տոկունությամբ՝ շրջափակման մեջ պայքարելով թե սեփական, թե ՀՀ անվտանգության համար: Այնպես որ, Արցախն իր խոսքն ասել է, ուղղակի Հայաստանի կառավարիչները լսել չեն ուզում»:

Ընդդիմադիր գործչի պնդմամբ, Նիկոլ Փաշինյանը երեկ վերահաստատել է, որ «ձեռքերը լվանում է» Արցախից, այդ մասով իր խոսքն ասել է, հիմա՝ մեր՝ բոլորիս, հերթն է խոսք ասելու:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր վերահաստատել է Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը՝ «ՀՀ-ն ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս, եթե դուրս եկողներ կան, ՀՀ-ից են դուրս գալիս» եւ հետաքրքրվեց՝ արդյոք ՀՀ-ից «դուրս եկողներ» ասելով՝ նկատի ունի Նիկոլ Փաշինյանին: Հայկ Մամիջանյանն արձագանքեց. «Փաշինյանը հույս թող չունենա. չի հասցնելու փախնել: Այն, ինչ տեղի է ունեցել ամիսներ շարունակ, դեռեւս 2018-19 թվականներին եւ մի քանի օր առաջ՝ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարմամբ, հստակ տարանջատման քաղաքականության դրսեւորում է, որով հայկական կողմը փորձում է ցույց տալ իր մոտեցումը ՀԱՊԿ-ին: Հիշեցնեմ, որ ՀՀ-ն հրաժարվեց ՀԱՊԿ փոխօգնության ծրագրից, որը, ըստ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Զասի, պարունակում էր նաև սպառազինության աջակցություն՝ պատճառաբանելով դա քաղաքական գնահատականի բացակայությամբ»:

Հայկ Մամիջանյանը հիշեցնում է՝ ԵՄ երկամսյա դիտորդական առաքելության ժամանակ եղան 15-ից ավելի հրադադարի ռեժիմի խախտումներ, որոնց վերաբերյալ չեղան քաղաքական գնահատականներ, բայց հաջորդ՝ երկտարյա, առաջարկությանը ՀՀ-ն համաձայնեց:

Հայկ Մամիջանյանն անդրադարձավ նաեւ Հելսինկիում կայացած ԵԺԿ համաժողովի աշխատանքներին, որտեղ, Հայաստանի ներկայացուցիչների առաջարկով, 2018 թվականից հետո, առաջին անգամ, համաժողովի փաստաթղթում ամրագրվել է դրույթ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորության մասին:

Անդրադառնալով ԵԺԿ գլխավոր քարտուղարի թվիթերյան գրառմանը, որով նա անընդունելի էր համարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ ԵԺԿ քաղաքական ասամբլեային մասնակցության խոչընդոտումը և այդ քաղաքական նպատակներով ուժային կառույցների օգտագործումը, Հայկ Մամիջանյանն ասաց. «Մի փոքր բացելով փակագծերը՝ պետք է ասեմ, որ այս հարցում ԵԺԿ ղեկավարության դիրքորոշումը շատ հստակ է եւ ՀՀԿ-ն, որպես մեծ քաղաքական ընտանիքի անդամ, անհետեւանք չի թողնելու այն ճնշումները, որոնք փորձում են մեր կուսակից ընկերների վրա իրագործել իշխանությունները ուժայինների միջոցով: Բոլորս գիտենք, թե ՀՀԿ անդամակցությունը ԵԺԿ-ին մեր երկրի համար ինչ կարեւոր ձեռքբերումների առիթ է հանդիսացել, եւ հենց դա անելն են անել փորձում մեզ թույլ չտալ: Այս գործընթացն ունենալու է շատ ծանր հետեւանքներ ՔՊ կուսակցության համար»:

Ընդդիմադիր գործչի գնահատմամբ, կուսակցական դիվանագիտության այդ խողովակը շատ ավելի արդյունավետ եւ գործուն է եղել, քան «դիվանագիտությունը», որն իրականացնում են Հայաստանի օրվա կառավարիչները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031