Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյան․ «Արտահերթ ընտրությունների հետ կապված, ըստ իրաբավանների, որոշակի խնդիրներ դեռեւս կան, որ պետք է պարզաբանել»․ «Հրապարակ»

Մարտ 31,2023 10:22

«Հրապարակի» զրուցակիցը Երեւանի փոխքաղաքապետ, սպասվելիք ավագանու ընտրություններում քաղաքապետի ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանն է։

– Պարոն Ավինյան, չար լեզուներն ասում են, որ Դուք ակտիվ մասնակցություն եք ունեցել Հրաչյա Սարգսյանի հրաժարականի հարցում, եւ դա այն պատճառով էր, որ արտահերթ ընտրություններ լինեն։ Այդպե՞ս է։

– Ոչ, այդպես չէ, պարոն Սարգսյանն իր հրաժարականը, կարծում եմ, իր հայտարարությամբ հիմնավորեց, եւ նաեւ ասեմ, որ արտահերթ ընտրությունների հետ կապված էլ, ըստ իրավաբանների, որոշակի խնդիրներ դեռեւս կան, որ պետք է պարզաբանել։ Մեր ավագանին որոշում ունի կայացրած, որ քաղաքապետի նոր թեկնածու այս կարճ ժամանակահատվածում չի առաջադրելու, եւ իրավաբանները պետք է հասկանան ու ասեն, թե ինչ ընթացակարգով պետք է շարժվենք, բայց վստահեցնում եմ Ձեզ, որ պարոն Հրաչյա Սարգսյանի հրաժարականն իր որոշումն է եղել։

– Այնպիսի տպավորություն է, որ Ձեր կարգախոսն է՝ ցանկացած փիառ փիառ է, անգամ՝ սեւը։ Բազմաթիվ օրինակներ կան՝ սակուրաներից մինչեւ «Սուրմալուում» քաղաքապետի թեկնածու ներկայանալը։

– Ես կարծում եմ, որ ցանկացած իրական գործողության, իրական աշխատանքից հետո կարող են լինել տարատեսակ քննարկումներ․ կարող է լինել նույն կատարված աշխատանքի սեւ փիառ, դրական փիառ։ Չարված գործի մասին է, որ չեն խոսում, հիմնականում խոսում են նրա մասին, ինչն արվում է։ Նույն՝ ծառերի փոխարինման ծրագիրը, որը Դուք նշում եք, մեկնարկել ենք այս տարվանից, քննարկել ենք գիտնականների հետ, ոլորտի մասնագետների հետ, գիտաժողով ենք անցկացրել, իրենք մեզնից միաբերան պահանջել են, որ հնացած, իրենց կյանքի ավարտին մոտեցող ծառերը փոխարինվեն Երեւան քաղաքում, ինչը բնական բան է։ Մենք, չնայելով փիառին, չնայելով ռեյտինգներին, չնայելով, թե մամուլը մեր մասին ինչ կգրի, կամ ինչքան կքննադատվենք, գտել ենք, որ ճիշտ ենք անում, եւ արել ենք դա եւ շարունակելու ենք անել։

– Չեմ կարող չանդրադառնալ շոուով ձեր փոխքաղաքապետին ձերբակալելու, աշխատակիցներին հարցաքննությունների կանչելու, մեղադրանք առաջադրելու փաստերին։ Տպավորություն է ստեղծվում, որ իրավապահ համակարգը Ձեր դեմ է պայքարում։ Սա այդ հայտնի ՔՊ-ի ներսի կռիվնե՞րն են։

– Ես այսպես ասեմ․ առաջին հերթին կարծում եմ, որեւէ մեկի անմեղության կանխավարկածը պետք է հարգել, եւ քանի դեռ որեւէ մեկը որեւէ բանի համար չի դատապարտվել, մենք դա պետք է հիշենք, եւ դա էլ որոշակի մշակույթ է, որ մեր մեջ պետք է ձեւավորել․ եթե մարդուն չեն դատապարտել, դա դեռ չի նշանակում, որ ինքը մեղավոր է։ Երկրորդ՝ իրավապահ համակարգի գործողությունները բազմաբնույթ են եւ միայն քաղաքապետարանի ներսին չեն վերաբերում, նաեւ թաղապետարաններում կան պրոցեսներ, նաեւ՝ նախարարություններում, ուղղակի կարող է ուշադրությունն այդքան կենտրոնացած չէ այլ տեղերում։ Գուցե պաշտոնյաների կալիբրը մի փոքր այստեղ բարձր է եղել։ Ես ներքուստ վստահ եմ, որ էստեղ ուղղակի զուգադիպել է, եւ, ընդհանուր առմամբ, սա մի բան է նշանակում, որ բոլորը, ովքեր որ պետական պաշտոնի են, համայնքային պաշտոնի են, իրենց գործունեության մեջ պետք է լինեն ե՛ւ զգուշավոր, ե՛ւ թափանցիկ։ Մաքսիմալ հեռու մնան բոլոր այն խնդրահարույց կետերից, որոնք որ կարող են հետագայում իրենց համար խնդիր դառնալ, բայցեւ մյուս կողմից ես ուզում եմ վստահեցնել, որ հանիրավի տեղը որեւէ մեկին, այսպես ասած, եթե փորձեր լինեն կալանքի տանել, կամ որոշակի գործողություններ տեղի ունենան, որ մենք վերջում տեսնենք, որ խնդիրը հիմնավոր չէր, դա էլ ունենալու է իր հետեւանքները։

Զառա ՄԱՐԳԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031