Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ինչո՞վ է դավադրությունը տարբերվում օրինաչափությունից

Ապրիլ 07,2023 10:00

Ինչո՞ւ են մարդիկ ամբողջ աշխարհում հակված հավատալու դավադրություններին եւ «աշխարհաքաղաքական խաղերին» ավելի շատ, քան միջազգային հարաբերությունների օրինաչափություններին: Պատասխանը կարող է անսպասելի թվալ. որովհետեւ օրինաչափություններն ավելի բարդ են, դրանք հասկանալու համար ավելի շատ գիտելիքներ եւ ջանքեր են պետք, քան դավադրությունների դեպքում:

Ինչո՞ւ փլուզվեց Խորհրդային Միությունը: Որովհետեւ Գորբաչովը «փող էր վերցնում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունից (CIA)»: Ինչո՞ւ 1917 թվականին սկզբից Կերենսկին, իսկ այնուհետեւ բոլշեւիկները կարողացան գալ իշխանության, որովհետեւ «սիոնական իմաստունների արձանագրություններում այդպես է գրված»: Ինչո՞ւ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխություն: Որովհետեւ «Սորոսը, Արեւմուտքը, նույն սիոնիստներն ու մասոնները ցանկանում էին, որ Արցախը հանձնվեր Ադրբեջանին»: Հենց որ նմանատիպ բացատրություններ են հնչեցվում, դրանից հետո այլեւս որեւէ բանի շուրջ մտորելու, որեւէ բան քննարկելու կարիք չկա, ամեն ինչ միանգամայն պարզ է: Ահա թե ինչու մարդկանց մեծամասնությունը սիրում է դավադրությունների տեսությունները, դրանք մի տեսակ մտավոր հարմարավետություն են ստեղծում ուղեղն աշխատեցնելուն ոչ սովոր մարդկանց համար:

Ճիշտ նույն ձեւով՝ հայաստանցիների մեծամասնությանը բավարարում է «թուրք-ռուսական տանդեմի» մասին տեսությունը: Ակնհայտ է, որ այդ երկու երկրների շահերն այս պահին շատ հարցերում համընկնում են: Թուրքիան եւ Ադրբեջանը ցանկանում են, որ այս տարածաշրջանում հայկական պետականության ընդհանրապես գոյություն չլինի: Ռուսաստանը, սկզբունքորեն, կցանկանար, որ այդ պետականությունը գոյություն ունենար՝ իր «պրոտեկտորատի» ներքո: Բայց, հաշվի առնելով այդ երկրի ողբալի վիճակը՝ Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմի պատճառով, Ռուսաստանը պատրաստ է տրվել թուրքական ծրագրին:

«Տանդեմի» մասին դավադրապաշտական խոսակցությունները ձեռնտու են, բնականաբար, ներկայիս իշխանությանը, որը ոչինչ չի անում մեր ինքնիշխանությունը պաշտպանելու համար, եւ արդեն թույլ է տվել, որ Ադրբեջանը մեր երկրի ինքնիշխան տարածքում տասնյակից ավելի ռազմական հենակետեր տեղադրի: Փաշինյանի «արեւմտամետ» կողմնակիցները միայն խոսում են ինքնիշխանության թեմայով, բայց դա անում են ոչ թե ինքնիշխանությունը, այլ՝ ներկայիս վարչապետին պաշտպանելու նպատակով:

Լուծումը, բնականաբար, ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի հետագա ոտնձգություններին ռազմական դիմադրություն ցույց տալն է (ինչն, ի դեպ, պահանջում է ՀՀ Սահմանադրությունը), ինչպես նաեւ՝ Ռուսաստանի, Իրանի եւ Արեւմուտքի հետ լուրջ դիվանագիտական աշխատանքը: Վախենամ՝ թե՛ առաջինը, եւ թե՛ երկրորդը մեր իշխանությունների ուժերից վեր է:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Այնտեղ, որտեղ օրենքն ավարտվում է, սկսվում է անօրինական աշխարհի հասկացությունները: Ցանկացած խնդիր լուծում ունի, եթե այն բերվի օրենքի դաշտ, իսկ քանի որ ոչ բոլոր միջպետական միջազգային հարաբերություններն են օրենքի դաշտում, այստեղ է, որ սկսվում է անօրինականությունը, որն առավել արդյունավետ եւ քողարկված գործում է հատուկ ծառայությունների միջեւ: Կարծում եմ առանց որեւէ դավադրությունների տեսության, Սովետի քանդվելը հենց իր հայտնի գերհզոր հատուկ ծառայությունների պարտությունն էր, որը բերեց երկրի վերացմանը: Հատուկ ծառայությունները՝ դրանք պետության դիմադրողականության համակարգն է, եթե այն թույլ է, ապա երկիր են թափանցում օտարերկրյա կամ ավելի ճիշտ՝ վերպետական հատուկ ծառայությունների ամեն տեսակ պարազիտներ, որոնք երկիրը քանդում են ներսից: Խոսել պետական սուվերենությունից, երբ քո հատուկ ծառայությունները սուվերեն չեն, իմաստ չկա, բայց կա միայն մի անկախ ու օրինական, բայց դեռեւս քաղաքականապես անչափահաս Սուբյեկտ, որի դեմ խաղ չկա, երբ այդ Սուբյեկտը միակարծիք է եւ միակամ: Մեր ծովից ծով Հայքը պետք է լինի ծովից ծով օրենքի դաշտ, եկեք դաստիարակենք մեր Սուբյեկտին այնպես, որ իր ամեն մի քայլը ձեւակերպի օրենքի ընդունմամբ եւ այդ օրենքի պաշտպանությամբ՝ օրենքին ոչ միայն պետք է հետեւել, այլ ունակ եւ պատրաստ լինել օրենքը ամեն գնով պաշտպանել անօրինական ոտնձգություններից: Սա պետք է դառնա Սուբյեկտի գաղափարախոսությունը: Մեզ համար Վրաստանը պետք է լինի օրենքի պաշտպանության համատեղ զորավարժությունների զինակից, միասին ընդունենք համընդանուր օրենքներ եւ միասնականորեն համապատասխան զենքեր ստեղծենք այդ համընդանուր օրենքների նկատմամբ հնարավոր ոտնձգություններից պաշտպանելու համար: Օրենքը արդյունավետ կգործի, երբ ունենանք վերպետական համակարգ, որն էլ այդ համատեղ օրենքները կստեղծի: Երբ ունենանք գործող օրենքի դաշտ, այնտեղ անօրինականությունը տեղ չունի: Իսկ հետո կընդլայնվենք ծովից ծով կամ օվկիանոսից օվկիանոս:)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930