Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական եւ մեր քարոզչության տարբերությունը

Ապրիլ 15,2023 10:00

Երբ հեռախոսով Google եմ բացում, ինձ առաջարկվող հրապարակումների մեջ հաճախ են հանդիպում ռուսաստանյան քարոզչական նյութեր, որոնք թիրախավորում են այդ երկրի կողմից սանձազերծված պատերազմը մերժող արվեստագետներին՝ Մակարեւիչին, Գրեբենշչիկովին, Պուգաչովային:

Վերջինիս վերաբերյալ նույնիսկ ինչ-որ «հասարակական կազմակերպություն» դիմել է ՌԴ դատախազություն՝ խնդրելով պարզել, թե որտեղից նրան այդքան փող՝ հավանաբար Արեւմուտքից է ստանում: Մասնավոր անձի, արտիստի վերաբերյալ նման հարցադրումն անհեթեթ է՝ դա իր անձնական գործն է: Այդ հրապարակումներում այդ արվետագետների հասցեին հնչում են կոպիտ վիրավորանքներ, որոնցից ամենամեղմը «դավաճանն» է: Այդ մարդկանց տաղանդը հարգող հարյուր հազարավոր մարդկանց (նաեւ իմ) վերաբերմունքը նման հրապարակումները չեն փոխի, բայց ո՞վ գիտի՝ գուցե միլիոնավոր ռուսաստանցիների վրա դա ազդո՞ւմ է:

Ակնհայտ է, որ այստեղ գործ ունենք համակարգված քարոզչական գրոհի հետ, որը ղեկավարվում է մեկ կենտրոնից: Նույնը կարելի է ասել ադրբեջանական քարոզչության մասին, որի ուղղությունները եւ պատումները մանրակրկիտ ձեւով մշակված են մասնագետների կողմից՝ ենթադրում եմ, ոչ միայն ադրբեջանցի: Դա լուրջ, լայնածավալ աշխատանք է, որն ուղղված է, մասնավորապես, Հայաստանի եւ Իրանի դեմ: Ըստ էության, պատերազմի մի մասն է:

Ի՞նչ է դրան հակադրում հայկական պետությունը: Լավագույն դեպքում` այս կամ այն գերատեսչության հերքումը: Արտաքին ճակատի համար պատերազմական այս իրավիճակում չի տարվում որեւէ աշխատանք, որը գոնե ինչ-որ չափով կհակադրվեր ադրբեջանական քարոզչությանը:

Բայց այնպես չէ, որ մեր քարոզիչները ձեռքերը ծալած են նստած՝ նրանք մեծ ակտիվություն են դրսեւորում ներքին ճակատում՝ աշխատեցնելով, այսպես կոչված, «ֆեյքերի ֆաբրիկաներ»: Քանի որ մանիպուլյացիան եւ դեմագոգիան մեր իշխանությունների հիմնական քաղաքական գործիքներն են, զարմանալի չէ, որ «ֆեյքերի» ոլորտում նրանք հասել են զգալի հաջողությունների: Ցանկացած ոչ իշխանամետ հրապարակում կամ «ստատուս», որը դուր չի գալիս բարձրագույն «շեֆերին», արժանանում է համապատասխան հարձակման, որում, ի դեպ, արտացոլվում է թե՛ մեր ներկայիս իշխանավորների եւ թե՛ նրանց ընտրազանգվածի մտավոր մակարդակը:

«Ֆեյքերի ֆաբրիկայի» թիրախում է, օրինակ, «Առավոտի» լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը: Հավանաբար` վարչապետին ուղղված հարցերը դիպել են «ֆաբրիկատերերի» սրտերի նուրբ լարերին։ Չգիտեմ, գուցե ես էլ կամ թիրախների ցանկում՝ չեմ կարող ասել, որովհետեւ հազարից մեկ եմ բացում տարբեր հարթակներում դրվող՝ իմ նյութերի մեկնաբանությունները: Ճիշտն ասած, չգիտեմ նաեւ՝ արդյոք դա ազդում է «Առավոտի» ընթերցողների, օգտատերերի վրա: Ինձ վրա նման վիրտուալ վիրավորանքները կամ կսմիթները չեն ազդում: Եթե սրտանց են գրում, ապա այդ մարդկանց ամենայն անկեղծությամբ մաղթում եմ հոգեկան հանգստություն, հավասարակշռություն: Եթե գրում են փողով, նույնքան անկեղծությամբ ցանկանում եմ, որ նրանց մեկը հազար դառնա:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Կալինինոյի կարագ, Ղափանի(Կապանի) լոբի, Քյավառի (Գավառի) կարտոշկա, Մեղրու մրգերը կամ Երեւանի հարազատ համնուհոտը, Ղարաբաղի (Արցախի) գեներալներն ու մարշալները, Լենինականի (Գյումրիի) հումորը’ բոլորը չթվարկեմ, մեր ամեն մի քաղաքն ու շրջանը մի գանձ է: Իսկ ի՛նչ գանձեր ենք թողել մեր արեւմտյան հողերում, մենք պետք է միշտ պատրաստ լինեինք, երբ Արարիչը առիթը տալիս է, մենք առավելագույնս պետք է օգտվենք ընձեռնված աստվածահաճո առիթից: Մեր մեղքը նա է, որ թշնամուն ուրիշների մեջ ենք տեսնում, իսկ իսկական թշնամին աստվածահաճո գործերն իրականացնելու մեր անպատրաստվածությունն է, իսկ երբ պատրաստ լինենք Արարչի կամքը լավագույնս իրագործելու եւ դրանով հաղթելու, սա էլ կլինի իսկական հավատը Արարչի հանդեպ, իսկ Արարչի ամենազոր ուժը մեր սրտանց հավատի ու պատրաստվածության մեջ է: Մեր իսկական հայ հոգեւորականները մեր հաղթանակին պատրաստ լինելու առաջամարտիկը պետք է լինեն, ով իր, իր ընտանիքի, իր համայնքի, իր պետության, իր ժողովրդի ու իր մարդկության հաղթանակին չի պատրաստվում, դրանք անհավատ անհաջողակներ են: Մեր հավատը մեր հաղթանակին պատրաստվածության մեջ է:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930