Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ ինչո՞ւ պետք է տուժողներն էմոցիոնալ չարձագանքեն, երբ նման ձեւով բռնության են ենթարկվել»․ «Առերեսում»

Ապրիլ 15,2023 22:00

Եռաբլուր պանթեոնում 2022թ. սեպտեմբերի 21-ին զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանների կողմից անհամաչափ ուժ գործադրվեց եւ մինչ օրս որեւէ ոստիկան պատասխանատվության չի կանչվել այդ բռնության կապակցությամբ։ ՀՀ քննչական կոմիտեն էլ իր տարածած պարզաբանմամբ դեռ բողոքում է, որ «նախաքննական մարմնին ներկայացվում են վարույթով կոնկրետ որոշումներ կայացնելու անհիմն պահանջներ»։ Ու ՀՀ քննչական կոմիտեի առջև բողոքի վերջին՝ 24-ժամյա ցույցի ընթացքում էլ որեւէ մեկը հարկ չհամարեց զրուցել զոհված զինծառայողների հարազատների հետ, քանի որ, ըստ ՔԿ–ի հաղորդագրության մեջ առկա պարզաբանման՝ «Վերջին հանդիպումների ընթացքում ներկաներից ոմանք իրենց թույլ են տվել էմոցիոնալ հայտարարություններ, վիրավորական արտահայտություններ են հնչեցրել ՀՀ ՔԿ ներկայացուցիչների հասցեին, փաստացի խաթարել հանդիպման բնականոն ընթացքը, որի պատճառով այն չի ծառայել իր նպատակին»։

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպության փաստաբան Արա Ղարագյոզյանը «աբսուրդի ժանրին պատկանող» գնահատեց ՀՀ քննչական կոմիտեի հայտարարությունը․ «Մայրերի նկատմամբ բռնություններ են եղել, որոնք արձանագրվել են լրատվամիջոցների կողմից։ Ոստիկանների դեմքերը հստակ երեւում են։ Եվ 8 ամիս շարունակ անընդհատ պատճառաբանվում է, թե չեն կարողանում նույնականացնել ոստիկանների ինքնությունը։ Ընդհանրապես չկա նույնականացնելու խնդիր»։ Փաստաբանը կատարվածը գնահատեց խոշտանգում եւ անմարդկային վերաբերմունք եւ պնդեց, թե 2 շաբաթվա կամ մեկ ամսվա ընթացքում անձանց պետք է մեղադրանք առաջադրվեր ու գործն ուղարկվեր դատարան, սակայն տեսնում են, որ դա պարզապես չեն ցանկանում անել։

Անդրադառնալով «իրենց թույլ են տվել էմոցիոնալ հայտարարություններ» պատճառաբանությանն էլ՝ Արա Ղարագյոզյանն ասաց․ «Իսկ ինչո՞ւ պետք է տուժողներն էմոցիոնալ չարձագանքեն, երբ նման ձեւով բռնության են ենթարկվել ու քննչական մարմինն 8 ամսից ավելին մեղադրանք չի առաջադրել որեւէ մեկին»։

Ի դեպ, Մարդու իրավունքների պաշտպանի դեռ թեկնածու Անահիտ Մանասյանին լրագրողները հարցրել էին Եռաբլուրում մայրերի նկատմամբ բռնություն կիրառելու մասին, սակայն նա կոնկրետ գնահատական չէր տվել, պատճառաբանելով, թե դեպքի փաստական հանգամանքներին չի տիրապետում։ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ, «Կանանց աջակցման կենտրոնի» հանրային կապերի պատասխանատու Զարուհի Հովհաննիսյանն այս առնչությամբ ասաց․ «Այստեղ փաստական հանգամանքներին տիրապետելու խնդիր ընդհանրապես չկա։ Այստեղ կա դիրքորոշման խնդիր՝ դու իրավապաշտպա՞ն ես, թե՞ ոչ։ Ի դեպ, որպես կանանց իրավունքների պաշտպան՝ առաջինն եմ տարածել հայտարարություն անթույլատրելիության վերաբերյալ եւ այդ դեպքը գնահատել որպես խոշտանգում, վայրագություն։ Եվ ամբողջովին համերաշխ եմ այդ ծնողների հետ, որոնք իրենց զավակներին են կորցրել պետության համար, հիմա էլ արդար քննություն են ուզում եւ էլի չեն ստանում։ Սա ուղղակի անընդունելի մոտեցում է նման մարդկանց նկատմամբ։ Եվ արդեն իսկ այստեղ ՄԻՊ–ի զգացումն իրավապաշտպանության նկատմամբ կարելի է չափել»։

Անդրադարձ եղավ այն փաստին, որ մեղադրանք է առաջադրվել Մալիշկա բնակավայր կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետի ուղղությամբ անձրեւանոց նետած Նարինե Ասատրյանին՝ «պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու» հատկանիշներով։ «Ցանկացած բռնության դեմ եմ, ցանկացած բռնություն դատապարտելի է,- նախ ասաց Արա Ղարագյոզյանը եւ հավելեց։–Իմ կարծիքով, այս կնոջ գործողություններում ընդհանրապես չկա որեւէ հանցակազմ։ Իր նկատմամբ խափանման միջոցի ընտրությունն իր փաստաբանի կողմից, կարծում եմ, որ կվիճարկվի»։ Փաստաբանը կոչ արեց նաեւ ուշադրություն դարձնել Բերձորից տեղահանված այդ կնոջ արարքի նպատակին, որն ակնհայտորեն ոչ թե բռնությունն էր, այլ բողոքի ձայնը լսելի դարձնելը։

Զարուհի Հովհաննիսյանը համաձայնելով այդ դիտարկմանը՝ հիշեցրեց դեպքերը, երբ պետական պաշտոնյաներն են բռնություն կիրառել ու մնացել բացարձակ անպատիժ․ «Քանի՞ դեպք եղավ ԱԺ–ում ծեծերի, ապտակների, բռնությունների․․․ Այս երկրում անհավասա՞ր են մարդիկ։ Պետական պաշտոնյայի նկատմամբ կատարվել է ինչ որ գործողություն, որը ֆիզիկապես իրեն վնաս չի հասցրել, որեւէ բան չի եղել։ Իսկ կատարողն իսկապես հուզական վիճակում է՝ հայրենիքը կորցրած, կյանքի իմաստը կորցրած վերջապես․․․ մենք այդ մարդկանց հետ ամեն օր ենք աշխատում ու գիտենք իրենց հոգեհուզական իրավիճակը»։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930