Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ոչ թե 5 միլիոն, այլ 2.6 միլիոն 2050 թվականին

Մայիս 03,2023 10:00

Նախորդ մարդահամարի համեմատ Հայաստանի մշտական բնակչությունը 2011-2022 թվականներին նվազել է մոտ 90 հազարով: Շա՞տ է դա, թե՞ քիչ: Այդ հարցն առանձնապես իմաստալից չէ, եթե դիտարկենք միայն թվերը: Բայց, հասարակական գործընթացներին հետեւելով, ավելի կարեւոր է անդրադառնալ միտումներին: Իսկ կոնկրետ այս դեպքում՝ ծնելիության գործակցին՝ 1.6: Գիտությունից հայտնի է՝ որպեսզի բնակչության թիվը վերարտադրվի, գործակիցը պետք է լինի առնվազն 2.1: Խոսքն, ընդգծեմ, վերարտադրության մասին է, ոչ թե ավելանալու: Այսինքն՝ խրոխտ հայտարարությունն այն մասին, թե 2050 թվականին Հայաստանի բնակչությունը դառնալու է 5 միլիոն, նույնքան իրատեսական է, որքան վարչապետի արած մնացած հայտարարությունները: Ըստ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի՝ եթե այսօրվա միտումները շարունակվեն, ապա վերը հիշատակած 2050 թվականին Հայաստանի բնակչությունը նվազելու է՝ կազմելով 2.6 միլիոն: Իսկ դա մեր պետությունը կանգնեցնելու է լուրջ քաղաքական, տնտեսական եւ անվտանգության հետ կապված խնդիրների առջեւ: Եթե, իհարկե, մինչեւ այդ հայկական պետությունը մնա:

Ակնհայտ է, որ միայն ծնելիության վրա հույս դնելով, բնակչության նույնիսկ եղած թիվը հնարավոր չէ պահպանել: Ելքը, բնականաբար, «արտաքին» մարդկային ռեսուրս ներգրավելն է: Եվ խոսքը ոչ միայն հայերի մասին է: Իհարկե, ռուս-ուկրաինական պատերազմը մեծ արհավիրք է, ողբերգություն է, բայց եթե զուտ ժողովրդագրական եւ տնտեսական առումով նայենք, 100 հազարից ավելի ռուսաստանցիների տեղափոխումը մեր երկիր, անշուշտ, դրական փաստ է: Կարելի է ասել, այս առումով մեր բախտը բերել է, որովհետեւ ոչինչ չենք արել, որ նրանք գան: Պետք է ամեն ինչ անել, որ «ռելոկանտները» արմատներ գցեն մեր երկրում՝ դյուրացնելով նրանց մնալը՝ թե՛ բիզնեսը գրանցելու, թե՛ կարգավիճակ ստանալու առումով: Պատերազմը վերջանա, իհարկե, մեծ մասը կվերադառնա հայրենիք: Բայց եթե գոնե 25 տոկոսը մնա, դա էլ, կարծում եմ, մեծ նվաճում կլինի:

Բայց հասկանալի է, որ դա բավարար չէ: Պետության կողմից այս հարցում պահանջվում է պրագմատիզմ, իսկ հասարակությունից ակնկալվում է զերծ մնալ նախապաշարումներից եւ կարծրատիպերից: Ցանկացած բարեկամ երկրի քաղաքացիներ, որոնք ցանկանում են հաստատվել Հայաստանում, պետք է այդ երկու կողմերից էլ աջակցություն ստանան:

Այդ ամենը պետք է ոչ թե հակադրվի հայերի ներգաղթին, այլ լրացնի այն: Ես չեմ հավատում, որ այն հայերը, որոնք 1990-ականներին արտագաղթել էին Կալիֆոռնիա եւ, այնտեղ ապրելով, հպարտորեն հայտարարում էին՝ «հենց որ Սերժը գնա, մենք կգանք» (այդպիսով ցույց տալով իրենց «գաղափարական» ուղղվածությունը), նրանք իրականում կվերադառնան Հայաստան: Ուրիշ բան է Միջին Արեւելքը, որտեղ իրավիճակը բարդ է, եւ, ցավոք սրտի, մոտակա տարիներին, չի կայունանա: Հայաստանը պետք է գրկաբաց ընդունի մեր այն քույրերին եւ եղբայրներին, որոնք ցանկություն կունենան այստեղ գալու:

Մայրական նպաստներ բաժանելն, իհարկե, լավ գործ է: Բայց ասել՝ «մենք ամեն ինչ անում ենք՝ ժողովրդագրական վիճակը շտկելու համար», մեղմ ասած, չափազանցություն է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    ՝՝Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում բնակչության թվաքանակը շարունակաբար նվազելու է մինչև 2050 թվականը:՝՝

    Մենք չենք կարող ուրիշների դժբախտությունների հաշվին բախտավորվե
    լ, մենք ճիշտ ենք արել, որ ռելոկանտներին ապաստան ենք տվել եւ բոլոր պայմանները ստեղծել, որ իրենց լավ զգան, բայց հենց որ նրանց երկրում նորմալ ազգային կառավարություն գա, նրանց պետք է հորդորել, որ տեղափոխվեն իրենց երկիր: Մե՛նք առաջին հերթին պետք է օրինակ ծառայենք նրանց համար, երբ բախտներս բերի եւ ընտրողների մեծամասնությունը նորմալ ազգային կառավարություն բերի իշխանության, սփյուռքի բոլոր երկրներին պետք է խնդրենք, որ հորդորեն մեր հայերին վերադառնալ մեր հայրենիքի այս փոքր կտոր, հիշենք, թե ինչ հսկայական առաջընթաց ապրեցինք կյանքի բոլոր բնագավառներում, երբ ախպարները նախորդ դարի քառասունականների վերջերից զանգվածային եկան հայրենիք՝ էլ մշակույթ, էլ գիտություն, կարծեմ սուրճի ավանդույթն էլ ենք նրանցից ստացել: Մեր սփյուռքն էլ ապաստան գտնելով այլ երկրներում, պահպանել է իր արարչագործ էությունը, նրան չի հետաքրքրում տնտեսական կամ անվտանգային պայմանները, այդ ամենը նա կստեղծի արագ եւ համաշխարհային մակարդակի, նրան պետք է ընդամենը նորմալ ազգային կառավարություն, որը մեծագույն հարգանք կունենա իր ժողովրդի կողմից, իսկ մեր արարչագործ ժողովուրդը պատրաստ է համագործակցել իր կառավարության հետ: Ես հասկանում եմ, թե ո՛ւմ չեմ ընտրի, բայց չգիտեմ, թե ո՛ւմ ընտրեմ, թող մեր հարգված մտավորականները տարբերակներ առաջարկեն եւ իրենց առաջարկի պատասխանատվության տակ մտնեն: Միգուցե, մի հատ Եւրատեսիլ էլ մենք անցկացնենք մեր շրջանների մասնակցությամբ, ոչ միայն երգի արվեստի, այլեւ քաղաքական արվեստի մրցույթ անցկացնենք ու տասներկու բալանոց համակարգով ընտրենք մեր լավագույններին եւ դա ցույց տանք հեռուստացույցով: Մեր մեծամասնության հետ հաղորդակցվելու շատ լավ միջոց է: Սպասում ենք մտավորականների առաջարկներին:

  2. Սարգիս Զեյթունյան says:

    Չեմ ուզում անդրադառնալ 2019 թ. Ստեփանակերտում 5 միլիոնի մասին Նիկոլի հնչեցրած այդ և ուրիշ նմանատիպ կարգախոսներին: Չէի ասի, թե դրանք ապուշություններ են եղել, բայց որ ապուշների համար էին, հաստատ: Ու գտնվեցին բազմաթիվ ապուշներ, այնպես, որ այդ կարգախոսներն իրենց գործն արեցին:
    Այլ բանի մասին եմ ուզում ասել: Ձեր խմբագրականներից մեկում գրել էիք, որ հասկացել եք, որ իշխանությունների կործանարար քայլերն արվում են ոչ թե անճարակության արդյունքում, այլ ինչ-որ ծրագրի իրականացման շրջանակում: Ձեր կարծիքով, այդ ծրագրում ուղղակի կամ անուղղակի ներառվա՞ծ են երկրի ժողովրդագրական հարցերը: Օրինակ, այնպես ինչպես Ստեփանակերտի նույն հանրահավաքում հնչեցրած մեկ այլ կարգախոս՝ «Արցախը Հայաստան է և վե’րջ», ընկած էր Արցախը հանձնելու նախապատրաստական աշխատանքների հիմքում: Ասածս այն է, որ Ձեր՝ այստեղ ու այլ խմբագրականներում հնչեցրած առաջարկությունները՝ որքան լավը, այնքան էլ անիրականանալի են այս իշխանությունների օրոք: Ես ենթադրում եմ, որ Դուք դա գիտակցում եք ու հույս ունեք, որ այդ առաջարկությունները կարող են իրականացվել այն ժամանակ, երբ «քաղաքացիների մեծանասնությունը» փոխի իր կարծիքը մեր «լեգիտիմ իշխանությունների» մասին: Եթե իսկապես այդպես եք կարծում, ապա, ցավոք, սխալվում եք: Այս իշխանությունների օրոք «քաղաքացիների մեծամասնության» կարծիքը հաշվի կառնվի այնքան ժամանակ, մինչև այդ կարծիքը ռեռնտու կլինի իրենց: Հակառակ դեպքում նրանք կփորձեն իշխանությունը պահել ցանկացած գնով, նույնիսկ եթե այդ գինը լինի վասալի կարգավիճակը: Ես համոզված եմ, որ մոտակա ընտրություններում մենք տեսնելու ենք շատ ավելի այլանդակ ընտրակեղծիքներ, քան այն ինչ տեսել ենք երեք նախագահների օրոք՝ միասին վերցրած:
    Այնպես որ, բոլոր լավ առաջարկությունների իրականացման առաջին նախապայմանը դավաճան իշխանության հեռացումն է:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031