Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչ դատարանը կորոշեր արգելել քանդելը, այն «թաղապետի վճռով» հավասարվել է հողին

Մայիս 19,2023 13:30

Մայիսի 11-ին Նոր Նորք համայնքի ղեկավար Ա. Մհերյանը վարչական մարմնի աշխատակիցների, ոստիկանների ուղեկցությամբ ներկայացել է Լյուքսեմբուրգի 1-ին նրբանցքի 4/1 հասցե, նշյալ տան տիրոջը՝ Արամ Տավարածյանին «ծանոթացրել» Երեւանի քաղաքապետարանի կայքում էլեկտրոնային տարբերակով հրապարակված մի որոշման հետ, համաձայն որի՝ թույլատրվել է Ա. Տավարածյանին պատկանող շինությունը՝ բնակելի տունը, ապամոնտաժել: Որոշմամբ սահմանվել էր, որ անշարժ գույքի սեփականատերն իրավունք ունի երկամսյա ժամկետում վերադասության կարգով կամ ՀՀ վարչական դատարան բողոքարկել քաղաքապետի որոշումը:

Սակայն Նոր Նորք վարչական մարմնի ղեկավար Ա. Մհերյանը հայտարարել է, որ «..դա իրեն չի հետաքրքրում, օրենքն ինքն է, իմ օրենքով պիտի քանդվի»: Քանի որ Երեւանի քաղաքապետի որոշումը հրապարակվել էր 11.05.2023թ.-ին, այսինքն նույն օրը, ուստի քաղաքացին խնդրել է իրեն 10-օրյա ժամկետ տալ, կամավոր բնակելի տանից գույքը հանելու եւ շինության պիտանի շինանյութն անվնաս ապամոնտաժելու համար:

Թաղապետը մերժել է բնակչի խնդրանքը եւ հանձնարարել սկսել գույքագրումը, դրանից հետո՝ նաեւ քանդման աշխատանքները:


Լյուքսեմբուրգի 1-ին նրբանցքի 4/1 տան բնակիչ Արամ Տավարածյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ առերեւույթ հանցագործության մասին հաղորդմամբ, հայտնելով, որ վարչական մարմնի ղեկավարն իր գործողություններով ոտնահարել է իր՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքները, հնարավորություն չտալով դիմել դատական պաշտպանության, խախտել է իր գույքային իրավունքները՝ հասցնելով նյութական վնաս: Դիմել է դատարան, մինչ դատարանը կորոշեր արգելել քանդելը, այն «թաղապետի վճռով» հավասարվել է հողին…


Երեկ ՀՀ վարչական դատարանից տեղեկացա, որ մայիսի տասներկուսին ՀՀ վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանը որոշում է կայացրել: Համաձայն այդ որոշման՝ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին Արամ Տավարածյանի միջնորդությունը բավարարել է մասնակի՝ արգելել է Երեւանի քաղաքապետարանին առանց Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված Ինքնակամ կառույցների օրինականացման եւ տնօրինման կարգի 33-րդ կետին համապատասխան Երեւանի քաղաքապետի ընդունած որոշման՝ ապամոնտաժել (քանդել) Երեւան քաղաքի Լյուքսեմբուրգի 1-ին նրբանցքի թիվ 4/1 հասցեում գտնվող ինքնակամ կառույցը:

ՎԴ օրենսգրքի 127-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

Համայնքի բնակիչը տեղեկացրել է, որ 2017 թվականին Երեւան համայնքին պատկանող հողամասում ինքնակամ կառուցել է բնակելի տուն, որտեղ եւ մինչ օրս բնակվում է: Բնակելի տան կառուցման ողջ ընթացքում քաղաքապետարանի կողմից երբեւէ որեւէ արգելք կամ խոչընդոտ չի ստեղծվել եւ շինարարությունը դադարեցնելու պահանջ չի ներկայացվել: Ինքնակամ կառուցված բնակելի տանը Երեւանի քաղաքապետարանի կողմից տրվել է հասցե, այն է՝ ՀՀ, ք. Երեւան, Լյուքսեմբուրգի 1-ին նրբանցք, տուն 4/1, ինչի հիման վրա էլ քաղաքացին նշված հասցեով դարձել է գազամատակարարման եւ էլեկտրամատակարարման բաժանորդ՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ կնքելով համապատասխան պայմանագրեր:

Ա. Տավարածյանը նշված հասցեի անշարժ գույքը՝ ինքնակամ կառուցված բնակելի տունը եւ դրանով զբաղեցված հողամասը, օրինականացնելու նպատակով, 2021 թվականին դիմել էր Երեւանի քաղաքապետարան, ինչին ի պատասխան ստացել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի 08.02.2022 թվականի N 18-06/1-Տ-1147 գրությունը, որում ասվում է. «Համապատասխան տարածքներում առկա ավտոտնակների եւ թիթեղյա կրպակների (տաղավարների) ուսումնասիրման եւ հաշվառման աշխատանքները դեռեւս չեն ավարտվել, հարցին հնարավոր կլինի անդրադառնալ վերջիններիս ավարտից եւ նախատեսվող քաղաքաշինական ծրագրերի վերջնական հստակեցումից հետո…»:

2022 թվականին հայցվոր Արամ Տավարածյանը նորից փորձել է անշարժ գույքն օրինականացնել: Նա գլխավոր դատախազին հայտնել էր, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին համապատասխան որակավորում ունեցող մասնագետի միջոցով իրականացվել է բնակելի տան եւ դրանով ծանրաբեռնված հողամասի չափագրման աշխատանքներ: Չափագրման աշխատանքներն ավարտելուց հետո՝ 2023 թվականի հունվարի 13-ին տեղագրական հանույթը ներկայացվել է Երեւանի քաղաքապետարան՝ խնդրելով իր անունով օրինականացնել բնակելի տունը եւ դրանով զբաղեցված հողամասը:

Ա. Տավարածյանը ստացել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի 07.03.2023 թվականի N 18/31910-23 գրություն-պատասխանը, պարզվել է, որ նրա դիմումը մերժվել է: Վարչության պետի գրությամբ ասվում է. «… քննարկվող տարածքը հանդիսանում է բարձրահարկ կառուցապատման գոտի, որտեղ ցածրահարկ բնակելի կառուցապատում նախատեսված չէ…»: Ըստ Ա. Տավարածյանի, իր տան հարեւանությամբ կան բազմաթիվ այլ բնակելի տներ, բացի այդ՝ երբեւէ չի ներկայացվել քննարկվող տարածքը բարձրահարկ կառուցապատման գոտի հանդիսանալու վերաբերյալ որեւէ ապացույց, քաղաքապետարանի պատասխանն, ըստ էության, իրականությանը չի համապատասխանում:

Ի դեպ, գույքագրելուց հետո նրան ներկայացրել են գույքագրման արձանագրություն: «Արձանագրությունը բոլորով ստորագրեցինք, հեռախոսով ես այն նկարեցի, սակայն թաղապետի հանձնարարությամբ կազմվեց եւս մեկ արձանագրություն, որը ես չստորագրեցի, որովհետեւ ավելի կարճ տեքստ էր, այսինքն՝ գույքի ցանկը կրճատված էր եւ ինձ թույլ չտվեցին նորմալ կարդալ, ծանոթանալ, իսկ առաջին արձանագրությունը ոստիկաններից մեկը իմ աչքի առաջ պատռեց ու նետեց աղբարկղ:

Բնակարանումս առկա գույքը, կենցաղային իրերը՝ հեռուստացույց, սառնարան, լվացքի մեքենա, սպասք լվալու մեքենա, կահ-կարասին, հանվեց եւ ավտոմեքենայով տեղափոխվեց ինձ անհայտ ուղղությամբ, անգամ չառաջարկվեց ինձ վերցնել դրանք»,-ահազանգում է քաղաքացին: Բնակարանից հանվել են նաեւ իրեր, որոնք ապառիկով են վերցված, եւ անգամ դրանք չեն մարված:

Ըստ նրա. «Շինությունը քանդվեց՝ վնասելով անգամ այն շինանյութը, որոնք իրենցից մեծ արժեք էին ներկայացնում, դռներն ու պատուհանները հնարավոր էր առանց վնասելու ապամոնտաժել եւ օգտագործել այլ տեղ, սակայն «թաղապետն իր օրենքի ուժով», ինձ հասցնելով նյութական մեծ վնաս, հանձնարարեց կոտրել, ջարդ ու փշուր անել ամբողջ շինանյութը: Բացեք ցանկացած հայտարարություն, դռան, պատուհանի, մեկ դուռն, օրինակ, այս տան արժեցել է 80 000 ՀՀ դրամ, վնասի չափը անցնում է քսան միլիոնից, ըստ նախնական հաշվարկի»:

«Որտեղ է գրված, որ ես պետք է ենթարկվեմ «թաղապետի օրենքին», ինչու ինձ հնարավորություն չտրվեց իմ գնած շինանյութն ապամոնտաժել եւ տեղափոխել, ինչու դիտավորյալ, միտումնավոր ինձ հասցվեց նյութական վնաս»,-հարցնում է քաղաքացին:

Նա «Առավոտին» նույնպես տրամադրել է նկարներ, տեսանյութեր, որոնք ուղարկվել է նաեւ դատախազին: Իրեն տուժող համարող բնակիչը խնդրում է սույն հաղորդմանը տալ համապատասխան ընթացք, կատարել համապատասխան քննություն, բացահայտել եւ մեղավորներին ենթարկել պատասխանատվության, մեղավորների միջոցներից վերականգնել իր կրած նյութական վնասները:

Նշենք, որ դատական պրակտիկայում մի նմանատիպ գործ կա, երբ Ավանի Խուդյակով 188 հասցեի բնակիչը՝ Սերիկ Մեջլումյանը հաղթեց դատարանում, համայնքի ղեկավարին, իսկ դատարանում այս պահին նյութական վնասի հատուցման պահանջով գործն է:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031