Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենք կաշկանդված են առաջին հերթին Սահմանադրությամբ»․ Վարդան Պողոսյանը՝ ԳԽ-ի՝ 1992-ի հուլիսի 8-ի որոշման մասին՝ իշխող ուժի ներկայացուցիչների հայտարարությունների առիթով

Մայիս 24,2023 17:11

«Իրենք կաշկանդված են առաջին հերթին Սահմանադրությամբ։ Սահմանադրությունը դա թույլ չի տալիս։ Այդ որոշումը վերացնելը որևէ ձևով իրենց չի ազատում Սահմանադրությամբ՝ իրենց կաշկանդված լինելուց»,- Aravot.am-ի հարցին՝ իրավական տեսանկյունից մի՞թե 1992-ի Գերագույն խորհրդի (ԳԽ) որոշմամբ ներկայիս իշխանության ներկայացուցիչները կաշկանդված չեն, այսպես պատասխանեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։

Նշենք, որ իշխող ուժի ներկայացուցիչներից շատերը, պաշտպանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի վերաբերյալ հնչեցված տեսակետները, հայտարարում են, թե 1992-ի Գերագույն խորհրդի հուլիսի 8-ի որոշումն ընդամենը խորհրդարանի որոշում է եւ դրանով իրենք կաշկանդված չեն։

Վարդան Պողոսյանը շեշտում է՝ ամենակարևորն է, որ իրավունքի  տեսանկյունից հասկանանք հետևյալը․ «Պատկերացրեք՝ եթե մենք չունենայինք Սահմանադրությունում նման դրույթներ, Անկախության հռչակագրում նման դրույթներ, լիներ ԳԽ միայն մի որոշում, որը հիմնված չլիներ սահմանադրական հիմքի վրա, ընդունման ժամանակ բացառապես Անկախության հռչակագրի վրա, ապա կարող էր այսօրվա ԱԺ-ն ասել, որ ես վերացնում եմ 1992-ի հուլիսի 8-ի ԳԽ այդ որոշումը։ Բայց ինքը  կաշկանդված է Սահմանադրությամբ և դրա իրավունքը չունի»։

Վարդան Պողոսյանը պնդում է, որ դա կաշկանդող հանգամանք է․ «Ազգային ժողովի որոշումն իրավական ակտ է, հուսով եմ, որ այս հիմնադրույթին որևէ մեկը որևէ առարկություն ներկայացնել չի կարող։ Իրավական ակտը, եթե ուժը կորցրած չի ճանաչվում, գործում է այնքան ժամանակ, քանի դեռ չի վերացվել, եթե ինքը ընդամենը մեկանգամյա օգտագործման ակտ չէ։ Իրավական ակտ կա, օրինակ՝ նշանակել ինչ-որ մեկին ինչ-որ պաշտոնի։ Նշանակեցին, վերջացրին, իր գործողությունը տարածվում է այնքան ժամանակ, քանի դեռ այդ մարդուն իր աշխատանքից չեն ազատել։ Սա պարզապես համեմատության համար բերեցի։ Գերագույն խորհրդի՝ Հայաստանի խորհրդարանի ընդունած որոշումը գործում է այնքան ժամանակ, քանի դեռ ինքը չի վերացվել կամ էլ ժամանակի հետ ինքնաբերաբար իր գործողությունը փաստացի չի կորցրել։ Հիմա ոչ առաջին դեպքն է, ոչ երկրորդը։

Բայց եկեք ավելի կարևոր բան հաշվի առնենք։ Բացի նրանից, որ 1992-ի հուլիսի 8-ի իրավական ակտը ուժը կորցրած չի ճանաչվել, այդ ակտը ընդհանրապես չի էլ կարող ուժը կորցրած ճանաչվել, քանի որ դրա՝ ուժը կորցրած ճանաչումը կլինի ՀՀ Սահմանադրության խախտում։ Այսինքն՝ 1992-ի հուլիսի 8-ի ակտը ածանցյալ է Հայաստանի Անկախության հռչակագրից և ՀՀ Սահմանադրությունից, քանի որ ՀՀ-ի անկախության հռչակագիրն ընդունվելիս՝ որպես իր ընդունման հիմք ԳԽ-ն ընդունել է 1989-ի դեկտեմբերի 1-ի Արցախի և ՀՀ-ի վերամիավորման վերաբերյալ որոշումը։ Այդ որոշումը ուժի մեջ է այն առումով, որ ամրագրել է հայ ժողովրդի երկու առանձին, բաժան-բաժան արված հատվածների վերամիավորման ցանկությունը և այդ ցանկությունը, նպատակը ձևակերպել է՝ որպես համազգային նպատակ ՀՀ Սահմանադրության նախաբանով։

ՀՀ Սահմանադրության նախաբանում հղում կա Հայաստանի անկախության հռչակագրին՝ 1990-ի օգոստոսի 23-ի հռչակագրին։ Դա Սահմանադրության տեսանկյունից կարևոր է երկու առումներով։ Առաջինը, որ 1990-ի օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրում հաստատագրվել են հայոց պետականության հիմնարար սկզբունքները, դրանք Սահմանադրությունում ամրագրվել են սահմանադրական կարգի հիմունքներ գլխում՝ մասնավորապես առաջին, երկրորդ երրորդ և այլ հոդվածներում և երկրորդը՝ Անկախության հռչակագրում նաև սահմանել է այն համազգային  նպատակները, որոնք պետք է ՀՀ-ն մշտապես իրականացնի, լինի ՀՀ-ի իշխանությունների համար պարտադրող՝ նպատակ հետապնդելու համազգային նպատակները։ Այդ համազգային նպատակները ամրագրված են Անկախության հռչակագրում, և այդ նպատակներից մեկը ՀՀ-ի և Արցախի վերամիավորման ձգտումն ու  ցանկությունն է։ Դա ամրագրված է նաև 1989-ի դեկտեմբերի 1-ի այդ որոշման սկզբնամասում։

Այնպես որ, ՀՀ սահմանադրական իրավունքի տեսանկյունից Արցախի և ՀՀ-ի վերամիավորման նպատակը ամենաբարձր մակարդակի վրա է գտնվում՝ սահմանադրական մակարդակի վրա և 1992-ի՝ այդ ԳԽ որոշումն ընդամենը իմպլեմենտացնում է և որոշակի կոնկրետացում է մտցնում այդ վերամիավորման նպատակի հետ կապված։ Մասնավորապես՝ 1992-ի հուլիսի 8-ի որոշումն ուղղակիորեն արգելում է ՀՀ իշխանություններին կատարել այնպիսի գործողություններ, որոնք կասկածի տակ կդնեն ԼՂ գոյությունը, և այդ որոշմամբ՝ ուղղակիորեն ամրագրված է, որ անընդունելի պետք է համարել ցանկացած միջազգային կամ ներպետական փաստաթուղթ, որտեղ  Արցախը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031