Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյան. Եթե ամեն մի հատված մոբիլիզացվի յուրովի, կարծում եմ՝ ապագայում նրանք կմիավորվեն. «Հրապարակ»

Հունիս 17,2023 12:37
Gagik minasyan

Մեր զրուցակիցն Ազգային ժողովի 6 գումարումների պատգամավոր, ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանն է, ում հետ զրուցել ենք Քննչական կոմիտեի մոտ։

– Արմեն Աշոտյանը կալանավորվեց։ Քրգործը վաղուց էր հարուցված, ենթադրություններ ունե՞ք, թե ինչու հենց հիմա Աշոտյանին կալանավորեցին։

– Գիտեք, իմ պատասխանն իրավական չի կարող լինել, ինքս իրավաբան չեմ, սակայն քաղաքական իրավիճակը հուշում է, որ այդպիսի քայլերի իրենք պետք է դիմեին, որովհետեւ այն բոլոր քայլերը, որոնք իրենք կատարել են ե՛ւ հայ-թուրքական հարաբերություններում, ե՛ւ հայ-ադրբեջանական, խայտառակ պարտությունների է բերում մեր ժողովրդին, մեր պետությանը, Արցախին, եւ այս պարագայում շատ բնական է, որ ակտիվ քաղաքական գործիչներին, հատկապես այնպիսի գործիչներին, ինչպիսին Աշոտյանն է, պետք է փորձեն հեռացնել քաղաքական ասպարեզից, ես ենթադրում եմ, որ սա դրա դրսեւորումն է։

– Սպասո՞ւմ եք ընդդիմադիր գործիչների նոր ձերբակալություններ, կալանքներ։

– Ասեմ, որ ես չեմ զարմանա, եթե այդպիսի բաներ լինեն, որովհետեւ իսկապես պրոցեսները խոսում են այն բանի մասին, որ հասարակության ստվար հատվածն այլեւս ընկալում է, թե ինչ ողբերգության առաջ է ինքը կանգնած, թե ինչ ողբերգություն է բերում իր գլխին այս իշխանությունը, եւ որպեսզի դա կոտրվի, հասարակության մոտ հիասթափությունը երբ մեծանա, համոզված եմ, որ իշխանությունները կարող են գնալ այդպիսի քայլերի։

– ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը հայտարարեց, որ Հայաստանի ոչ մի նախկին իշխանություն Արցախն Ադրբեջանի կազմում չի ճանաչել, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը դա բազմիցս գցում էր ձեր իշխանության «գրպանը»։

– Ես կարծում եմ, որ կոնկրետ Փաշինյանի համար շատ ավելի կարեւոր է Ալիեւի ասած միտքը, քան Ժոզեֆ Բորելինը, քանի որ ինքը, իմ գնահատմամբ, իսկապես թուրքական գործակալ է, եւ այստեղի իշխանությունն իսկապես թուրքական գործակալների իշխանություն է, այ, դա, կարծում եմ, ավելի մեծ բացահայտում կլինի, եթե իր բոսն այդպիսի բան ասի։

–  Արցախի հարցում Փաշինյանի դիրքորոշումը հստակ է․ պատրաստվում է ստորագրել եւ ճանաչել Ադրբեջանի կազմում։ Ձեր կարծիքով՝ դրա հետեւանքներն ինչպիսի՞ն են լինելու։

– Գիտեք՝ ես չեմ պատկերացնում, որ Հայաստանն ու Արցախը թույլ կտան, որ այդպիսի համաձայնագիր ստորագրվի, իսկ եթե, Աստված մի արասցե, ստորագրվի, պրոբլեմները շատ խորն են լինելու, որովհետեւ մի բան է, երբ նոյեմբերի 9-ի հայտարարագիրը կար, բայց մեկ այլ բան է, երբ խորհրդարաններով վավերացված համաձայնագիր է։ Ես առավել քան համոզված եմ, որ մեր ժողովուրդը դա թույլ չի տա։

– Հիմա տարբեր շարժումներ կան՝ «Միասին», «Հայաքվե», «Դիմադրություն», «Համախմբում» եւ այլն։ Այս շարժումներն անջատ են գործում, ինչո՞ւ չեն համախմբվում եւ մեկ միասնական շարժում դառնում։

– Ես կարծում եմ՝ երբ իսկապես համաժողովրդական շարժման շունչը զգացվի, այդ բոլոր շարժումները կհամախմբվեն։ Գոնե ես, որպես հայ մարդ, չեմ կարող դա չպատկերացնել, որովհետեւ այդ շարժումները հայ մարդկանց կողմից առաջնորդվող շարժումներ են, իսկ մինչ այդ ես այստեղ բացասական բան չեմ տեսնում, որովհետեւ մեզ համար, կարծում եմ, կարեւորն այդ համախմբումն է՝ մոբիլիզացիան։ Եթե ամեն մի հատված մոբիլիզացվի յուրովի, կարծում եմ՝ ապագայում նրանք կմիավորվեն։ Եթե այդ հատվածն այսօր չմոբիլիզացվի իր քաղաքական ուժի, հասարակական ուժի, նույնիսկ հայրենակցական ուժի շուրջը, ապագայում՝ այդ հիմնական մեծ գործընթացի ժամանակ, նրանց մոբիլիզացնելը լրացուցիչ ջանքեր է պահանջելու։

 

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930