«Դիվանագիտորեն որեւէ լուծման հնարավոր չի եղել հասնել, այդ թվում Վարդան Օսկանյանը տասը տարի աշխատավարձ է ստացել, փորձել է լուծել, ես չեմ ասում Վարդան Օսկանյանը չի փորձել, հավատում եմ, որ ուզեցել է հայանպաստ լուծում գտնել, բայց չի կարողացել։ Դա նշանակում է, որ այն ճանապարհը, որով Վարդան Օսկանյանը գնացել է, դա ոչ մի տեղ տանող ճանապարհ է։ Այսինքն, տանում է մի տեղ, տանում է պատերազմ։ Տարել է պատերազմ էդ ճանապարհը։ Հիմա եթե Վարդան Օսկանյանն ուզում է երեք ամիս էլ գա եւ այդ երեք ամիս հետո եւս մենք պատերազմ ստանանք, ես Վարդան Օսկանյանին դա թույլ չեմ տա, որովհետեւ պատերազմներին սովորաբար Վարդան Օսկանյանի որդին չի մասնակցում։ Պատերազմներին մասնակցում է մեր խեղճուկրակ ժողովրդի երեխեքը եւ ես թույլ չեմ տա Վարդան Օսկանյանին եւս մի պատերազմ բերել մեր ժողովրդի գլխին»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը։
Նա ընդգծեց, որ ե՛ւ Վարդան Օսկանյաններին եւ նրա նման թղթեր ստորագրողներին ու Հայաստանը բանակցություններից դուրս բերողներին, այսօր օրենսդրական նախաձեռնություններ առաջ բերողներին թույլ չի տալու նոր պատերազմ հրահրել։
Ըստ Պապոյանի, եթե Բաքվի հետ ուղիղ բանակցողը լինի Արցախը, Ստեփանակերտը կճանաչվի սուբյեկտ ու իրենք իրար հետ կքննարկեն․ «Ադրբեջանը խուսափում է դրանից, որովհետեւ դա իրեն ձեռք չի տալիս, դրա համար մինչեւ հիմա չկա դա։ Մեր խնդիրն է դա անել, որովհետեւ եթե դա այդքան լավ բան լիներ իրենց համար, կանեին։ Իրենք ինչի են ուզում Երեւանի հետ բանակցել, որովհետեւ իրենց դիրքերը միշտ ուժեղ են եղել»։
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































