Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Դիտարկվել են վարչապետի աշխատակազմի, նախարարությունների, կառավարության եւ վարչապետի ենթակա մարմինների կայքերը

Հուլիս 08,2023 13:30

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 22 տարեկան է

2001 թ. հուլիսի 1-ին Երեւանում մի խումբ լրագրողների եւ իրավաբանների կողմից հիմնադրվեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» (հիմնադիր նախագահ՝ Շուշան Դոյդոյան): Կազմակերպության շնորհիվ կյանքի կոչվեց «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, որի ընդունումից հետո՝ 2003-ից սկսած կազմակերպությունն իրականացնում է մոնիտորինգներ՝ պարզելու տեղեկատվության ազատության վիճակը Հայաստանի Հանրապետությունում, դիմում դատարաններ, դատարանով պահանջում մերժված տեղեկատվությունը:

ԻԱԿ-ը օրերս՝ հունիսին ուսումնասիրել է ՀՀ կառավարության եւ դրա ենթակա պետական մարմինների պաշտոնական կայքերը՝ պարզելու, թե դրանցից քանիսն է կատարել օրենքի պահանջն ու պաշտոնական կայքում տեղադրել տեղեկություն ստանալու հարցումների 2022 թվականի վիճակագրությունը: Ըստ ԻԱԿ-ի ուսումնասիրությունների, ընդհանուր պատկերը հուսադրող չէ, ուսումնասիրված մարմինների միայն մեկ քառորդն է հրապարակել թարմացված վիճակագրական տվյալներ։ Որոշ կայքերում (Կրթության տեսչական մարմնի, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի, Պետական վերահսկողական ծառայության) «Վիճակագրություն» բաժիններն ամբողջովին դատարկ էին: Պետական վերահսկողական ծառայության կայքում առանձնացված էր 2022 թվականին ստացված տեղեկություն ստանալու հարցումների վիճակագրության բաժինը, սակայն դեռեւս տվյալներ հրապարակված չէին…

ԻԱԿ կայքից տեղեկացանք, որ 28 պետական մարմիններից դիտարկվել են վարչապետի աշխատակազմի, բոլոր նախարարությունների, կառավարության եւ վարչապետի ենթակա մարմինների կայքերը: Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ 2023 թվականի հունիսի 20-ի դրությամբ՝ օրենքով նախատեսված վիճակագրությունը հրապարակել է ընդամենը 7 գերատեսչություն՝ 5 նախարարություն եւ 2 տեսչական մարմին.

Առողջապահության նախարարությունը,

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը,

Պաշտպանության նախարարությունը,

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը,

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը,

Ֆինանսների նախարարությունը եւ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

Ի դեպ, վերջին երկուսը տվյալները ամփոփել են ըստ ամիսների:

ԻԱԿ կայքի տեղեկացմամբ. «Մյուս բոլոր մարմինները օրենքի պահանջը չեն կատաել. կայքերում տեղեկություն ստանալու հարցումների վերաբերյալ վիճակագրություն կամ առկա չէ, կամ տեղադրված տվյալները թարմացված չեն։

Վերջին մեկ տարում տեղեկություն ստանալու հարցումների վիճակագրության բաժինները չէին թարմացվել վարչապետի աշխատակազմի, արդարադատության, արտաքին գործերի, էկոնոմիկայի նախարարությունների եւ Ազգային անվտանգության ծառայության կայքերում»: Երեկ լրացուցիչ դիտում էի նախարարությունների կայքերը, մասնավորապես այս լուսանկարը արեցի երեկ: Ստացվում է, ԻԱԿ դիտարկումներից հետո էլ ամեն բան նույնն է, չթարմացվող ինֆորմացիաներով:

Որոշ գերատեսչություններ (աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, Պետական եկամուտների կոմիտեն, Քաղաքաշինության կոմիտեն, Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը) թեեւ ամփոփել են ստացված դիմումների, բողոքների, առաջարկությունների, այլ գրությունների քանակական տվյալները, սակայն հրապարակված փաստաթղթերում առանձնացված չէ տեղեկություն ստանալու հարցումների թիվը:

Արտակարգ իրավիճակների նախարարության եւ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի կայքերում եւս վիճակագրության հատուկ բաժիններ կան, սակայն տեղեկություն ստանալու հարցումների վերաբերյալ թարմ տվյալներ առկա չեն:

ԻԱԿ-ի դիտարկումներից դուրս էին մնացել ներքին գործերի նախարարությունը եւ Պետական պահպանության ծառայությունը, քանի որ այս մարմինները դեռեւս պաշտոնական կայքեր չունեն։

ԻԱԿ հետեւությունը հետեւյալն է. «Տեղեկություն ստանալու հարցումների տարեկան վիճակագրության հրապարակման պահանջը ՀՀ նախարարությունների, կառավարությանը եւ վարչապետին ենթակա մարմինների կողմից պատշաճ կերպով չի կատարվում: Հարկ է նշել, որ դիտարկումները վերաբերում են հարցի բացառապես տեխնիկական մասին. հրապարակվա՞ծ են, արդյոք, թարմ տվյալները, թե՞ ոչ։ Առանձին ուսումնասիրության կարիք ունի նաեւ հրապարակված վիճակագրության որակական կողմը, որը կարող է վեր հանել նաեւ տվյալների հավաքման եւ վիճակագրության վարման մեթոդաբանությանը, ինչպես նաեւ առանձին կառույցների վիճակագրությունների համադրելիությանն առնչվող խնդիրները»։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31